«ԵՍ ՉԵՄ ՀԱՍՏԱՏԻ ԱՅԴ ՍԱԿԱԳՆԵՐԸ» Խոստանում է նախարար Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի կառավարությունը վճռական է «ԱրմենՏելին» բջջային կապի եւ ինտերնետի մենաշնորհից զրկելու հարցում: Այդ մասին հայտարարեց երեկ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ Մամուլի ազգային ակումբում. «Կառավարությունում տարաձայնություններ հիմա չկան «ԱրմենՏելին» պատժելու հարցում եւ արդեն թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը մեզ մոտ մշակվելուց հետո ուղարկվել է կառավարություն, որտեղ պարզ նշված է, որ «ԱրմենՏելը» զրկվում է բջջային եւ ինտերնետային կապի մենաշնորհից»: Կառավարությունը մտադիր չէ նաեւ թույլատրել «ԱրմենՏելին» նոր սակագների անցնել (1 րոպեի համար 4 դրամը դարձնել 8), քանի որ, բացի ամեն ինչից, «ԱրմենՏելը» բարոյական իրավունք չունի դա անել. կապի որակը մեզ մոտ աննախանձելի վիճակում է, խոստացված ներդրումներն ու զարգացումները ուշանում են: Պրն Մանուկյանը երեկ հաստատեց, որ «ԱրմենՏելը» չունի նաեւ նոր սակագների անցնելու իրավական հիմքեր: Երկու տարի առաջ «ԱրմենՏելի» ներդրած րոպեավճարը նախարարը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դուք անընդհատ էդ փաստի առաջ եք ինձ կանգնեցնում: Ճիշտ է, ես հայտարարել եմ, որ րոպեավճար չի լինի, այն նկատառումով, որ արդարադատության նախարարն ասում էր՝ կան բոլոր հիմքերն «ԱրմենՏելին» թույլ չտալու կիրառել րոպեավճար: Բայց մի մոռացեք, որ մեր ջանքերի արդյունքում ստացվել է մեկ րոպեի դիմաց 4 դրամ եւ 360 րոպե ավճար խոսակցություն: Իսկ 360 րոպեն լրիվ բավարար է, որպեսզի մարդիկ ընդհանրապես րոպեավճարի մասին չխոսեն եւ կարիք չլինի»: Լրագրողներն ահազանգեցին, որ «Հայփոստում» բնակիչներից չեն ընդունում կանխավճար, որով բնակիչը կազատվեր րոպեավճարից: Բայց նախարարը երեկ հայտնեց, որ հրահանգել է իր, եւ ոչ թե «ԱրմենՏելի» ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ընկերությանը՝ հաշվի չառնել «ԱրմենՏելի» պահանջը: Իսկ «եթե «ԱրմենՏելը» փորձի շարունակել այս շանտաժային գործընթացը, ապա ինձ թվում է մենք կանենք մեր քայլերը»՝ խոստացավ նա: Այն դեպքում, եթե այս հարցը տեղափոխվի դատական փուլ, պարոն Մանուկյանը չի կասկածում, որ ելքը դրական կլինի. «Համաձայնագրում նշված է, որ բոլոր հարցերը լուծվում են ՀՀ օրենսդրության համաձայն, այսինքն մենք ՀՀ դատարաններում կվիճարկենք այդ հարցը: Իսկ մեր դատավորներն օգտվում են կապից, եւ տեսնում են ցածր որակը, ինձ թվում է Հայաստանի դատավորներն այնքան ողջամիտ կլինեն, որ կպաշտպանեն ոչ թե «ԱրմենՏելի», այլ ժողովրդի շահը»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատառմանը, թե դատավորը պետք է պաշտպանի օրենքի շահը, պարոն Մանուկյանը պատասխանեց, որ իրենք հենց օրենքի տառից էլ ելնելու են. «Թիվ 60 լիցենզիայում պարզ գրված է՝ սակագները գործում են մեկ տարվա ընթացքում եւ յուրաքանչյուր տարի «ԱրեմնՏելը» պետք է ներկայացնի սակագների հաստատում, եւ ես խոստանում եմ, երբ «ԱրմենՏելը» ներկայացնի, ես չեմ հաստատի այդ սակագները»: «ԱրմենՏելի» նախաձեռնությունները «իզի քարտի» մեծ չափաքանակ ներդնելու առումով, նախարարը բացատրում է նրանով, որ «ԱրմենՏելը» պատրաստվում է դիմել Միաջազգային արբիտրաժ, եւ սկսել է բջջային կապի շուկան փակելու գործընթացը, քանի որ այն գումարներով, որոնք իբր նա ներդրել է ՀՀ-ում, պիտի ունենար բջջային կապի առնվազն 170 հազար բաժանորդ, այնինչ ունի ընդամենը 75 հազար: Եվ հիմա ստիպված է լրացնել այդ բացը՝ ինչքան հնարավոր է արագ տեմպերով: Սակայն որակը մնում է չափազանց վատը. եթե միջազգային նորմերով 100 զանգից հասանելի պիտի լինի 95-ը, ապա վերջին երկու ամիսներին մեզ մոտ հասանելի է հարյուր զանգից 50-ը, իսկ դրանից առաջ ընդամենը՝ 24-ը: «ԱրմենՏելի» հետ ունեցած այսքան տարաձայնությունների պարագայում էլ Անդրանիկ Մանուկյանը պատրաստ է բանակցել OTE-ի հետ. «Նրանք իմ թշնամիները չեն, որ չբանակցեմ, բայց փոխզիջումների չեմ պատրաստվում գնալ»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ