Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը հանգիստ չի տալիս

Նոյեմբեր 28,2003 00:00

Վրաստանը հանգիստ չի տալիս Ներկա եւ նախկին աիմականները՝ վրացական թեմայով Երեկ Պարույր Հայրիկյանը հերթական ասուլիսն էր հրավիրել։ Այս անգամ ԱԻՄ նախագահն ավետեց, որ դատարանում իրենք առաջին հաղթանակն են տարել։ Կալանքը, որ դրված էր ԱԻՄ-ի գույքի եւ հաշիվների վրա, հանվեց։ Ըստ Հայրիկյանի՝ «դատարանը վեր կանգնեց պատվերից, ու կուսակցության գործունեությունը վերականգնվեց»։ Իսկ գրասենյակների, հատկապես՝ կենտրոնական, կռիվը շարունակվում է։ Այսօր ԱԻՄ-ը խաղաղ ցույց կանի ԱՄՆ դեսպանատան առջեւ եւ դեսպանին կհանձնեն ԱԻՄ գլխավոր քարտուղար Հակոբ Յումուշադյանի դիմումը։ Աիմականները դեսպանին ասում են, որ իրենք «հավատում» են, որ Նահանգները՝ «ժողովրդավարության ոտնահարման այսպիսի դրսեւորման նկատմամբ անտարբեր դիտորդի դեր չի ստանձնի»։ Հետո ցուցարարները կհասնեն նախագահական ու մեր նախագահին կհանձնեն ամերիկահայ բժիշկների ու իրավաբանների դիմումը. «դուք, հավանաբար, լավագույնս իրազեկված չեք ԱԻՄ-ի նկատմամբ կիրառվող անընդունելի միջոցների եւ դրանց բարոյական ու քաղաքական հետեւանքների մասին։ Մենք համոզված ենք, որ դուք կանեք ձեզնից կախյալը՝ վերջ տալու ԱԻՄ-ի քողարկյալ հետապնդումներին եւ վերականգնելու ԱԻՄ գրասենյակները»։ Եվ քանի որ օրերիս գլխավոր իրադարձությունները վրացական են, Հայրիկյանն էլ իր ուղերձն է հղել Վրաստանի նախագահի պաշտոնակատարին եւ վրաց ժողովրդին։ Փոքր-ինչ դժվար ըմբռնելի տրամաբանությամբ պրն Հայրիկյանը «վրացական տարբերակին դեմ արտահայտվողներին համարեց նոր Նաիրի Հունանյանի ի հայտ գալու կողմնակիցներ»։ Իսկ նախկին աիմական, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, նույն վրացական իրադարձությունների հետ կապված մտահոգություն հայտնեց, որ Վրաստանի հայկական համայնքը հստակ չի արտահայտում իր դիրքորոշումը։ Դա, ըստ մեր զրուցակցի, պետք է բխեր Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Իսկ վերջիններիս ոչ կայուն դիրքորոշումը մեր զրուցակիցը բացատրում է Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի «խորհրդավոր» այցով։ Զուգահեռներ տանելով Հայաստանի քաղաքական զարգացումների հետ, Ա. Հարությունյանն այսօր արդեն դատապարտում է ընդդիմության՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը։ Հատկապես, մեր զրուցակցի համոզմամբ, պայքարը գաղափարական չէր, այլ «անձնավորված»։ Ավելին՝ «այն արժեքները, որոնց մասին այսօր խոսում է «Արդարություն» դաշինքը, այդ նույն դաշինքի շատ ու շատ անդամներ չեն կրում այդ արժեքները»։ Ա. Հարությունյանի դիտարկմամբ, խորհրդարանական ընտրություններում եւս անձի՝ Քոչարյանի, հակաքարոզարշավ էր տարվում, մինչդեռ վերջինս մրցակից չէր։ «Իսկ իրական մրցակիցները՝ ՀՅԴ, ՕԵ, ՀՀԿ, որոնց ձեռքերով էլ նախագահականի ժամանակ անօրինականություններ կատարվեցին՝ մնացին ստվերում»,- գտնում է Ա. Հարությունյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել