Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Նոյեմբեր 29,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Ընդդիմություն. երկրորդ, երրորդ փուլ Տասնամյա համակ լռությունից հետո, 1998-ին Կարեն Դեմիրճյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական կյանքում, այն էլ՝ ընդդիմադիր ճամբարում, այն էլ՝ որպես նախագահի թեկնածու, միանգամայն նոր որակ հաղորդեց ողջ շարժմանը։ Նրան ընդունելու համաժողովրդական հուժկու խանդավառությունը նշանն էր այն բանի, որ գործ ունենք ոչ թե հերթական առաջնորդի, որ ուզում է իշխանափոխություն կատարել, այլ մարդու, որով հնարավոր էր հեղափոխություն իրագործել։ Այդ պատճառով էլ երկրորդ փուլը, որ կապվեց Կ. Դեմիրճյանի անվան հետ, մենք կոչում ենք ժողովրդական ընդդիմություն։ Այն ժողովրդական էր նաեւ այն պատճառով, որ Դեմիրճյանը քաղաքական որեւէ կուսակցություն չէր ներկայացնում՝ թիկունքում ունենալով միայն ժողովրդի աջակցությունը։ Բայց ճակատագրի դաժան հեգնանքով Դեմիրճյանն անկախության տարիների թերեւս միակ առաջնորդն էր, որ բնավ տրամադրված չէր հեղափոխություն անելու։ Ուղղակի նա այդպիսին էր նաեւ 88-ին, երբ ազգային պայքարը ուր-որ է վերածվելու էր հեղափոխության։ Հավանաբար, անձին ներհատուկ այս հատկանիշը՝ հակահեղափոխական բնույթը, գալիս էր այն հանգամանքից, որ անհնար, եթե չասենք՝ բարոյական չէ հեղափոխություն կատարել մի երկրում, որտեղ երկար տարիներ ղեկավարել ես։ Ըստ էության, հեղափոխությունը չմտածելու լավագույն եղանակներից մեկն է, իսկ լռության տասը տարիներին, նա քիչ ժամանակ չէր ունեցել մտածելու այդ մասին։ Ի դեմս Կարեն Դեմիրճյանի, ընդդիմությունը նոր երանգ ձեռք բերեց նաեւ այն առումով, որ ի տարբերություն առաջին փուլի առաջնորդների՝ իշխանությունների «գանգամաշկը հանելու», կախելու եւ գնդակահարելու կարգախոսներով չէր առաջնորդվում, այսինքն՝ հակառակորդ կողմին վերապրելու շանս էր թողնում։ Վարքի այդպիսի ընդգծված անհիշաչարությունն ավելի շուտ գալիս էր վստահությունից, որ նա լիովին վայելում էր, եւ ինքնավստահությունից, որով պարտական էր կառավարման հսկայական փորձին։ Որպես նախագահի թեկնածու հանդես եկած ավագ Դեմիրճյանը ցրեց քաղաքական կյանքում լայն տարածում գտած մի այլ՝ միասնական թեկնածու լինելու անպայմանության առասպելը, որ ծնվեց դեռեւս 96-ին, երբ այդպիսին հռչակվեց Վազգեն Մանուկյանը։ Ի դեպ, մինչեւ հիմա էլ քաղաքական վերլուծություններում տիրապետում է այն կարծիքը, որ 96-ին Մանուկյանը հաղթեց ոչ թե որպես միասնական թեկնածու, այլ որպես ընդդեմ Լ. Տեր-Պետրոսյանի, սակայն մեր դիտարկումներով չի արվել հաջորդ հարցադրումը՝ կհաղթե՞ր միասնական թեկնածուն, եթե նա լիներ, ասենք, Պարույր Հայրիկյանը կամ Հրանտ Խաչատրյանը, կամ էլ դաշնակցության թեկնածուն։ Միանշանակ՝ ոչ։ Որովհետեւ, որքան էլ թվացյալ խարիզմատիկ, Պարույր Հայրիկյանը շարժման ծնունդ չէր, որքան էլ շարժման ծնունդ, Հրանտ Խաչատրյանը խարիզմատիկ չէր, իսկ դաշնակցությունը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա չունի ոչ խարիզմատիկ առաջնորդ, ոչ էլ որեւէ բանով առնչվում էր անկախության շարժմանը։ Հնգամյա հեռավորությունից գնահատելով ավագ Դեմիրճյանի քաղաքական դերակատարությունը, անկարելի է անտեսել մի այլ կարեւորագույն պարագա. որքան էլ 96-ի ընտրությունները շանս էին ամրապնդելու Հայաստանի փխրուն ժողովրդավարությունը, 98-ը այդ իմաստով իսկապես եզակի էր, սակայն հայ քաղաքական անխտիր բոլոր ուժերը խայտառակեցին իրենց՝ Դեմիրճյանին մեն-մենակ թողնելով այդ բացառիկ առաքելությունը իրագործելու ճանապարհին։ Եվ եթե 96-ին խայտառակության խարանը կրեց միայն Երրորդ հանրապետության հիմնադիր ՀՀՇ-ն, որից մինչեւ հիմա ուշքի չի գալիս, 98-ից սկսվեց բոլոր կուսակցությունների գահավիժումը։ Ընդդիմության երրորդ փուլը, որ ձեւավորվեց վերջնականապես 2003-ի նախագահական ընտրություններին, որակական շատ հատկանիշներով կրկնեց նախորդին։ Սակայն ի տարբերություն նրա, այստեղ միավորվեցին բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընդդեմ Լ. Տեր-Պետրոսյանի, 96-ին սատարում էին Վազգեն Մանուկյանին (բացառությամբ ԱԻՄ-ի եւ ՀՅԴ-ի) եւ ժողովրդական զանգվածների վիթխարիությամբ ոչնչով չէր զիջում 98-ին կատարվածին։ Չմանրամասնելով առանձին դրվագներ, այս ընթացքում խոսակցությունների հիմնական թեման դարձավ՝ մեր ընդդիմությունը թո՞ւյլ է, թե՞ ուժեղ։ Վրացական ընդդիմության հաղթանակն ավելի ամրապնդեց այն կարծիքը, թե մերը անվճռական էր, հիմնական մեղքը բարդելով կրտսեր Դեմիրճյանի ուսերին։ Պետք է ասել, որ ընդդիմության թույլ կամ ուժեղ լինելը ապրիորի որոշման խնդիր չէ։ Այն փաստերի խնդիր է եւ ոչ թե կարծիքների։ Ո՞վ է կասկածում 96-ի ընդդիմության ուժեղ լինելուն, կամ 98-ի Կարեն Դեմիրճյանին։ Իսկ փաստերը դաժան են. քանի դեռ հնարավոր չէ իշխանություն փոխել ընտրությունների ճանապարհով, հնարավոր չէ ունենալ ուժեղ ընդդիմություն, որ պատրաստ է պայքարել։ Իսկապես կմնա հարցը՝ լավ, պայքարել, բայց մինչեւ երբ։ Հակառակ դեպքում գործ կունենանք ոչ թե ընդդիմության հետ, որ ուզում է իշխանություն փոխել, այլ կստեղծվի հեղափոխական իրավիճակ՝ ընդդիմությունը վերածելով հեղափոխական ուժի, որ ցանկալի չէ բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար։ Իզուր չէ, որ Վրաստանի իրադարձությունը կոչվեց «թավշյա հեղափոխություն»։ Պետք չէ մոռանալ մի այլ բան. լրատվական հարահոսի մեջ չկարեւորվեց ՌԴ նախագահ Պուտինի մի արտահայտություն. «Շեւարդնաձեն բռնապետ չէր»։ Համեմատությունը, այս դեպքում, մեր օգտին չէ։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել