Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմատ»-ականները կակտիվանան

Նոյեմբեր 28,2003 00:00

«Արմատ»-ականները կակտիվանան Պարզ չէ, թե պետությունն ինչ է ուզում, ուր է գնում։ Ամեն ինչ խեղաթյուրված է եւ պետությունն էլ, ի դեմս պետական այրերի, այսպես ասած, տեր չի կանգնում իր ֆունկցիաներին։ Եթե փորձենք կարճ ներկայացնել, այսպիսի եզրահանգման եկան «Արմատ» հասարակական -քաղաքական կազմակերպության անդամները՝ երեկ կայացած տարեկան խորհրդաժողովում։ Խորհրդի նախագահ վերընտրված Բաբկեն Արարքցյանի առաջարկը՝ «Արմատ»-ականների տեսակետը, որն է՝ ինտեգրումը եվրոպական կառույցներին եւ ժողովրդավարության վերականգնումը առաջիկայում առավել ակտիվորեն ներկայացնել, ընդունվեց անվերապահորեն։ Ակտիվացումը կդրսեւորվի քննարկումների, սեմինարների, հրապարակային ելույթների միջոցով։ Հայաստանի ներքաղաքական քննարկումների կոնտեքստում «Արմատ» կենտրոնի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Երջանիկ Աբգարյանն իրենց ելույթներում նկատեցին, որ «ԼՂՀ հարցի շուրջ ծավալված հատկապես վերջին քննարկումները եւ հրապարակումները ցույց են տալիս, որ իշխանությունը հարցի կարգավորման հստակ ծրագիր չունի։ Ի՞նչ կերպ են պատրաստվում ԼՂՀ հարցը լուծել՝ պարզ չէ»։ Ըստ Վահագն Խաչատրյանի, «իշխանությունը պատրաստվում է ԼՂՀ հիմնախնդրի լուծումը փաթաթել ժողովրդի վզին՝ հանրաքվեի միջոցով»։ Պարոն Խաչատրյանի համոզմամբ, այս վարչախումբը իշխանության եկավ այդ հողի վրա, ուստի իրենք էլ պետք է պատասխանատվությունը կրեն։ Աշոտ Սարգսյանը գործող իշխանություններին համարում է «այսօրվա խնդիրներով ապրող» իշխանություն։ Եվ նրանց բոլոր «ջանքերը»՝ պետության դերը վերականգնելու, պարոն Սարգսյանն «իմիտացիա» է համարում ու իրականում դիտարկում որպես լծակների վերաբաշխում։ Խոսելով տնտեսական քաղաքականության մասին, տնտեսագետ Էդ. Աղաջանովը եզրակացրեց, որ Հայաստանի տնտեսությունը «դեգրադացիոն» փուլում է։ Ի ապացուցումն ասվածի, նա բերեց մի քանի թվեր։ Ասենք, արդյունաբերության ոլորտում, պարոն Աղաջանովի հավաստմամբ՝ «ընդամենը 2-3% քիմիականն է, իսկ ոսկունը եւ թանկարժեք քարերինը՝ 95%» եւ այլն։ Իբրեւ լրացուցիչ ապացույց նա վկայեց նաեւ շահութահարկի նվազող տենդենցը՝ «որը նույնիսկ 96թ. մակարդակին էլ չէ»։ Արծարծվեցին նաեւ կազմակերպական խնդիրներ, ի թիվս որոնց «Արմատ» շաբաթաթերթի խմբագիր հաստատվեց Արա Սահակյանը։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել