ԹԵՐԲԵՌՆՎԱԾ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՐԱԿ Ուսուցչի մասին այս կարծիքին են 2004թ. բյուջեն կազմողները «Չնայած վերջին տարիներին կառավարության կողմից կրթության ոլորտի վիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ, կրթության համակարգի արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց»,- խոստովանում է ՀՀ կառավարությունը՝ իր կազմած բյուջեի՝ «Կրթություն» հատվածում: 2004 թվականի բյուջեում կրթության եւ գիտության ոլորտի ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 42,5 միլիարդ դրամ: Ընդ որում՝ կրթության ոլորտի պետական ծախսերի ավելացումները գրեթե ամբողջությամբ ուղղվելու են հանրակրթության ոլորտ. 2003 թ. նկատմամբ այս ոլորտի ծախսերը կաճեն 30.8 տոկոսով եւ կկազմեն մոտ 30 միլիարդ դրամ, կամ՝ կրթության ընդհանուր պետական ծախսերի 76.3 տոկոսը: Սակայն այս թվերը բնավ էլ հույս չեն ներշնչում, թե այս ավելացումներից հանրակրթության որակը եկող տարի կբարձրանա: Կառավարությունը հանրակրթական համակարգի ցածր մակարդակը կապում է միայն ու միայն ուսուցիչների եւ դպրոցների մեծ քանակի հետ, որի հետեւանքով, գործադիրի կարծիքով, տեղի է ունենում հատկացվող պետական ֆինանսական միջոցների պարտադրված տարաբաշխում եւ անարդյունավետ օգտագործում: Ըստ բյուջեն կազմողների, դասարանների թերխտության, ուսուցիչների ուսումնական ծանրաբեռնվածության եւ նրանց վարձատրության ցածր մակարդակի արդյունքում ընկնում է ուսուցիչների մասնագիտական որակը եւ ուսուցչի մասնագիտության վարկանիշը: Ստացվում է՝ որքան շատ են աշակերտները, այնքան բարձր է ուսուցչի եւ ուսուցման որակը: Ուսուցչի մասնագիտական որակի մասին խոսելիս ճիշտ կլիներ շեշտը դնել թեկուզ նրանց վերապատրաստման վրա: Որովհետեւ տարեկան նրանց միայն 4-5 տոկոսն է վերապատրաստում անցնում, իսկ դա շատ հեռու է վերապատրաստման 5-ամյա պարբերաշրջանն ապահովելուց: Ուսուցչի մասնագիտական որակի մասին խոսելիս հարկ է մատնանշել նաեւ հենց բյուջեում տեղ գտած մի նկատառում՝ մասնագիտական կրթության մասին. «Համակարգի (մասնագիտական կրթության-Հ. Բ.) արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց»: Հանրակրթական համակարգում առկա չէ նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխանող ուսուցման եւ գիտելիքների որակի գնահատման համակարգ: Այդ ակնառու թերությունները (ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության եւ գնահատման համակարգի ոչ բավարար մակարդակ) շտկելու համար բյուջեում կոնկրետ քայլեր չեն առաջարկվում: Բյուջեում վարկերի մասին նշվում է. «2004 թ. Համաշխարհային Բանկի կողմից տրամադրվող վարկերի հաշվին կշարունակվի «Կրթության որակի եւ համապատասխանության ծրագիրը», որի շրջանակներում կմշակվեն եւ գործածության մեջ կդրվեն բոլոր ուսումնական առարկաների ծրագրերը, չափորոշիչները՝ ապահովելով կադրերի վերապատրաստումը եւ մասնագիտական կատարելագործումը»: Սակայն ԿԳ նախարար Սերգո Երիցյանը վերջերս նշեց, որ ՀԲ-ի այս ծրագրով խոսք կարող է լինել միայն ուսուցիչների վերաորակավորման մասին, եւ ոչ՝ վերապատրաստման: Բացի վերոնշյալ ծրագրից, 2004-ին կիրականացվեն աշխատանքներ նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ վարկային ծրագրի շրջանակներում՝ 887,0 մլն դրամի չափով: Այս ծրագրով էլ նախատեսվում է իրականացնել մի շարք համայնքների դպրոցների շենքերի վերանորոգման եւ սեփական կաթսայատների կառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ դպրոցներն ապահովել աշակերտական սեղան-աթոռներով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ