Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ՔԵԶ, ԳՐԻԳՈ՛Ր, ԵՎ ՄԵԼՍ ԱՄԱԼՅԱՆԸ

Նոյեմբեր 28,2003 00:00

ՀՌԱՀ կանոնակարգի համաձայն՝ արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում՝ ՀՌԱՀ-ը 15 օրվա ընթացքում դադարեցնում է արտոնագրի գործողությունը:

Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն առաջարկում է իրենց ասուլիսն ու այս հրապարակումը դիտել իբրեւ ՀՌԱՀ-ի համար «տեղեկատվություն»: «Ցանկալի կլիներ, որ Գրիգոր Ամալյանը մինչեւ կարծիքներ հայտնելը մի փոքր ծանոթանար, ավելի խորն ուսումնասիրեր ե՛ւ մեր ներկայացրած փաստարկները, ե՛ւ մրցութային փաթեթը: Եվ դրանից հետո նոր իրեն իրավունք վերապահեր որակումներ տալ մեջբերված փաստերին»,- այսպես արձագանքեց դատական ատյաններում «Ա1+»-ի շահերը ներկայացնող Տիգրան Տեր-Եսայանն «Ազատություն» ռ/կ-ով ՀՌԱՀ նախագահի հայտարարությանը: Ըստ այդմ՝ «Ա1+»-ի ներկայացուցիչների վերջին ասուլիսում արված պնդումները, թե հոկտեմբերի 13-ի մրցույթում «Սինեմաքս» ՍՊԸ-ն կեղծ եւ խեղաթյուրված տեղեկություններ է ներկայացրել մրցութային առաջարկում, մինչդեռ ՀՌԱՀ-ն անտեսել է դրանք՝ «հերթական հիստերիա» են, որին ինքն ականատես է յուրաքանչյուր մրցույթից առաջ: Գրիգոր Ամալյանը նաեւ կարծիք էր հայտնել, թե դա արվում է ՀՌԱՀ-ին ճնշելու նպատակով. «Սա այդ շարքում, այդ տրամաբանության մեջ արված պրիմիտի՛վ մի ակցիա է»:

Ավելին՝ բորբոքված տոնով մի շարք այլ արտահայտություններ էլ էր արել, որոնցից յուրաքանչյուր ոք կարող է համոզվել, թե որքան սուբյեկտիվ եւ անձնական հակամարտության է վերածվել ՀՌԱՀ ղեկավարի՝ «Ա1+»-ին եթեր չթողնելու ձգտումը: «Կեղծիքների՞ց է խոսում: Ես Մելս Մովսեսյանին մեղադրեցի կեղծիքների, խաբեբայության, ստախոսության, եւ անազնիվ մրցակցության մեջ: Եղա՞վ որեւէ պատասխան կամ փաստարկ»,- «Ազատությանն»- ասել էր Գրիգոր Ամալյանը եւ հերթական մարտահրավերը նետել՝ թող քայլ անեն եւ դատարանում կպարզենք, թե ով է խաբեբան:

Ինչո՞ւ նաեւ զրպարտության համար դատախազությանը չեն դիմում պրն Ամալյանի այն պնդումների առնչությամբ, թե վերջին մրցույթում «Ա1+»-ը կեղծիք է թույլ տվել իր մրցութային առաջարկում ինտելեկտուալ ներուժի եւ ֆիլմադարանի մասին տվյալներով: Չէ՞ որ ե՛ւ փաստաթղթերը, ե՛ւ մրցութային առաջարկի ներկայացման տեսաձայնագրությունը բավարար են հաստատելու համար, որ Գրիգոր Ամալյանն այս անգամ ուղղակի հորինովի պատճառաբանություններով փաստարկեց «Ա1+»-ին իր ցածր գնահատականը: Այդ հարցադրումներին ի պատասխան Տիգրան Տեր-Եսայանը նկատեց. «Մելտեքսն» այդ մրցույթում ստացել էր 27 միավոր եւ, եթե ինքը վստահ է, որ կար նման խեղաթյուրում ու խաբեություն՝ պրն Ամալյանն ի պաշտոնե պարտավոր էր պարզապես մրցակցությունից հանել «Մելտեքս»-ին: Նույնն էլ պահանջում ենք «ԱրմՆյուզի» առնչությամբ, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքի 29 հոդվածի համաձայն՝ նա կարող էր հայտը մերժել, եթե առկա է խեղաթյուրում կամ կեղծիքներ: Իսկ մեր ներկայացնելիք հայցի ժամանակն էլ կգա»: Իսկ «Ա1+»-ի նախագահն ավելի վաղ էր հայտնել, թե Ամալյանն անպայման պատասխան կտա իրեն ստախոս անվանելու համար:

Սակայն դառնանք բուն նյութին, ինչի պատճառով էլ հերթական անգամ բորբոքվել է «Ա1+»-ի եւ ՀՌԱՀ-ի միջեւ անմար կրակը: «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը որպես լրատվամիջոց գրանցված չէ պետական ռեգիստրում, թեեւ «Սինեմաքս»-ի ներկայացրած մրցութային փաթեթում խոսքը հենց այս հեռուստաընկերության հաղորդումների, աշխատակազմի եւ տեխնիկական հնարավորությունների մասին է: Սակայն ահա թե ինչպես է պատճառաբանել չգրանցված ընկերությանը եթեր տալը Գրիգոր Ամալյանը. «Բնականաբար, եթե նրանք դիմեին որեւէ իրավասու մարմնի եւ ասեին՝ արդյոք ձեզ մոտ կա՞, ենթադրենք, Մելս Ամալյան՝ նրանք կասեին, որ նման մարդ մեզ մոտ չկա: Նրանք դիմելուց գիտեին, որ այնտեղ անվանումը չի գրանցված: Այնտեղ գրանցված է «Սինեմաքս» խմբագրությունը եւ ՍՊԸ-ն: Եթե հիմա չալարեն՝ մի հատ էլ դիմեն, գուցե ստանան պատասխան»: Ըստ ՀՌԱՀ նախագահի՝ «ԱրմՆյուզն» ընդամենը հեռուստաալիքի անունն է. «Սինեմաքս» խմբագրությունը կա, ստացել է արտոնագիր եւ դրանով արդեն նաեւ օրինականացրել իր հեռուստատեսային գործունեությունը: Եվ ազատ է, որ վաղը տեղեկացնի մեզ, թե «ԱրմՆյուզ» անվան փոխարեն ուզում է եթեր դուրս գալ անունը փոխելով, այլ անվան տակ: Դա ընդամենը լոգո է, խորհրդանշական անուն: Այստեղ որեւէ խնդիր չկա»:

Սակայն Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, թե խոսքը բնավ անվան մասին չէ. «Տարանջատենք անվանումը, լոգոն, խորհրդանիշը եւ ելքային այլ տվյալները: Այդ մասով եւս խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 23 հոդվածը եւ «Մամուլի մասին» օրենքի 20 հոդվածը, որոնցով պրն Ամալյանն ի պաշտոնե պարտավոր էր կիրառել պատժամիջոցներ: Սակայն չենք արծարծում անվանման խնդիրը: «Սինեմաքս»-ի մրցութային փաթեթում հստակ արձանագրված է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը, որը որպես լրատվամիջոց գրանցված չի եղել: Եթե պրն Ամալյանն առաջնորդվեր օրենքով՝ պետք է նկատեր, որ «Սինեմաքսը» ներկայացրել է մի մրցութային առաջարկ, որում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Իր ծրագրային քաղաքականության, հեռուստատեխնիկայի, հեռարձակման կայանի եւ այլ միջոցների մասին բոլոր տվյալները վերաբերում են «ԱրմՆյուզ»-ին: Ստացվում է, որ 63 կապուղու համար մրցույթում հաղթել է «ԱրմՆյուզը», ոչ թե «Սինեմաքսը»:

Առավել հանգամանալից՝ փաստարկները ներկայացվել են ասուլիսում եւ փաստաբանը պատրաստ է փաստաթղթերը ներկայացնել նաեւ հանձնաժողովին. «Հնարավոր է՝ մեր փաստարկներից հետո ՀՌԱՀ-ն անդրադառնա այս հարցին, եւ նկատի, որ պետք չէ խառնել՝ «ԱրմՆյուզն» իրոք անվանում չէ: Փաթեթում հստակ նշվում է, որ «ԱրմՆյուզն» է իրականացրել հեռարձակման գործընթաց մինչեւ մրցույթը: Այսինքն՝ խոսքը ոչ թե հաղթելուց հետո «ԱրմՆյուզ» անվանմամբ հեռուստաընկերություն գրանցելու մասին է, այլ մի գործառույթի, որը կարող էր իրականացնել միայն արտոնագրատերը: «Սինեմաքսը» հեռարձակման իր իրավունքը զիջել է «ԱրմՆյուզին»: Ուստի ՀՌԱՀ-ի որոշումը «Սինեմաքս»-ին 63 կապուղու արտոնագրատեր ճանաչելու մասին՝ պետք է հայտարարվի չեղյալ: Ցանկալի կլինի, որ աչքի պոչով էլ նայեն «Քրեական օրենսգրքի» 308 եւ 315 հոդվածները: Եվ կհամոզվեն, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ անփութությունը քրեորեն հետապնդելի արարքներ են»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930