Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա երկակի ստանդարտ»

Նոյեմբեր 27,2003 00:00

«Չկա երկակի ստանդարտ» Քանի որ մոտ ժամանակներս հրապարակվելու է «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը, Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդ Սամվել Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հարկ համարեց անդրադառնալ դատավարության մի նրբությանը։ Բանն այն է, որ պրն Սարգսյանն իր մեղադրական ճառում առավել արժանահավատ էր համարում Նաիրի Հունանյանի նախաքննական ցուցմունքները կազմակերպիչների վերաբերյալ։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը իր մի ռեպլիկում տուժողներին մեղադրեց երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ։ Ըստ Կ. Փիլոյանի՝ տուժողները Ալ. Հարությունյանի վերաբերյալ ցուցմունքներն արժանահավատ են համարում, քանի որ այս դեպքում հետքերը տանում են նախագահական նստավայր, իսկ, օրինակ, Հայկ Բաբուխանյանի մասով ցուցմունքներն արժանահավատ չեն համարվում, քանի որ այս դեպքում հետքերը նախագահական չեն տանում։ Փաստաբան Աշոտ Սարգսյանն այդ առիթով ասաց «Առավոտին». «Բոլոր ցուցմունքները համադրվել են քրգործի տվյալներին եւ ակնհայտ է, որ Հայկ Բաբուխանյանի վերաբերյալ տականքի (Նաիրի Հունանյան- Մ. Ե.) ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, ոչ միայն այն պատճառով, որ առկա է օրերի տարբերություն (դա ինձ համար այնքան էլ էական չէ), այլ՝ համադրելով քրգործի բոլոր տվյալներին, հարցեր չեն առաջացնում եւ հերքվում են հենց քրգործի տվյալներով։ Մնացած նախկին մեղադրյալների վերաբերյալ տված ցուցմունքները եւ հատկապես Նաիրի Բադալյանի եւ նրա հետ կապված անձանց վերաբերյալ ցուցմունքները, համադրելով քրգործի տվյալների հետ, բազմաթիվ հարցեր են առաջացնում եւ մնում են չհերքված։ Անջատված մասով մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Բացի այդ, Հ. Բաբուխանյանը տուժողի կարգավիճակով եղել է քրգործում, նույն կարգավիճակով մնացել է եւ անգամ անհրաժեշտ չի համարել դատարան ուղարկել ներկայացուցիչ՝ իր շահերը պաշտպանելու համար։ Մինչդեռ փաստաբան Ռուբեն Սահակյանը, որը նախաքննության ժամանակ պաշտպանել է Ալ. Հարությունյանի շահերը, տուժող Աղվան Վարդանյանի շահերը ներկայացնելու քողի տակ, ակնհայտորեն ներկայացնում է Ալեքսան Հարությունյանի շահերը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել