Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԿՀԱՐՍՏԱՆԱՆ 700 ԴՐԱՄՈՎ

Նոյեմբեր 28,2003 00:00

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԿՀԱՐՍՏԱՆԱՆ 700 ԴՐԱՄՈՎ Կառավարությունը որոշել է պատժել օր ծերության հասած բոլոր նախկին պորտաբույծներին, այսինքն՝ այն քաղաքացիներին, որոնք իրենց աշխատունակ տարիներն անցկացրել են անգործության մեջ. կենսաթոշակի հերթական բարձրացումը կատարում է ոչ թե ըստ բազային չափի, այլ ըստ աշխատած տարիների։ Երեկ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային նոր դրույքաչափ, յուրաքանչյուր աշխատած տարվա համար սահմանված 120 դրամը հունվարի 1-ից բարձրացնելով եւս 20 դրամով։ Բազային 3000 դրամ թոշակը կմնա անփոփոխ։ Սոցիալական ապահովության եւ կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանը համոզված է, որ «դրանով մենք խրախուսում ենք աշխատանքը եւ երբ զգալի տարբերություն կառաջանա աշխատած եւ չաշխատած քաղաքացիների թոշակների միջեւ, նոր կվերանայվի բազային կամ նվազագույն չափը»։ Այսպիսով, հունվարի 1-ից աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուները կստանան միջինը 8300-8400 դրամ թոշակ կամ մի ամբողջ 600-700 դրամ ավելի, քան ստանում էին։ «Այդ թիվը կապ չունի սակագնային սպասվող փոփոխությունների հետ, մենք ավելացումներն անում ենք՝ ելնելով մեր մուտքերից»,- ասաց Ֆ. Մուշեղյանը։ Բերված տվյալներով, 2001-2004թ.թ. բյուջեի մուտքերն աճել են 25,5 մլրդ դրամով։ Նույն թվերի համեմատությամբ, նախկին 548 հազարից 50 հազար թոշակառուներ դուրս են մնացել ցուցակներից, որպես «մեռած հոգիներ»։ 2004-ի բյուջեով նախատեսվում է ապահովել 256 մլրդ դրամ հարկային եկամուտ, որից 8 մլրդ՝ վարչարարական միջոցների օգնությամբ։ Երեկ կառավարությունը հաստատել է հարկային օրենքներում կատարված մի շարք լրացումներ եւ փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն կարող են ունենալ նախատեսված եկամուտների ապահովման եւ հարկատուների կարգապահությունը բարձրացնելու վրա։ Օրինակ, շարունակ վնասով աշխատող (իբրեւ թե) կազմակերպությունները կվճարեն հաստատագրված շահութահարկ, գազալցման կետերից գանձվող 1 մլն դրամ հաստատագրված վճարը կդառնա տարեկան 1,5 մլն, կկրճատվի «մաքսից» ազատված ներմուծվող ապրանքների ցանկը եւ այլն։ Օրենսդրական փոփոխությունների կիրառումից կապահովվի վերոհիշյալ 8 մլրդ-ից 3-ը, իսկ մնացած 5-ը կառավարությունը հույս ունի ապահովել ստվերային եկամուտների կրճատման հաշվին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել