Լրահոս
Օրվա լրահոսը

5 ՈՒՂԵԳԻՐԸ ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷՐ

Նոյեմբեր 28,2003 00:00

5 ՈՒՂԵԳԻՐԸ ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷՐ Կանադայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունն ամփոփում է Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը։ – Աշխարհի այս առաջնությունն, իմ կարծիքով, մտավ ծանրամարտի պատմության մեջ նրանով, որ տղամարդկանց պայքարում մեծահասակների ոչ մի ռեկորդ չգրանցվեց,- ասաց նա։- Առաջնությունը նաեւ կհիշվի անչափ ցածր ցուցանիշներով, բացառությամբ 62 եւ +105 կգ քաշային կարգերի, որտեղ հանդես էին գալիս մարզաձեւի լեգենդներ Մութլուն եւ Ռզազադեն։ Ինչ վերաբերում է մեր ծանրորդների արդյունքներին, օլիմպիական հինգ ուղեգրերը վատ չեմ համարում։ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց մրցակցությունում 202,5 կգ-ով գրավեց 20-րդ տեղը։ Դա օլիմպիական ուղեգիր չի տալիս։ Սակայն Հռիփսիմեն Վանկուվերում իր անձնական ռեկորդը գերազանցեց 20 կգ-ով։ Նրա անձի շուրջ Կանադայում այնքան մեծ էր հետաքրքրությունը, որ նույնիսկ ՎԱԴԱ-ն որոշեց դոպինգ անալիզ վերցնել։ Որպես կանոն, ստուգումը պարտադիր կատարվում է միայն մրցանակային եռյակի եւ տասնյակից մեկի պատահական ընտրությամբ։ Հռիփսիմեն բացառության կարգով կարող է Աթենք մեկնելու իրավունք ստանալ։ Համենայնդեպս, մեզ այդպես վստահեցրել են։ 62 կգ քաշային կարգում Արմեն Ղազարյանի գրաված 7-րդ տեղից գոհ ենք, բայց արդյունքները նրա հնարավորություններից ցածր են։ Արմենը ի վիճակի էր նույնիսկ մրցանակային տեղ գրավել, եթե կրկներ Հայաստանի ցուցանիշները։ Այս հարցում գործեց նաեւ քաշ գցելը։ Նման խնդիր կար նաեւ մյուսների պարագայում։ Իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ Ա. Ղազարյանը տեղափոխվի մեկ աստիճան բարձր քաշային կարգ։ 69 կգ-ում Արթուր Դանիելյանից միանշանակ դժգոհ ենք, որովհետեւ 130+170 կգ-ները (19-րդ տեղ) ամենեւին չեն համապատասխանում նրա ուժերին։ 77 կգ-ում հայտավորել էինք երկու հոգու։ Արսեն Մելիքյանի ձախողումը շատ ցավալի էր։ Բայց այս դեպքում էլ գործեց երկու հանգամանք։ Նա Վանկուվերում մոտ 7-8 կգ քաշ էր գցել։ Սա համարում եմ մարզչական սխալ ռազմավարություն։ Երկրորդ՝ դեր խաղաց նաեւ Արսենի երկու տարվա որակազրկումը։ Վանկուվերից առաջ Արսենը 162,5 կգ-ի հետ առնվազն 27-28 անգամ «խաղ էր անում», բայց Կանադայում տապալվեց։ Ինքը՝ մարզիկը, դա բացատրում էր նրանով, որ ծանրաձողը չէր զգում։ Ես նրան հավատում եմ։ Մարզիչների սխալն էր, Արսենը պետք է հանդես գար 85 կգ քաշային կարգում։ Գեւորգ Դավթյանին միայն գովեստի խոսքեր պետք է ասել։ Նա ոչ միայն վարկանիշային կարեւոր միավորներ բերեց թիմին, այլեւ նվաճեց արծաթե մեդալ։ 85 կգ-ում ավելի բարձր արդյունքներ էինք սպասում Տիգրան Քամալյանից։ Բայց նա նույնպես հանդես եկավ հնարավորություններից ցածր։ Տիգրանից էլ դժգոհ եմ։ Իսկ ահա Գեւորգ Ալեքսանյանի հետ մեծ հույսեր ենք կապում։ Սա նրա համար անսովոր քաշային կարգ էր։ Եթե նա մասնակցեր 77 կգ քաշային կարգում, մեդալի իրական հավակնորդ կլիներ։ Ծանր քաշային Ռաֆիկ Չախոյանի առջեւ խնդիր էր դրված զբաղեցնել 15-20-րդ տեղերը։ Դա թիմին էր պետք, բայց անակնկալ՝ նա 0 ստացավ։ Ընդամենը մեկ մոտեցում իրացրեց պոկում վարժությունում։ Ինչ վերաբերում է +105 կգ քաշային Աշոտ Դանիելյանին, նա պարզապես հերոսություն արեց՝ գերազանցելով ինքն իրեն, թեեւ գրանցված արդյունքները նույնպես այն չէին։ Աշոտն ուզում էր սկսել 200+245 կգ-ներից, սակայն հավաքականի շահերից ելնելով, մեկնարկային քաշ համարվեց 190-ը։ Առաջին մոտեցումն անհաջող եղավ, բայց որեւէ մեղադրանք Աշոտի հասցեին չի կարելի ասել, որովհետեւ մրցման պահին նա սրտի նոպա է ունեցել։ Նույնիսկ եղել է պահ, երբ առաջնությունը սպասարկող բժիշկները երկմտել են՝ թողնե՞լ շարունակել պայքարը, թե՞ ոչ։ Բայց Ա. Դանիելյանն իր մեջ ուժ է գտել եւ 190+240=430 ցուցանիշով գրավել է 7-րդ տեղը, փաստոերն հաղթելով ինքն իրեն ու հավաքականին ապահովելով թիմային 10-րդ տեղը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել