Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ՄԻԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 28,2003 00:00

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ՄԻԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այդպես է կարծում «Հայրենիք» ժողովրդավարական ճակատի քաղխորհրդի համակարգող Գառնիկ Մարգարյանը – Վերջերս մամուլում հայտնվեց Արագածոտնի քաղաքացիական կոմիտեի նամակը՝ ուղղված ակադեմիկոսներ Ռ. Ղազարյանին, Դ. Սեդրակյանին, Լ. Աղալովյանին, Վան Խաչատուրին եւ Կոնստանտին Ղարագեզյանին, որոնք, ինչպես հայտնի է, «Հայրենիք» ժողովրդական ճակատի ավագանու անդամներն են, որում որպես ազգային աղետ է ներկայացվում դպրոցների օպտիմիզացիան եւ պահանջվում է շտապ միջոցառումներ ձեռնարկել։ Քաղաքացիական կոմիտեները, որոնք ստեղծվում են ճակատի նախաձեռնությամբ, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ – Քաղաքացիական կոմիտեները ստեղծվեցին, քանի որ մեր ժողովրդից խլվեց իշխանություն ձեւավորելու իր իրավունքը։ Այն պետական ինստիտուտը, որ անվանում են հանրապետության նախագահ, ժողովրդի կողմից ստեղծված չէ եւ որեւէ առնչություն չունի ոչ նրա, ոչ նրա առաջ ծառացած խնդիրների հետ։ Տեսեք, ջրի պրոբլեմը առաջացավ՝ նախագահ չկա, դպրոցների պրոբլեմը՝ էլի չկա, հացի գներն են բարձրանում՝ չկա, իսկ եթե հանկարծ իրեն ժողովրդի կամքին հակառակ նախագահ հռչակած Քոչարյանը հայտնվում է, այդ հայտնվելու հետեւանքները հիրավի կատաստրոֆիկ են դառնում երկրի համար։ Կեղծվում են դատավճիռները, ընտրությունների արդյունքները, ծառահատվում է մայրաքաղաքի կենտրոնը, աճում են գները եւ այլն։ Այս իմաստով առաջացել է ժողովրդի կամքը իրականացնող իշխանության վակուում եւ այն պետք է լրացվի, որովհետեւ իշխանական ֆունկցիան ոչ ոք չի վերացրել։ Եվ եթե չկա ժողովուրդ ներկայացնող նախագահ կամ պառլամենտ, ապա այդ խնդիրները իր վրա պետք է վերցնի ինքնակազմակերպված ժողովուրդը, իրեն որպես քաղաքացի դրսեւորող մարդը։ Այսպիսի մարդկանց ամբողջությունն էլ հենց քաղաքացիական կոմիտեներն են։ – Լավ, նախագահ չկա, իսկ Ազգային ժողո՞վը։ – Ինչպես գիտեք, պառլամենտը ձեւավորելու իրավունքը նույնպես խլված է ժողովրդից, ճիշտ է՝ այս անգամ մասնակի։ Ոչ ոք չի կարող ասել, որ «Արդարություն» դաշինքը, «Միաբանությունը» եւ մի շարք կուսակցություններ ու պատգամավորներ ընտրված չեն։ Բայց կան նաեւ մի շարք կուսակցություններ, պատգամավորներ, որոնց ներկայությունը ԱԺ-ում խիստ հարցականի տակ է։ Այս իմաստով պարզ չէ, թե ում են ներկայացնում ԱԺ նախագահը, նրա տեղակալները, կոմիտեների նախագահները։ – Ումի՞ց են կազմված եւ ի՞նչ ֆունկցիաներ ունեն ստեղծվող քաղաքացիական կոմիտեները։ – Այն իշխանական ֆունկցիաները, որոնք չեն կատարվում ինքնահռչակ պաշտոնյաների կողմից, ժողովուրդը պետք է վերցնի իր ձեռքը։ Որպեսզի կասեցվեն սխալները եւ իրականացվեն ճիշտ գործողություններ, ժողովուրդը պետք է իրենից ուժ ներկայացնի։ Այդ ուժը ձեւավորվում է միայն քաղաքացիներից։ Վերջին տարիներին հայ մարդուց խլում են նաեւ քաղաքացի լինելու իր իրավունքը, ժողովրդին ուզում են դարձնել անլեզու բնակչություն։ Մենք հակառակն ենք անում՝ քաղաքացիական կոմիտեներում մարդը վերհիշում է իր քաղաքացի լինելը եւ վերահաստատում իր կամքը՝ երկրի գործերը տնօրինելու։ Քաղաքացիական կոմիտեներում կարող են լինել տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, բայց գործում են նրանք որպես քաղաքացիներ, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից։ – Ձեր ասելով ստացվում է, որ նախագահը դուրս է իրական օրինական գործընթացներից, ԱԺ-ն՝ մեծի մասամբ դուրս է։ Իսկ Հայաստանում կա՞ որեւէ կառույց, որը իրական է, օրինական։ – Այո, իհարկե։ Օրինակ, իրական եւ օրինական են կուսակցությունները։ Ճիշտ է, նրանցից շատերը կամ նրանց անդամակցող կուսակցական գործիչները նույնպես կատարում են անօրենություններ, մասնավորապես, անօրեն են տիրանում իշխանական լծակներին։ Բայց դա միայն ծանրացնում է նրանց պատասխանատվությունը ժողովրդի առաջ։ Նման դեպքերը բազմաթիվ են։ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների, խարդավանքների եւ անօրինությունների մասնակցելու շնորհիվ դարձել է տերը բազմաթիվ պետական պաշտոնների։ Բայց դա նշանակում է, որ նրանք պատասխան պետք է տան ոչ միայն այդ խախտումների, այլ նաեւ իրենց տնօրինած բնագավառում ցանկացած անմտության եւ անօրինականության համար։ «ՕԵ»-ն ու Սերգեյ Երիցյանն են պատասխան կրում Հայոց դպրոցը քանդելու համար։ Եթե դեմ են «օպտիմալացմանը», թող հանդես գան նախաձեռնությամբ, չի ստացվում՝ հրաժարական տան։ Հակառակ դեպքում՝ պատասխան են տալու ժողովրդի առաջ։ Կամ Արթուր Բաղդասարյանը, որպես ԱԺ նախագահ, պետք է առաջին պաշտոնյան լիներ Հայաստանում, որ արձագանքեր թերթերի հաղորդմանը՝ պաշտպանության եւ մի շարք այլ նախարարների՝ կազինոներում վատնած փողերի մասին։ Նա կամ պետք է հրապարակավ հերքեր այդ լուրերը, կամ հասներ մեղավորներին խստագույնս պատժելուն։ Չանելով ոչ մեկը եւ ոչ մյուսը, նա փաստորեն հայտարարում է, որ ինքն էլ է Հայաստանում կոռուպցիայի եւ անբարոյականության հաստատող հիմնական օղակներից մեկը՝ անկախ իր արտասանած ճառերից։ Եվ իր հետ միասին այս ամենի համար պատասխանատու է ողջ «ՕԵ» կուսակցությունը։ Վերջինս եթե համաձայն չէ Արթուր Բաղդասարյանի կամ Սերգո Երիցյանի վարած քաղաքականության հետ, թող պատժի նրանց։ Եթե չի պատժում՝ պատասխանատու է ամբողջությամբ։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել