Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՀԱՏՎՈՒՄ

Նոյեմբեր 27,2003 00:00

ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՀԱՏՎՈՒՄ Կամ, ավելի ճիշտ, էտվում են Մայրաքաղաքում կանաչ տարածքների կրճատման հետեւանքով մեր համաքաղաքացիները յուրաքանչյուր ծառի կամ ճյուղի հատումը ցավագին են ընդունում։ Երեկ «Առավոտի» խմբագրությունը ահազանգ ստացավ, որ Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ, Պուշկինի անվան դպրոցի դիմացի այգում հաստաբուն ծառեր են հատվում։ Լինելով տեղում, պարզեցինք, որ Կենտրոնի թաղապետարանի «Կենտրոն-կանաչապատում» բաժինը իրականացնում է սանիտարական էտումներ (դա հատման «գիտական» անվանումն է)։ Բաժնի տնօրեն Գագիկ Գեւորգյանից տեղեկացանք, որ մինչեւ նոյեմբերի 30-ը Կենտրոն համայնքի տարբեր փողոցներում, այգիներում եւ շենքերի բակում չորացած ծառերի ճյուղերի էտումներ են կատարվելու։ Պրն Գեւորգյանը թվարկեց փողոցների, այգիների անունները եւ մեր համաքաղաքացիներին խնդրեց չմատնվել խուճապի։ Վերոնշյալ փողոցներն են՝ Սայաթ-Նովա, Մոսկովյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան 33, Չարենցի 35 հասցեներ, Թումանյան 9, Զարուբյան եւ Իսահակյան։ Այգիներից նշվեց Պուշկինի, Դեմիրճյանի անվան այգիները, տարածքներից՝ ԵՊՀ-ի տարածքը։ «Ինչ նպատակով է օգտագործվելու էտված, չորացած փայտը» «Առավոտի» հարցին ի պատասխան, Գ. Գեւորգյանը հավաստիացրեց, որ բաժանվելու է զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Այնուամենայնիվ, մեզ համար զարմանալի էր, որ ծառերի սանիտարական էտումներն իրականացվում են ձմռան նախաշեմին, ինչից հնարավոր է, որ ծառը տուժի։ Հաճախ մասնագետները դժգոհում են, որ իրականացվելիք սանիտարական հատումներից առաջ անտեսվում է իրենց կարծիքը, թե տարվա որ եղանակին ինչ տեսակի ծառերի դեպքում է կարելի էտումներ կատարել։ «Առավոտը» դիմեց նաեւ Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն, Գյուղակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Վարդանյանին։ Վերջինիս պնդմամբ, ծառերի սանիտարական էտումները սովորաբար պետք է իրականացվեն վաղ գարնանը, «երբ ձմռան հետեւանքները վերացած են։ Դրանից հետո ծառը կփարթամանա, կերիտասարդանա»։ Ժ. Վարդանյանի մեկնաբանմամբ, բոլոր ծառերը չէ, որ ի վիճակի են էտելուց հետո փարթամանալու. «Երբ ծառը ծեր է, նրա արտաքին շերտն արդեն քայքայված է։ Այդ նույնն է, թե 70-80 տարեկան մարդուն ստիպենք, որ սերունդ ունենա։ Բայց մեզ մոտ առիթն օգտագործում են եւ աջուձախ հնձում»։ Ժ. Վարդանյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ մեզ մոտ ծառերի սանիտարական էտումները հարմարեցվում են վառելափայտի պաշար կուտակելու հետ, քանի որ դրանք տեղի են ունենում ձմեռնամուտին։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել