Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաշից հետո մանանե՞խ

Նոյեմբեր 28,2003 00:00

Ճաշից հետո մանանե՞խ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ չի գնահատել աղքատության հաղթահարման մեր ռազմավարությունը։ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության բաժինն այժմ ուսումնասիրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները, որպեսզի հայտնեն իրենց կարծիքը հատկապես այդ ծրագրով առողջության առաջնային պահպանման ոլորտում մեր հանրապետությունում անցկացվելիք ռեֆորմների վերաբերյալ։ Դրա հիման վրա պետք է որոշվի ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետագա աշխատանքը։ Հիշեցնենք, որ ԱՀՌԾ-ն մեր կառավարության կողմից ընդունվել է սեպտեմբերին, իսկ ԱՀԿ-ի մասնագետների կարծիքը պատրաստ կլինի եկող տարվա սկզբին։ «Չե՞ք կարծում, որ այդ ժամանակ գուցե ուշ լինի, քանի որ երկրի բյուջեն էլ արդեն հաստատված կլինի» հարցին ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը պատասխանեց. «Կարծում ենք։ Բայց, ցավոք, ԱՀԿ-ն այդքան ակտիվ ընդգրկված չէր այդ (ԱՀՌԾ-ի մշակման- Ա. Գ.) աշխատանքներում, որովհետեւ մենք բավական փոփոխություններ ունեցանք՝ գրասենյակի, անդամների, կառուցվածքի։ Եվ երեւի թե դա հիմնական պատճառը եղավ, որ գրասենյակը, եւ առհասարակ կազմակերպությունը, շուտ չընդգրկվեց այդ աշխատանքների մեջ»։ Փաստորեն ռազմավարության վերանայումը կատարվում է դրա ընդունումից հետո։ Հիշեցնենք, որ, այսպես թե այնպես, նախատեսված է ԱՀՌԾ-ն վերանայել եւ երկու տարին մեկ առաջարկություններ կատարել, սակայն ոչ՝ ոլորտի գերակայությունների մեջ։ Հունվարին ԱՀԿ-ի մասնագետների կողմից եզրակացությունը ստանալուց հետո այդ կազմակերպության հայաստանյան գրասենյակը կարող է հանդես գալ ԱՀՌԾ-ի առողջապահության բաժնի վերաբերյալ կարծիքով։ ԱՀՌԾ-ում որպես ոլորտի գերակայություններից մեկը նշված է գյուղական բնակավայերերում առաջնային բուժօգնության մատչելիությունը։ Դրա ձեւերից մեկը կարող է լինել համայնքային (օրինակ, համայնքի անդամների միջոցով որոշակի հիմնադրամների ստեղծումը) առողջապահությունը։ Այս կապակցությամբ Է. Դանիելյանը հայտնեց. «Դա այն ոլորտն է, որտեղ ԱՀԿ-ն այդքան մեծ ծրագրեր չի մշակել եւ իրականացրել, որովհետեւ այն երբեք չի ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից որպես գերակայություն։ Երբեք այդ ուղղությամբ ԱՀԿ-ից օգնություն կամ էքսպերտային գիտելիքներ չեն ակնկալվել»։ Սակայն տիկին Դանիելյանը հայտնեց, որ վերջերս մեր երկրի կողմից ուշադրությունն այդ ճյուղի նկատմամբ ավելացել է։ Իրենք էլ ունեն մասնագետ, որն այժմ ակտիվ մասնակցում է լոկալ ուժերով համայնքի առողջության բարելավմանը վերաբերող միջոցառումներին։ Այնպես որ, տնօրենն արդեն տեսնում է, որ մոտակա 2-3 տարիներին ԱՀԿ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի այս հարցերին։ Այս ուղղությամբ սպասվում է նաեւ փորձագիտական օգնություն առողջապահության նախարարությանը եւ այն կազմակերպություններին, որոնք այստեղ զբաղվում են համայնքային առողջապահության հարցերով։ Տիկին Դանիելյանը կարծում է՝ լավ կլիներ, որ առանձին միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կատարած ծրագրերը համակարգվեին որեւէ մարմնի կողմից. «Ցանկալի կլիներ, որ այդ համախմբողը եւ ղեկավարողը լիներ առողջապահության նախարարությունը, որի մասնագետները նստեին, դրանք քննարկեին եւ մեկ ընդհանուր մոտեցում ձեւակերպեին»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել