Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նոյեմբեր 28,2003 00:00

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Պարզվում է, «Զվարթնոց» օդանավակայանը հավատարմագրային կառավարման հանձնելու համար կառավարությանը որեւէ ներդրումային պարտավորություն չի առաջադրել՝ միայն միջազգային որակ է պահանջելու։ Այսինքն, կառավարության համար այնքան էլ էական չէ, թե Էդուարդո Էռնեկյանը որքան գումար կծախսի 3-4 տարուց Հայաստանում ICAO-ի չափանիշներով նոր օդանավակայան կառուցելու համար։ Հետեւաբար, կառավարիչը «ԱրմենՏելի» նման չի կարող արդարանալ՝ N գումար եմ ծախսել, թեկուզ որակ չկա։ Պարզվում է, մինչ այժմ «հին» «Զվարթնոցում» կատարված ներդրումները (որոնք ուղղվել են վազքուղու վերակառուցմանը, VIP սրահի կառուցմանը եւ այլն) կոնցեսիոների բարի կամքի դրսեւորումն են։ Այդպես ներկայացրին իրավիճակը «Զվարթնոցի» գլխավոր կառավարիչ Մարսելո Վենդեն, կոմերցիոն տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Կառավարիչն, ըստ պայմանագրի, պարտավոր չէր այս ներդրումներն անել, բայց «լավություն էր արել», որովհետեւ կառավարությունն է ստիպել (հորդորել)։ Իսկ կոնցեսիոները «հորդորներին» ընդառաջ է գնացել, որովհետեւ ժամանակից շուտ, առանց որեւէ ներդրում անելու սպասարկման վարձերը թանկացրել էր, որոշ դեպքերում էլ վարձ էր պահանջում առանց որեւէ ծառայություն մատուցելու։ Ընկերության ղեկավարների ներկայացմամբ, օդանավակայանի նոր շենքը կսկսեն կառուցել շենքի նախագիծը կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Իսկ բուն շինարարությունը կտեւի 3-4 տարի: Ակնհայտ է, որ բարելավման ուղղությամբ որոշ աշխատանքներ կատարվել են (եւ գոնե առաջին հայացքից՝ բարձր որակի)։ «Առավոտի» դիտարկմանը, թե այդ բարելավումները կատարվել են միայն պետական մարմինների միջամտությունից, ստուգումներից հետո եւ հարցին, թե հետագայում պարտականությունների կատարման ժամանակ է՞լ է նրանց միջամտության կարիքը լինելու, պարոն Վենդեն պատասխանեց, որ իրականում այդպես չի եղել եւ իրենք աշխատանքների ու սարքավորումների գնման պատվերներն ավելի շուտ են տված եղել։ Ըստ պարոն Վենդեի, պարզապես ստուգումների եւ ռեալ ներդրումների ժամկետներն են համընկել։ Այնուամենայնիվ, գլխավոր կառավարչի խոստովանությամբ, «նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքները շատ դրական ազդեցություն ունեցան մեր աշխատանքին, քանի որ թույլ տրվեց կոորդինացնել բոլոր պետական մարմինների (հարկային, մաքսային) հետ աշխատանքները»։ Իսկ «Առավոտի» մեկ այլ հարցի, թե արդյոք Էդուարդո Էռնեկյանը լուծե՞ց արգենտինյան արդարադատության հետ իր խնդիրները, Մարսելո Վենդեն դրական պատասխանեց՝ լրացնելով, որ խնդիրը կապված էր ոչ թե անձամբ Էռնեկյանի, այլ իրեն պատկանող բազմաթիվ ընկերություններից մեկի հետ։ Եվ որպես հավաստում, կառավարիչը հայտնեց, որ մեր հայրենակիցը աշխարհի մի քանի այլ օդանավակայանների հավատարմագրման հայտ է ներկայացրել, այդ թվում՝ «Շերեմետեւոյի»։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել