Շինարարներին «խաբել» են «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվող Գյումրիի Ղանդիլյան 3ա շենքի շինարարները հերթական անգամ գործադուլ էին հայտարարել: Նրանց դժգոհությամբ, վերջին երեք ամիսներին «ոչ մի կոպեկ» չեն ստացել, իսկ մինչ այդ՝ հուլիսին ու օգոստոսին, վճարումները կատարվել են մասնակիորեն: Շինարարների մոտավոր հաշվարկներով, շինարարությունն իրականացնող կազմակերպությունը՝ «Ռոսստրոյ» ՓԲԸ-ն իրենց (թվով 50-60 աշխատողներ) մոտ 8-9 մլն դրամի աշխատավարձ է պարտք: Ի դեպ, նույն պրոբլեմն առկա է «Ռոսստրոյ» ՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող մեկ այլ շենքում՝ Տերյան 1-ում: Շինարարների ներկայացմամբ, հիշյալ շենքերն արդեն ավարտման փուլում են. մնացել են ներքին հարդարման, սանտեխնիկայի տեղադրման աշխատանքները, սակայն շինկազմակերպության ղեկավար, երեւանաբնակ Սերգեյ Հարությունյանը (որն, ըստ որոշ լուրերի, ռուսաստանյան գործարար Արա Աբրահամյանի բարեկամն է) «համառորեն շարունակում է իրենց խաբել»: Ավելին՝ նա «փախուստի» մեջ է, շինարարները չեն հիշում, թե վերջին անգամ նրան Գյումրիում երբ են տեսել: Աշխատավարձերի ձգձգման պատճառով մի քանի անգամ գործադուլները կրկնվել են, սակայն ղեկավարը միշտ կարողացել է «սուտ խոստումներով» նրանց համոզել: Դժգոհողները բազմիցս «Լինսի» գրասենյակի Գյումրու մասնաճյուղ են դիմել: Երեկ նրանք դարձյալ բողոքի ակցիա էին կազմակերպել հիշյալ գրասենյակում եւ սպառնում էին չվճարելու դեպքում չավարտել կիսավարտ գործերը: Չնայած լավ են գիտակցում, որ դա ազդելու է 40 ընտանիքի վրա (հիշյալ շենքը 5 հարկանի է, ունի 40 բնակարան): Այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ խնդրեցինք «Լինսի» ԾԻԳ բնակարանաշինության գլխավոր մասնագետ Ալբերտ Գարեգինյանից: Նրա հավաստմամբ, իրենք փոխանցումները նորմալ կատարել են, կազմակերպություններից ոչ մեկին մեկ դրամի պարտք անգամ չունեն: Մնացածը իրենց խնդիրը չէ, քանի որ մրցույթը շահող շինկազմակերպության հետ կնքած պայմանագրի համաձայն, «Լինսին» իրավունք չունի վերջիններիս տնտեսական գործերին միջամտել: Պարզվում է, աշխատավարձերի չվճարումը անորակ աշխատանքի հետեւանք չէ: «Եթե շինարարները որակ չապահովեին, մենք ինքնըստինքյան ֆինանսավորումը կդադարեցնեինք»,- վստահեցնում է Ա. Գարեգինյանը: Շինարարների վստահեցմամբ էլ իրենք կատարողական ակտը կյանքի գնով հասցրել են, գիշեր-ցերեկ աշխատել են, իսկ արդյունքում՝ մոտակա խանութներում իրենց պարտքերը «միլիոնների» է հասնում: Ինչպես պարզվեց, նրանցից շատերը տան միակ աշխատողն են, ապրում են ժամանակավոր կացարաններում՝ վառելափայտից ու օրվա հացից զուրկ, նույնիսկ տրանսպորտի փող չունեն, երբեմն ոտքով են գալիս, երբեմն էլ, հատկապես գյուղաբնակները (5-6 հոգի), ավտոբուսից «վերասիա» («նիսյա») են օգտվում: «Թող տղամարդավարի կանգնի ու հարցը պարզաբանի, չի հասկանու՞մ, որ փախուստով չի պրծնի»,- ասում են շինարարները: ԼԵՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՀ. Գ. Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ շինկազմակերպությունը մրցույթի մասնակցելիս անհեռատեսորեն շինանյութերի ու աշխատուժի թանկացումը նախապես հաշվի չի առել: Իսկ բանվորները Ս. Հարությունյանին մեղադրում են «փողերը յուրացնելու մեջ»։ Շինկազմակերպության ղեկավարի հետ մեզ ոչ մի կերպ չհաջողվեց հաղորդակցվել: Թեեւ հուսով ենք, որ նա «Առավոտում» հանդես կգա համապատասխան մեկնաբանությամբ: