Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական ընդդիմությունն ականազերծ էր

Նոյեմբեր 27,2003 00:00

Վրացական ընդդիմությունն ականազերծ էր Ինչպես եւ սպասվում էր, Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, 35-ամյա Միխայիլ Սահակաշվիլին «Բուրջանաձե-դեմոկրատներ» եւ «Ազգային շարժում» բլոկի կողմից առաջադրվեց նախագահի միասնական թեկնածու: Այս մասին երեկ հայտարարել է նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն: Փաստորեն, չիրականացան վրաստանյան իրադարձությունների արժանիքներն ամեն կերպ նսեմացնել փորձող հայկական «պետականամետ» գործիչների այն կանխատեսումները, թե նախագահի թեկնածու առաջադրելիս վրացական մինչ այդ համերաշխ ընդդիմությունն անխուսափելիորեն կպառակտվի: «Ես պատրաստ եմ հաղթանակի: Ժամանակն է վերջ դնել միանձնյա ղեկավարմանը: Պետության ղեկավարումը պետք է հիմնվի կոնսենսուսի սկզբունքների վրա»,- հայտարարել է այլեւս միասնական թեկնածու Սահակաշվիլին: Նախագահության ամենահիմնական հավակնորդը նշել է նաեւ, որ իր համար կարեւորագույն խնդիրներից է հանդիսանում Վրաստանի բոլոր տարածաշրջանների հետ հարաբերությունների կարգավորումն ու ըստ այդմ՝ վրացական պետականության ամրապնդումը: Այսպիսով, 2004թ. հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մեկնարկն ազդարարված է: Հայտնի են նաեւ առնվազն առաջիկա տասնամյակի կտրվածքով երկրի ապագան կանխորոշող այդ քաղաքական կարեւորագույն միջոցառման գլխավոր գործող անձինք: Նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին է հայտարարել հանրապետության անվտանգության ծառայության նախկին պետ Իգոր Գեորգաձեն: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Գեորգաձեի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված՝ կապված նախկին նախագահ Շեւարդնաձեի դեմ մահափորձի կազմակերպման՝ նրան ներկայացվող մեղադրանքների հետ: Վրաստանի նախագահի հավակնորդների թվում են նաեւ Իմերեթիում (Արեւմտյան Վրաստան) նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, 52-ամյա Թեմուր Շաշիաշվիլին եւ Վրաստանի «Էրթոբա» (Միասնություն)քաղաքական միավորման ղեկավար, 63-ամյա Ջումբեր Պաթիաշվիլին: Վերջինս արդեն երրորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրարշավին: 1995 եւ 2000 թվականներին Պաթիաշվիլին Շեւարդնաձեի հիմնական մրցակիցն էր եւ, իր հավաստմամբ, նախագահ չէր դարձել Շեւարդնաձեի կողմնակիցների իրականացրած մեծաթիվ կեղծումների պատճառով: Վրաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների անցկացումն, այնուամենայնիվ, կապված է մի շարք կազմակերպչական եւ ֆինանսական բնույթի լուրջ դժվարությունների հետ: Այդուհանդերձ պարզ է, որ Արեւմուտքն ու, մասնավորապես, ԱՄՆ-ն իր կողմնորոշումներում միանշանակ Վրաստանին դժվար պահին անօգնական չեն թողնի՝ ի շարս աշխարհաքաղաքական այեւայլ գործոնների, թեկուզեւ հենց նոր հաղթանակած ժողովրդավարության հեղինակությունը վրաց հասարակայնության աչքում չվարկաբեկելու մտահոգությամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Թբիլիսի կժամանի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների պատվիրակությունը: «Թբիլիսի ժամանող թիմը ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկի, թե մենք ինչպես կարող ենք օգնել նրանց առաջիկա ընտրությունների կազմակերպման եւ Վրաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող այլ խնդիրների լուծման գործում»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել