Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապեցնող~ գործընթացներ

Նոյեմբեր 28,2003 00:00

Տագնապեցնող~ գործընթացներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մի քանի օրից հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին Պուտինը հայտնել է նոյեմբերի 26-ին` Հարավային Կովկասի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա. հերթական հանդիպումն են ունենալու երկու ռազմավարական գործընկեր-պետությունների ղեկավարները՝ թերեւս քննարկելու գործընկերությանն առնչվող ինչ-ինչ ընթացիկ հարցեր: Սակայն մեկը մյուսին հաջորդող իրադարձությունների այն ֆոնը, որի համատեքստում տեղի է ունենալու Քոչարյան-Պուտին՝ ըստ էության անսպասելի հանդիպումը, խորհելու առատ նյութ է տալիս, հարկադրելով մտածել, որ ամենամոտ ապագայում ղարաբաղյան խնդրին անմիջականորեն առնչվող զարգացումներ են սպասվում: Այսպես: Սկսենք նրանից, որ տակավին ճշտված չեն հիշյալ հանդիպման ժամկետն ու վայրը: Հետաքրքիր է, որ չնայած «Մեդիամաքս»-ի հարցումներին, դրա մասին որեւէ տեղեկություն չեն տրամադրել ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ նախագահների մամուլի ծառայություններում՝ այդպիսիք չունենալու պատճառաբանությամբ: Հարկ է նշել, որ նույն օրը ՌԴ նախագահը հայտնել է նաեւ իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին: Նկատենք, որ ոչ այդ հեռախոսազրույցի, ոչ էլ Քոչարյանի հետ ունենալիք վերահաս հանդիպման բուն առարկայի վերաբերյալ Պուտինը ոչինչ չի մանրամասնել, բացառությամբ «կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակման» մասին արձանագրումից: Իսկ մինչ այդ պաշտոնական այցով մոսկվայում էր գտնվում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, որի ունեցած հանդիպումների գերակշիռ մասն, ինչպես հայտնի է, նվիրված էր ղարաբաղյան կարգավորման թեմային: Ապա աշխատանքային այցով Բաքու է ժամանում Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Վերջինս հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա հետ քննարկում «բանակցային գործընթացը զարգացնելուն» առնչվող հարցեր: Այդ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատում է «բարդ», թեեւ շահագրգռություն է հայտնում, որ առաջիկա բոլոր գործընթացները «զարգանան խաղաղ ճանապարհով»: Նույն ժամանակամիջոցում ուշագրավ իրադարձություններ են ծավալվում նաեւ Հայաստանում: Մինսկի խմբի համանախագահների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք տարածաշրջանային այցի նախաշեմին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ խորհրդարանում աննախադեպ քննարկումներ են կազմակերպվում՝ նվիրված ղարաբաղյան խնդրին: Հատկանշական է, որ կարգավորման՝ ցայժմ հույժ գաղտնի պահվող տարբերակները, փաստորեն, փորձագիտական նեղ շրջանակից փոխադրվում են առավել լայն եւ ներկայացուցչական շրջանակ, ինչն առնվազն ենթադրել է տալիս, որ մոտենում է կարգավորման «հանրայնացման» պահը: Թեեւ ամենեւին չի բացառվում, որ այդպիսով փորձ է արվում զարգացումների որոշակի սցենարի դեպքում հող նախապատրաստել բանակցությունների ձախողման համար: Ինչեւէ, հստակ է մի բան. ղարաբաղյան խնդրի շրջանակներում, ինչպես արդեն նշեցինք, նոր զարգացումներ են սպասվում եւ, հաշվի առնելով այս պահին տարածաշրջանում ձեւավորված իրողությունների բոլոր թեր եւ դեմ կողմերն ու հատկապես այն, որ Վ. Օսկանյանը դադարել է գիշերները քնել, դրանք ավելի շատ տագնապեցնող են, քան՝ հուսադրող: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել