Լրահոս
Օրվա լրահոսը

Յամաոկա Յուկոն հիացած է հայկական պոտենցիալով

Նոյեմբեր 29,2003 00:00

Յամաոկա Յուկոն հիացած է հայկական պոտենցիալով Առաջին անգամ Հայաստան է ժամանել ճապոնացի աշխարհահռչակ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Յամաոկա Յուկոն։ Նա եւս Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է։ – Առաջին անգամ եք ոտք դնում Հայաստան, ձեր տպավորությունները։ – Մինչ Հայաստան այցելելն արդեն հուզված էի։ Դա բնական էր, որովհետեւ, բացի աշխարհահռչակ հայ երաժիշտների մասին տեղեկություններից, ձեր երկրի մասին ոչինչ չգիտեի։ Առաջինը Հայաստանի կլիման ինձ զարմացրեց։ Այն նման է ճապոնականին։ Հաջորդը ձեր ազգի շռայլ հյուրասիրությունն է, որի մասին ես չէ, որ պետք է արտահայտվեմ՝ ամբողջ աշխարհն է այդպես կարծում։ – Աշխարհահռչակ հայ երգչուհի Գոհար Գասպարյանի՝ 1951 եւ 1965թթ. Ճապոնիայում կոմիտասյան մշակումների կատարումներից հետո ճապոնացի երաժշտագետները զուգահեռ են անցկացրել հայկական եւ ճապոնական ժողովրդական երգերի միջեւ։ Ինչպիսի՞ն է ձեր տեսակետը։ – Զարմանալի ոչինչ չկա։ Ո՞վ գիտե, գուցե շատ դարեր առաջ մեր ժողովուրդների մշակույթները մոտ են եղել եւ կրել միմյանց ազդեցությունը։ Կարծում եմ, մեծ դեր ունի նաեւ բնության գործոնը։ Օրինակ, թեկուզ հենց այն, որ դուք ունեք աշխարհով մեկ հայտնի Արարատ, իսկ մենք՝ Ֆուձիյամա։ Այս լեռները նման ե՛ւ բարձրությամբ, ե՛ւ տեսքով։ Իմ ուշադրությունը գրավեց նաեւ երեւանյան աշունը։ Այն նման է ճապոնականին։ Իսկ ձեր բնությունը կատարյալ երաժշտություն է։ Կարծում եմ, հայ եւ ճապոնացի երաժշտագետները պիտի ավելի սերտորեն շփվեն միմյանց հետ։ Ցնցված եմ նաեւ հայկական աղցաններով։ Դրանք իրենց տեսքով ու համով եւս հիշեցնում են ճապոնական աղցանները։ – Ինչպե՞ս եք գնահատում Խաչատրյանի անվան մրցույթի կազմակերպումը։ – Երեւում է՝ Ա. Խաչատրյանի անվան մրցույթից առաջ նախօրոք մեծ աշխատանք է տարվել։ Հատկապես հիացած եմ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջեւի սրտացավ վերաբերմունքով՝ մրցույթի հետ կապված բոլոր հարցերի առումով։ Մասնակից դաշնակահարներն էլ բարձր մակարդակ ունեն։ Գիտեմ, որ նման մրցույթներում հաղթում են նաեւ ամուր նյարդեր ունեցող երաժիշտները։ Հայ դաշնակահարների մեջ նկատել եմ արվեստագետին անհրաժեշտ երեք հատկանիշ՝ երաժիշտ, արտիստ, դաշնակահար։ – Կդասավանդեի՞ք Երեւանի կոնսերվատորիայում։ – Մեծ սիրով կանցկացնեի վարպետության դասընթացներ, քանի որ հայերդ հրաշալի պոտենցիալ ունեք։ Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել