Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՉԻ ԿԻՍՎԻ

Նոյեմբեր 27,2003 00:00

ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՉԻ ԿԻՍՎԻ Հույս է հայտնում Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահ Վլադիմիր Կրայնեւը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրին ղեկավարում է աշխարհահռչակ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Հանովերի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Կրայնեւը։ Նա բազմաթիվ միջազգային փառատոների մասնակիցն է (ժյուրիի անդամ կամ նախագահ), պատվավոր հյուրը։ Անցյալ տարի Կրայնեւը Մոսկվայում նախագահել է Չայկովսկու անվան դաշնակահարների մրցույթի ժյուրին եւ անչափ հիացած է վերջին տարիների երիտասարդ դաշնակահարներով։ Վ. Կրայնեւը չնսեմացնելով դաշնակահարների բարձրակարգ դասատուների վաստակը, այնուամենայնիվ գտնում է, որ շատ բան կախված է երաժշտի աշխատասիրությունից (իհարկե, չի բացառում նաեւ բնությունից օժտված լինելը)։ Խաչատրյանի անվան մրցույթի հայտ ներկայացրած 27 հոգուց Երեւան է ժամանել 17 դաշնակահար, ինչը Վ. Կրայնեւը բացատրեց ֆինանսական պատճառներով, ստեղծագործական գործունեության հետ կապված խնդիրներով։ Նրա կարծիքով, ցանկացած երաժշտի ստեղծագործական կյանքում մեծ դեր ունեն նման մրցույթները՝ նախ դրանցով պայմանավորված բարձրանում է երաժշտի վարկանիշը (մրցույթից հետո հետեւում են հրավերներ), երկրորդ՝ հնարավորություն է ստեղծվում շփվելու տարբեր լսարանների ու ժողովուրդների մշակույթների հետ։ Վ. Կրայնեւը բարձր կարծիքի է նաեւ հայ դաշնամուրային դպրոցի մասին։ «Այս մրցույթի մասնակից հայ դաշնակահարների թիվն արդեն ասվածի վկայությունն է»,- ասաց դաշնակահարը, այնուհետեւ փաստեց, որ աշխարհում մեծ թվով հայ դաշնակահարներ են մասնակցում միջազգային մրցույթներին։ Վլադիմիր Կրայնեւը համամիտ չէ տարածված այն կարծիքին, թե մրցույթներում, թեկուզ հազվադեպ, բայց լինում են անարդարացիության դեպքեր։ Իսկ թե ինչու, չկամեցավ մանրամասնել։ «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ եք համարում, որ նման մրցույթներում առաջին մրցանակը կիսվում է եւ երկու երաժիշտների կատարողական վարպետությունը հավասար է գնահատվում, Վ. Կրայնեւը պատասխանեց իր օրինակով։ «Ժամանակին՝ 1970թ., Չայկովսկու անվան միջազգային մրցույթում ես եւ անգլիացի դաշնակահար Ջոն Լիլը կիսեցինք առաջին մրցանակը։ Հիմա՝ տարիներ հետո, դժվար է ասել՝ ե՞ս էի ավելի արժանավոր, թե՞ նա։ Գտնում եմ, որ ամեն դեպքում ճիշտ է նման կերպ վարվելը։ Բայց կոնկրետ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում կաշխատենք, որ շնորհվի մեկ առաջին մրցանակ»,- կատակեց նա։ Ի դեպ, Ա. Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրին էլ իրավունք ունի մրցանակը բաժանել մասնակիցների միջեւ, իսկ այդ որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել