Գեղամյանը ռուբիկոնն անցավ Նա կարող է դառնալ ՀՅԴ-ի թիվ 1 հակառակորդը «Դաշնակցության հետ չի կարելի կատակ անել, իսկ Գեղամյանը ռուբիկոնն անցավ»,- երեկ այդպես գնահատեց ՀՅԴ ԳՄ Հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Արտաշես Գեղամյանի՝ նախորդ օրը ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած հետեւյալ գնահատականները. «Իր ասածները պիտի լո՞ւրջ ընդունեմ, ընդամենը իշխանափոխության ժամանակ մեղադրյալի աթոռին հայտնվող մարդ է (խոսքը Վահան Հովհաննիսյանի մասին է- Մ. Ե.), ՀՅԴ-ի անունը շատ չի տրվում, քանի որ դեռ անելիք ունի Սփյուռքում»)։ Պրն Ռուստամյանը նաեւ ավելացրեց. «Ցավում եմ, որ պարոն Գեղամյանը չի կարողանում իր ամբիցիաները սահմանափակել եւ հենց Գեղամյանի ամբիցիաներն են պատճառը, որ նույն ընդդիմության մեջ խնդիրները այդ ձեւով են ներկայացվում։ Տպավորություն է առաջանում, որ Գեղամյանը ցանկացած մեկի հետ կարող է գնալ համագործակցության, բայց մի պայմանով՝ որ ինքն անվերապահորեն ընդունվի առաջնորդ։ Սրա հետեւում շատ լուրջ բան կա թաքնված։ Կա նաեւ մեկ այլ դրսեւորում՝ ցանկացած ձեւով հետեւորդների քանակը մեծացնելու մոլուցքը։ Սա հանգեցրել է նրան, որ Գեղամյանը փորձում է զբաղեցնել ՀՀՇ-ի դաշտը։ Հակադաշնակցական դիրքեր է փորձում զբաղեցնել։ Բայց նա այդ բանը փորձում է իրականացնել գերազանցապես ամբոխավարական դրսեւորումներով եւ ոչ թե գաղափարական՝ ի տարբերություն ՀՀՇ-ի։ Մեր եւ ՀՀՇ-ի հակասությունը, այո, գաղափարական հենքի վրա էր եւ սա ինչ-որ առումով նաեւ դրական էր հասարակության մեջ տարբեր գաղափարական մոտեցումներ, տեսակետներ ձեւավորելու իմաստով։ Բայց Գեղամյանի արածը ամբոխավարություն է։ Այն տպավորությունն է առաջանում, որ Գեղամյանն առաջնորդվում է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով։ Եվ եթե այդ թշնամու թշնամին ընդունում է իր առաջնորդությունը, ուրեմն Գեղամյանը նրա հետ էլ կգնա համագործակցության։ Սա շատ վտանգավոր է։ Եվ պատահական չէ, որ իր տերմինալոգիայում արդեն հայտնվում են ՀՀՇ-ի բանաձեւումները։ ՀՀՇ-ն էլ նույն բանն էր ասում՝ Դաշնակցությունն անելիք ունի Սփյուռքում։ Ես չգիտեմ՝ հնարավո՞ր է այդքան անհեռատես լինել, չտեսնել երկրի անցած պատմությունը եւ դրանից որեւէ դաս չքաղելով՝ նորից հայտնվել հակադաշնակցական դիրքերում։ Շրջանակ կա, որը չի կարելի անցնել։ Դաշնակցությունը ինքնանպատակ որեւէ մեկի հետ հակադրվելու խնդիր չի դնում։ Բայց կան սկզբունքային հարցեր, որոնք Դաշնակցությունը իր աչքի լույսի պես է պահում։ Ու եթե որեւէ մեկը փորձի մտնել այդ շրջանակը, այդ սրբությունները ոտնատակ տալ, այո, նա կդառնա Դաշնակցության թիվ մեկ հակառակորդը»։ Մ. ԵՍԱՅԱՆ