Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Նոյեմբեր 28,2003 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ Վրաստանում եւ Հայաստանում իշխանափոխության փորձերը համեմատում է «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը: – Վրաստանում տեղի ունեցածն ինչ անալոգիաներ ունի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության փորձերի հետ: – Նման զուգահեռներ օբյեկտիվորեն կան, բայց, անշուշտ, պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել: Միաժամանակ, եթե ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք թեւավորվել են վրացական իրադարձություններով՝ դրանում նրանց մեղադրել չի կարելի: Մենք անմիջական հարեւաններ ենք եւ մեր ազդեցություններն ուղղակի են: Բայց այս տարվա հայկական եւ վրացական զարգացումների միջեւ զուգահեռներ անցկացնելիս՝ մենք կարող ենք խոսել առավելապես տարբերությունների մասին, եւ ամենամեծ տարբերությունն այն էր, որ մեր ընդդիմությունը ոչ միայն վճռական չէր, չուներ գործողությունների հստակ ծրագիր, այլեւ՝ նրա շարքերում չհայտնվեցին գործիչներ, ովքեր անձնական պատասխանատվություն կստանձնեին ժողովրդին առաջնորդելու համար: Անգամ դա լուծելի խնդիր էր, եթե չլիներ ամենագլխավորը՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հանդես չեկավ հստակ քաղաքական ծրագրով: Թե հասարակության ներսում, թե միջազգային հանրության մեջ անորոշություն էր՝ ովքե՞ր են գալիս իշխանության, ի՞նչ ծրագրով: Վրացիները ոչ միայն ցուցաբերեցին իրավական, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վճռականություն, այլեւ աշխարհին հայտարարեցին, որ իրենք Վրաստանը տանելու են եվրատլանտյան կառույցներում ինտեգրվելու ճանապարհով՝ պահպանելով անմիջական հարեւանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Մի բան, որ չարեց հայկական ընդդիմությունը: Դրա պատճառը ոչ այնքան նրա անկարողությունն է, որքան, մասնավորապես «Արդարություն» դաշինքի խիստ խառնիճաղանջ կազմը: Դաշինքի անդամները երկրի զարգացման հիմնական ուղղության ընտրության հարցում, վստահ եմ, լուրջ տարաձայնություններ ունեին, եւ դրանք հարկադրաբար ու խոհեմաբար շրջանցեցին, որը, եթե նրանց ապահովություն բերեց, սակայն՝ ոչ երբեք հաջողություն: Իսկ Վրաստանում նկատելի արտաքին աջակցության պատճառն այն էր, որ հռչակված նոր Վրաստանի կուրսը այնքան վստահություն ներշնչող եւ հավաստի էր, որ արժանացավ թե վրաց հասարակության, թե միջազգային հանրության աննախադեպ ուշադրությանը: – Ժամանակին՝ 96-ին, իշխանություններն էին պնդում, թե ընդդիմությունը ֆինանսական մեծ աջակցություն է ստացել Արեւմուտքից, որ Վ.Մանուկյանը նրանց փողերով է ընտրարշավ արել: Նույն գործոնը արդյո՞ք այդքան որոշակի դերակատարում ուներ վրացականի դեպքում: – Վրացական նոր ղեկավարությունը դրսից շոշափելի աջակցություն ստացավ, բայց որոշիչը, անշուշտ, ժողովուրդն էր ու նրան ղեկավարելու ընդդիմության կարողությունը եւ կամքը: 96-ին ընդդիմությունը չօգտագործեց իր ունեցած 40 կամ մի քիչ ավելի տոկոսի հասարակական աջակցությունն՝ իրեն ցանկալի քաղաքական, իրավական որոշումներ ստանալու նպատակով, այլ գնաց հանցագործության ճանապարհով. զանգվածային բռնություններ, հարձակում ԱԺ-ի վրա, պետական պաշտոնյաների առեւանգում եւ այլն: Դրանք քաղաքական որեւէ նպատակ չէին հետապնդում, այլ՝ վրեժխնդրության, ահաբեկչության գործողություններ էին: Մինչդեռ վրացիները քաղաքական պայքարի բռնի եւ օրինական միջոցների սահմանագծին գործելով՝ հասարակական աջակցությունն օգտագործեցին քաղաքական, իրավական որոշումներ կորզելու համար, ինչպիսին էր, ասենք՝ խորհրդարանի նիստի խափանումը / որպեսզի այն չձեւավորվի եւ իրենք կատարված փաստի առջեւ չկանգնեն: – Բայց այն ժամանակ ընդդիմությունն ասում էր, որ մտնում են ԱԺ-ի շենքում տեղակայված ԿԸՀ՝ իմանալու, թե ընտրությունների արդյունքներն ինչպես են հաշվարկվել: – Անհերքելի փաստ է, բայց ստիպված պետք է կրկնեմ, որ տրամագծորեն հակառակ անկյուններում եւ բոլորովին տարբեր հարկերում էին գտնվում ԱԺ նախագահի աշխատասենյակն ու ԿԸՀ-ն: Վրաստանում էլ, այո՝ մտան խորհրդարանի շենք, Շեւարդնաձեն, ինչպես բնորոշեցին ԶԼՄ-ները, «էվակուացվեց», նորընտիր խորհրդարանը չկայացավ, նախագահը հրաժարական տվեց: Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին եւ այլն: Այսինքն՝ ճնշման հետեւանքները զուտ քաղաքական էին: Հասարակության աջակցությունն առավելագույնս օգտագործվեց եւ ընդդիմությունը հասավ իր առջեւ դրված նպատակին, իսկ 96-ին չկարողանալով օրինական, քաղաքական եւ քաղաքակիրթ պայքարի հունում պահել ժողովրդական դժգոհությունը, ընդդիմությունը բռնի հեղաշրջման անհաջող փորձ կատարեց, որը այլ ուժերի հաջողվեց իրականացնել՝ ամենայն դաժանությամբ, 99-ի «Հոկտեմբերի 27»-ին: – Այդուհանդերձ, 96-ին իշխանությունները պատրա՞ստ էին կրակել ժողովրդի վրա: – Ձեր հարցադրմանը լիարժեք պատասխան կարող է տալ մեր կառավարության մեջ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, քանի որ անձամբ նրա վրա էր դրված ՀՀ նախագահի նստավայրի եւ ԱԺ-ի պահպանությունը: ՆԳ եւ ՊՆ նախարարները գտնվում էին իրենց ծառայության վայրում եւ ղեկավարում էին իրենց համակարգի գործունեությունը: Իսկ բոլոր այն ուժերը, որոնք ներգրավված էին կարեւորագույն պետական օբյեկտների պաշտպանությունն ու ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովելուն, անմիջականորեն Ս.Սարգսյանի տրամադրության տակ էին եւ գործում էին նրա հրամանով: 96-ի սեպտեմբերի 25-ին զենք կիրառվեց միայն այն բանից հետո, երբ ԱԺ-ն գրավված էր, բռնության ակտերը՝ կատարված: Կրակոցները եղել են միմիայն օդ եւ նպատակը եղել է՝ հարկադրել անկառավարելի ամբոխին ցրվել: – Այսինքն՝ Վրաստանում տեղի ունեցած դեպքերը՝ ԱԺ մտնելու իմաստով, դուք ողջունում եք: – Ես բռնությունը մերժում եմ բոլոր դեպքերում, որպես քաղաքական պայքարի միջոց՝ անկախ դրա դրդապատճառներից եւ նպատակներից: Իսկ ժողովրդավարությունը ես հասկանում եմ ոչ միայն նրանով, որ իշխանությունները պետք է ձեւավորվեն ժողովրդի կամքի արտահայտության արդյունքում, այլեւ՝ Սահմանադրությամբ նշված պարբերականությամբ: – Վրաստանի փորձը կրկնելու իմաստով Հայաստանում համապատասխան ներքաղաքական նախադրյալներ կա՞ն: – Վրաստանի փորձը կարող է որոշ խթան հանդիսանալ, բայց որոշիչը ընդդիմության համար պետք է լինի այն իրավիճակի սթափ գնահատումը, որում հայտնվել է Հայաստանը: Խորհրդարանական ընդդիմության ուսերին է ընկած համակարգային ճգնաժամը հաղթահարելու պատասխանատվությունը, քանի որ, հիմնավոր, թե անհիմն, ժողովուրդը դեռ նրանից է ակնկալում սահմանադրական կարգի վերականգնում, օրինական իշխանության ձեւավորումը, ժողովրդավարական իրավունքների եւ ազատությունների երաշխավորումը, ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել