Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԻՇՏԸ ՔԱՌԱՏՈՒՄՆ Է»

Նոյեմբեր 28,2003 00:00

«ՃԻՇՏԸ ՔԱՌԱՏՈՒՄՆ Է» Սրան են արժանի «27»-ի կատարողները՝ ըստ Գալուստ Սահակյանի Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց Քրեական օրենսգրքի այն փոփոխությունները, որով որոշ հանցատեսակների համար ցմահ ազատազրկումը սահմանվում է առանց ներման իրավունքի։ Գաղտնիք չէ, որ այս փոփոխություններն արվեցին առաջին հերթին «27»-ի կատարողների համար։ Այժմ արդեն հայտնի է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավճիռը կհրապարակվի եկող երեքշաբթի։ Ստեղծված իրավիճակում իրավաբանները թերեւս ստիպված կլինեն զբաղվել թվաբանությամբ եւ կփորձեն իրենց իսկ գրած եւ ընդունած օրենսգրքի նրբություններով բացատրել, թե ընդունված օրենքը հնարավորություն կտա՞, որ Նաիրի Հունանյանը դատապարտվի առանց ներման իրավունքի։ Երեկ մենք փորձեցինք որոշ քաղաքական գնահատականներ ստանալ այս մասին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, որ վճիռ կայացնելուց առաջ դատարանը անպայման պիտի հաշվի առնի, որ Քրօրենսգրքի փոփոխությունները արվեցին նախ այն պատճառով, որ դրանք ազդեն «27»-ի ոճրագործների մասով կայացվելիք վճռի վրա. «Կարծում եմ, դատարանը դա պիտի հաշվի առնի եւ վճռի մեջ ցմահ բանտարկության վերանայման խնդիր չպետք է լինի։ Բնականաբար, ինձ համար ավելի ընդունելի կլիներ, եթե այդ վճիռը լիներ քառատման վճիռ։ Բայց սա էլ էական չեմ համարում, որովհետեւ լուրջ եմ վերաբերվում նման հարցերին եւ կարծում եմ, որ «27»-ի նման չարիքների ճանապարհը փակելը եւ դրանք անհնարին դարձնելը ամենօրյա աշխատանքն է եւ երկրի տնտեսության հետագա զարգացման մասին հոգալը։ Կարծում եմ, տարիներ անց ավելի նուրբ բաներ կիմանանք «Հոկտեմբերի 27»-ի մասին»։ Գալուստ Սահակյանն իհարկե չմոռացավ շեշտել, որ «այդ նուրբ բաները» կապված կլինեն ոչ թե ներսի, այլ «անշուշտ, կլինեն դրսից»։ «Արդարություն» խմբակցության անդամ (ՀԺԿ) Գրիգոր Հարությունյանի կարծիքով, դատարանը չպիտի շտապի իր վճիռը կայացնել, եւ այդ վճիռը չպիտի լինի դեկտեմբերի 7-ից շուտ (քանի դեռ օրենքը ուժի մեջ չի մտնի), որպեսզի անվերապահորեն ազդի «27»-ի կատարողների վրա. «Ճիշտն այն կլինի, որ դատավորն իր վճիռը հրապարակի օրենքի ստորագրումից 10 օր անց։ Եթե այդպես չարվեց, ապա նշանակում է, որ դատավոր Ուզունյանը եւ իշխանությունները իրենց վրա լուրջ պատասխանատվություն են վերցնում»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել