Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՈՂՋՈՒՆԵՆՔ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 28,2003 00:00

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՈՂՋՈՒՆԵՆՔ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԱ-ի կազմակերպած երեկվա քննարկմանը, որը կրում էր «Վրաստանի ներքաղաքական իրադարձությունները եւ նրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա», հնչեցին միմյանցից խիստ տարբերվող կարծիքներ: Արշակ Սադոյանը համոզված էր, որ Վրաստանի իրադարձություններում առաջնայինը ժողովրդի դերակատարությունն էր, ու նրանք, ովքեր նսեմացնում են ժողովրդի դերը, փորձում են ընդամենը իրենց վրայից գցել պատասխանատվությունը: Պրն Սադոյանը կարծում էր, որ Վրաստանի օրինակը պետք է ընդունել եւ առաջիկայում կազմակերպել իշխանափոխություն: «Անկախ այն բանից, թե իրադարձություններն ինչպիսի ընթացք կունենան, եւ ինչ կկատարվի Աջարիայում, միեւնույնն է՝ Վրաստանը հաղթեց»,- հայտարարեց պարոն Սադոյանը: Այս վստահությունը նրա մեջ ամրապնդել էր՝ իր կնոջ վրացահայ լինելու հանգամանքը: Հայաստանում լայնորեն տարածված «թեւավոր խոսքը», թե «Հայաստանում տղամարդ չկա», պարոն Սադոյանը վերաձեւակերպեց այսպես. «Տղամարդ չկա ոչ թե տղամարդու իմաստով, այլ` տղամարդ չկա, որ թվանքը վերցնի, գնա արյուն թափելու, բայց մեր իշխանությունների մեջ շատ կան մարդիկ, որ հանուն իրենց շահերի պատրաստ են արյուն թափել»: Ի դեպ, արյուն թափելու մասին. Խոսրով Հարությունյանը նկատեց, որ Վրաստանում եւ իշխանությունները եւ ընդդիմությունը վստահ էին, որ արյունահեղություն չի լինի: Պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ բանակը չի կրակի ժողովրդի վրա, Շեւարդնաձեն էլ նման հրաման չէր տա: Խ.Հարությունյանը գտնում էր, որ Վրաստանում կատարվածի նպատակն իշխանափոխությունը չէր, այլ՝ ժողովրդավարության հաստատման ցանկությունը, իսկ շարժիչ ուժը՝ հասուն քաղաքական գործիչները: Նա նույնիսկ զուգահեռ անցկացրեց 1996թ. Հայաստանում կատարվածի հետ, ասելով, որ «ընդդիմությունը գնաց խորհրդարան՝ Բաբիկին ծեծելու, եւ պայքարն արժեզրկվեց, վերաճեց տղայական կռվի»: (Պրն Հարությունյանի ելույթի ժամանակ Արշակ Սադոյանը բացակայում էր): Գալուստ Սահակյանը կարծում էր, որ Վրաստանում տեղի ունեցածը հետեւանք էր տարիների խորքային պրոբլեմների, որոնք պարզ չէ՝ հեղափոխության արդյունքում կլուծվե՞ն, թե՝ ոչ: Իսկ հեղափոխությունը բերում է «անկումային իրավիճակ», եւ առայժմ վաղ է որոշակի հետեւություններ անել, քանի որ առջեւում դեռ ընտրություններ են սպասվում: Պարոն Սահակյանը եւ հայաստանյան, եւ վրացահայ քաղաքական գործիչներին շրջահայացության կոչ արեց: Հետաքրքիր էր Հմայակ Հովհաննիսյանի վերլուծությունը, որն ի մի բերելով կստանանք հետեւյալը. ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Պարզապես Շեւարդնաձեն, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը՝ 2 մլրդ դոլարի արտաքին պարտքի առկայությամբ եւ ընտրակեղծիքների պատճառով բարձրացած դժգոհության փոքր ալիքը, արեց «խորամանկ աղվեսի» քայլ. նա ձեւացրեց, թե իր հետնորդ է ուզում դարձնել Թիբիլիսիում չսիրված «տեղական վերնախավի ներկայացուցիչ», անջատողական հակումներ ունեցող Ասլան Աբաշիձեին: Բնականաբար, սա բերեց սուր պայքար. «Շեւարդնաձեն՝ վրացական դեմոկրատիայի հայրը, ուզում էր սուր պայքարում հանձնել իշխանությունը եւ ոչ թե անփառունակ ձեւով հեռանալ, հատկապես, որ պետք էր աշխարհին ցույց տալ, որ Վրաստանում հնարավոր է իշխանափոխություն՝ ժողովրդի նախաձեռնությամբ, եւ դրանով նոր շունչ տալ վրացական ժողովրդավարությանը»: Գառնիկ Իսագուլյանը համոզված էր, որ ոչ մի հիմք չկա Հայաստանում փորձելու կրկնել այն, ինչ եղավ Վրաստանում: Ոչ հիմք կա, ոչ առիթ: Քանի որ մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է: Արամ Կարապետյանն էլ որոշակի մտավախություններ ուներ Վրաստանի ապագայի առումով, այդ իսկ պատճառով առաջարկեց ոչ թե ողջունել այնտեղի իշխանափոխությունը, այլ «ըմբռնումով մոտենալ»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել