Բուժումը դարձնել մատչելի Իսկ խարանն ու խտրականությունը՝ բացառել Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող 42 մլն մարդկանցից 5-6 մլն-ը հրատապ կարիք ունի հակառետրովիրուսային դեղորայքի, սակայն այս տեմպերով շարունակվելու դեպքում, 2005-ին հազիվ մեկ միլիոնին հնարավոր լինի ապահովել դրանցով: Մասնագետները գտնում են, որ աղքատությունը թեեւ անուղղակիորեն, բայց ազդում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականության մեծացման վրա: «Այսինքն, աղքատությունը կարող է նվազեցնել ՄԻԱՎ վարակին դիմագրավելու անհատի ունակությունն ու հնարավորությունը: Հաճախ աղքատությունը կրթության ավելի ցածր մակարդակ է ենթադրում, ինչը հանգեցնում է ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների եւ եղանակների մասին վատ տեղեկացվածության»,- արձանագրում են «Աղքատության, միգրացիայի եւ այլ սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի համաճարակի վրա» գրքի հեղինակները: Թեեւ հանրահայտ է, որ աղքատությունն անմիջականորեն ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառ չի կարող դառնալ, սակայն ընդունված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կոչել «աղքատների հիվանդություն»: Ի՞նչ վիճակ է այդ առումով Հայաստանի Հանրապետությունում: «Ցավոք, մինչեւ օրս ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի հակառետրովիրուսային բուժումը դեռեւս մատչելի չէ ՀՀ-ում»,- ասաց Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Մեր այն հարցին ի պատասխան, թե ինչ արժե մեկ վարակակրի տարեկան բուժումը (հիշեցնենք, որ բուժման մեջ մտնում է ոչ միայն դեղորայքի, այլեւ վարակակրի լաբորատոր մոնիտորինգի ինքնարժեքը), պրն Գրիգորյանն ասաց (մեր խնդրանքով ձեւակերպելով մտքերը հանրամատչելի, ոչ մասնագիտական լեզվով). «Քանի որ վիրուսային ծանրաբեռնվածության որոշում կամ իմունային համակարգի պաշտպանիչ բջիջների քանակի որոշում մինչ օրս չի կատարվել, այդ պատճառով արժեք չկա ձեւավորված»: Նա տեղեկացրեց նաեւ, որ աշխարհում դեղորայքի գինը տատանվում է 200 դոլարից մինչեւ ութ հազար դոլարի սահմաններում՝ կախված դրա արտադրության վայրից: Այս տարվա հունվարին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը որպես աջակցություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի, հաստատել է ՀՀ-ին 2 տարվա դրամաշնորհ, որի նպատակն է՝ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի տարածմանը, բնակչության տարբեր խմբերի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց կենսապայմանների բարելավմանն ու նրանց՝ հասարակությանը ինտեգրացմանը: Իսկ հոկտեմբերին արդեն հատկացրել է 3,2 մլն դոլար արժողության դրամաշնորհը, որի առաջարկը ներկայացրել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված միջոցառումների Ազգային համակարգման հանձնաժողովը: Այս դրամաշնորհի շնորհիվ, Ազգային ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում է նաեւ 2004 թվականից սկսել 20 ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հակառետրովիրուսային բուժումը: Ս. Գրիգորյանը հաղորդեց, որ նրանք ընտրվելու են ըստ բուժման կարիքի աստիճանի: «Հուսով եմ, որ այդ թիվը հետագայում հնարավոր կլինի մեծացնել եւ բոլոր բուժման կարիք ունեցողները դրա հնարավորությունը կունենան»,- ասաց պրն Գրիգորյանը: Մեր մասնագետները կարծես թե մոռացել են, որ ունեն մի այնպիսի «հզոր» միջոց, ինչպիսին «Արմենիկումն» է: Դրա պատասխանատուները վերջերս մամուլում հավաստիացրել են, որ դիմած բոլոր հիվանդներն անվճար բուժվել են իրենց մոտ եւ այժմ էլ հսկողության տակ են, ավելին, նրանք անգամ չեն վճարել «կուրսի համար սահմանված սիմվոլիկ 500-600 դոլարը»: Սակայն այդ պաշտոնյաները լռել են այն մասին, թե կոնկրետ որտեղ են այդ հիվանդները ստացել «Արմենիկում» դեղամիջոցը: Արդյո՞ք «Արմենիկում» կլինիկայում, որտեղ, մեր տեղեկություններով, վաղուց ոչ հիվանդ կա, ոչ բուժանձնակազմ, ինչի մասին, սակայն, նույն ծրագրի պատասխանատուները հրաժարվում են «Առավոտին» պարզաբանումներ տալ: Բուն դեղամիջոցի մասին էլ ոչ մի նոր բան չի ասվում՝ միայն այն, որ «Արմենիկումի» կլինիկական փորձարկումները հաջողությամբ են ընթանում, իսկ դրա «քաղաքացիական իրավունքի» համար, համաձայն միջազգային պրակտիկայի՝ միջին հաշվով տասը տարի է պետք: Այսինքն այն, ինչ ասում էին նաեւ հինգ տարի առաջ: Դատելով այս գաղտնապահությունից, «Արմենիկումը» հայաստանցիների համար դեռ երկար կմնա իբրեւ «պարկի միջի կատու»: Այնպես որ, հայ վարակակիրները հույսները առայժմ պետք է դնեն Գլոբալ հիմնադրամի աջակցության ընդլայնման վրա: Մինչդեռ այս տարի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում միջազգային կազմակերպությունների եւ հատկապես ՄԱԿ-ի կողմից շեշտը դրվում է ոչ միայն վարակակիրների նկատմամբ խտրականության դրսեւորման եւ նրանց խարանելու անթույլատրելիության խնդիրների, այլեւ բուժման մատչելիության վրա: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ