Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ՝ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ»

Նոյեմբեր 29,2003 00:00

«ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ՝ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ» Այսպես գնահատեց Վրաստանի իշխանափոխությունը Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որի խոսքը վերջին մեխն էր՝ խփված հայ անճար ընդդիմության դագաղին. «Արքայական ուրույն գամբիտով վրացիներն ապացուցեցին, որ ոչ միայն արժանի են հաղթանակի, այլեւ կարող են ներքեւից բնականոն քաղաքական սերնդափոխություն իրականացնել՝ եթե դա է հրամայաբար պահանջում ազգի կենսաբանական անվտանգությունը: Ստալինի խոսքերով ասած՝ վրացիները վերջապես «կոտրեցին լռության սառույցը», եւ այդպիսով դարձան կովկասյան հանրապետությունների յուրահատուկ քաղաքական սառցահատը՝ ժողովրդավարության զարգացման արդի էտապում որպես ազգային արժանապատվության էտալոնային նմուշ: Ի տարբերություն հայկական ընդդիմության «պոպուգայչիկների», որոնք տակտիկական զինանոցի սնանկության, անմիաբանության պատճառով որպես ընծահավ մատուցվեցին նախագահի խունտայական ընտրազոհասեղանին՝ վրացական ընդդիմությունը ցուցաբերեց ոչ միայն ժողովրդի հետ շաղկապված քաղաքական արտակարգ միասնություն, գաղափարական միաբանություն, այլեւ համառություն, տոկունություն, մինչեւ վերջ գնալու կամք ու կարողություն, քաղաքական խիզախություն: Բուրջանաձե-Ժվանիա-Սահակաշվիլի տրիումվիրատը գործում էր ներդաշնակ, եւ ոչ թե մեր Արտաշի նման՝ իբր «ցիրկի մոտ կանգնած ղարաբաղյան գնդից» խրտնած՝ հիվանդանում սեպարատիզմի ախտով, թաքցնելով սեփական քաղաքական էգոիզմը եւ խռովյալ հոգին: Թավշյա հեղափոխության մասին. մենք՝ մարքսիստներս, դա հեղափոխություն չենք համարում, քանի որ դրա համար հարկավոր է սկզբունքորեն նոր պետական մեքենայի ձեւավորում՝ նոր տնտեսական բազիսով եւ գաղափարական վերնաշենքով: Իսկ այստեղ լիբերալներին փոխարինեցին նոր՝ երիտասարդ լիբերալները: Պատմամատենագիր Լեոյի վերլուծական մարգարեությամբ ասած՝ այո՛, «հայը հերոս է օտարի դրոշի տակ», եթե նկատի ունենանք այդ տրիումվիրատի հայկական արմատները: Իսկ մեր ընդդիմադիր այրերին խորհուրդ կտայի հիշել Բոնապարտին՝ «մեծից, ամենավսեմից ու ամենափառահեղից մինչեւ ամենաստորինը ու նողկալին մի սխալ քայլ է միայն»: Մեր ընդդիմությունը կրկնեց գեներալ Գրուշի ճակատագրական սխալը Վաթերլոոում, որի համար պատմությունը եւ սերունդները նրանց չեն ների, քանզի ազգի կամքն ամենաբարձրյալն է, իսկ ազգային պատմությունը՝ երկրորդ Աստվածաշունչը երկրի վրա: Ուստի պատմական օրենքներն ու օրինաչափություններն ավելի բարձր են, քանի Սահմանադրությունը եւ նրանից բխող օրենքները: Հետեւությունները թողնում եմ Ռոբին Հուդին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել