Լրահոս
Օրվա լրահոսը

Անէացնե՛լ Հայրիկյանին

Նոյեմբեր 29,2003 00:00

Անէացնե՛լ Հայրիկյանին Ըստ ԱԻՄ նախագահի, սա է ՀՀ նախագահի նպատակը՝ դեռ էն գլխից Երեկ նախագահի նստավայրի առաջ ԱԻՄ-ականները նորից ցուցադրեցին իրենց «Մեզ ԿԳԲ-ի ագենտ վարչապետ պետք չէ», «Ձեռքերդ հեռո՛ւ ԱԻՄ-ից», «Բացել ԿԳԲ-ի արխիվները», «Ռո՛բ, կոմունիստ էլ մնացիր» պաստառները: Այս անգամ ԱԻՄ-ականներն իրենց հավաքը «ընտանեկան» համարեցին, որովհետեւ, ըստ ԱԻՄ գլխավոր քարտուղար Հակոբ Յումուշադյանի, իրենց նպատակն էր լոկ մի փոքր խմբով ԱԻՄ առաջնորդի բաց նամակը հանձնել Ռոբերտ Քոչարյանին: Նամակում Պարույր Հայրիկյանը «դու»-ով է դիմում ՀՀ նախագահին: «Առավոտի» այս ակնարկին ի պատասխան՝ Հ. Յումուշադյանը քամահրանքով կրկնեց. «Հանրապետության նախագահ»: Հետո ավելացրեց. «Այդ դուք ասացիք՝ հանրապետության նախագահ: Դուք հարցրեք միջազգային դիտորդներին, հարցրեք հայաստանյան քաղաքական ուժերին եւ դուք ձեր հարցի պատասխանը կստանաք: Հայաստանի նախագահ: Մենք չենք համարում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրված նախագահ է…»: Բայց նախագահի ընտրված-չընտրված լինելը ներքին կուլտուրայի հետ ի՞նչ կապ ունի: «Հայրիկյանը իրավունք ունի «դու»-ով դիմելու»,- պատասխանեց գլխավոր քարտուղարը: ՀՀ նախագահին հղված բաց նամակում Հայրիկյանը մասնավորապես նշում է. «Մինչեւ 1988 թ. ես քո մասին ոչինչ չգիտեի: Դու տեղյա՞կ էիր իմ եւ իմ ընկերների՝ հանուն ազգային (այդ թվում նաեւ՝ Արցախի) խնդիրների լուծման մեր պայքարի մասին, չգիտեմ:8230Քառասունից ավելի ընկերներ ու զինակիցներ կորցրի ազատագրյալ տարածքներում՝ բնակավայրեր ստեղծելու անհրաժեշտությունն ու դրա հնարավոր լինելն ապացուցելու համար: Այդ տարածքները բնակեցնելու նախաձեռնության համար դու պետական պարգեւի արժանացրիր ինձնից 2 տարի հետո այդ կողմերի վարչակազմի պետ նշանակված մարդու: Կարծում էի, թե պատահականություն էր, բայց հիմա պարզից էլ պարզ է, որ դու դեռ այն ժամանակներից հանձնարարություն էիր իրականացնում՝ անէացնել Հայրիկյանին»: Ընտանեկան հավաքի մյուս նպատակը ԱՄՆ դեսպանին նամակով դիմելն էր՝ նախ շնորհակալություն հայտնելու ԱՄՆ-ի՝ ժողովրդավարության իմաստով Հայաստանում կատարած ներդրումների համար եւ հայտնելու, որ Հայաստանը լքելը ԱԻՄ-ի ոճը չէ: Պրն Յումուշադյանը հիշեց դրա մասին՝ նկատի ունենալով 20 օր առաջ ԱԻՄ Շիրակի մարզային գրասենյակի փակման կապակցությամբ Շիրակի ԱԻՄ-ականների պոռթկումը, երբ վերջիններս ԱՄՆ-ից քաղաքական ապաստան էին խնդրում: ԱԻՄ Շիրակի մարզային կառույցի նախագահ Ջուլիետա Ավետիսյանը ավելացրեց, որ նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի խրտվիլակն այրելուց հետո տեղական իշխանություններն սկսել են հալածանքներն իրենց նկատմամբ եւ վտարել են իրենց մարզային գրասենյակից: Փակվել են նաեւ ԱԻՄ-ի՝ Լոռու, Արարատի, Կոտայքի, Վանաձորի մարզային գրասենյակները: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել