Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա սթափեցնող օրինակ էր»

Նոյեմբեր 27,2003 00:00

«Դա սթափեցնող օրինակ էր» Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները «Առավոտի» համար մեկնաբանում է Ադրբեջանի «Մուսաֆատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Հիքմեթ Հաջիզադեն: – Հայաստանում եւ Ադրբեջանում ընդդիմության ձախողման պատճառը թույլ ընդդիմությո՞ւնն է, թե՞ ուժեղ իշխանությունները: – Հարցադրումը ճիշտ չէ: Իրականում դրա պատճառը մեր հասարակությունների զարգացման ցածր մակարդակն է: – Դա նշանակում է, որ վրաց հասարակությունն ավելի եվրոպական մտածողություն ունի, ավելի ազատատենչ է, քան՝ մերը: – Խնդիրն այդ չէ: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է ժողովրդավարությունը Վրաստանում ավելի զարգացած, քան՝ մեզ մոտ: Ինքս դրա պատասխանը չունեմ: Բոլոր դեպքերում բարոյական տեսանկյունից դա մեզ համար լավ օրինակ է: Եվ յուրաքանչյուր ադրբեջանցի, յուրաքանչյուր հայ վրացիներին նախանձով է հետեւում եւ մտածում է՝ իսկ ինչու մենք էլ չփորձենք: Դա մեր հասարակությունների համար սթափեցնող օրինակ է, մեզ ուղղված ինքնատիպ բարոյական կոչ: – Վրաց ընդդիմության առաջնորդները երբեմնի իշխանության մասնիկ են եղել: Դա պարտադի՞ր պայման է հաղթանակի հասնելու համար եւ արդյո՞ք ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե իշխանության մեջ լինելով ավելի հեշտ է ինչ-որ բան փոխելը: – Այստեղ էլ նման «գիտական» հարցադրումներ եւ բացատրություններ կան, բայց անձամբ ինձ համար դա անընդունելի տարբերակ է: – Ադրբեջանում ընդդիմությունը համոզվա՞ծ էր, որ իշխանություններն, այնուամենայնիվ, կկրակեն ժողովրդի վրա, թե՞ կար հավանականություն, որ ամեն ինչ կարող է վերջանալ այնպես, ինչպես՝ Վրաստանում: – Ողջ ընդդիմության անունից չեմ կարող ասել, բայց ես վստահ էի, որ կկրակեն: Դա ակնհայտ էր: – Հնարավո՞ր է, որ Վրաստանի փորձը շղթայական զարգացումների հանգեցնի նաեւ Ադրբեջանում: – Գոնե փորձեր անպայման կլինեն, թեեւ չգիտեմ, թե դրանք ինչով կավարտվեն: Մենք եղածով չենք բավարարվի, որովհետեւ մարդուն հատուկ է անպայմանորեն արդարության հասնելու ձգտումը: Ադրբեջանում բոլորն են ճնշված: Շատերը բանտում են: Բայց այս ամենը 1-2 տարի հետո կանցնի եւ ամեն ինչ նորից կսկսվի: – Բայց ձեր վրա էլ արդեն մի անգամ կրակել են: Դա զգաստացնող գործոն չէ՞: – Հետո ինչ: Քչերի՞ վրա են կրակել: Ֆրանսիայում միայն 19-րդ դարում 5 հեղափոխություն է եղել: Իսկ Անգլիայում 700 տարի քաղաքացիական պատերազմ է եղել: Այս բոլորը պետք է հիշել: – Ինչ եք կարծում, Վրաստանում ժողովրդավարների հաղթանակը որքանո՞վ էր պայմանավորված Արեւմուտքի օժանդակությամբ: – Այստեղ՝ Բաքվում, բոլորը վստահ են, որ Արեւմուտքը որոշակիորեն օգնել է վրաց ընդդիմությանը, բայց ինքս նման որեւէ օգնություն չեմ տեսել: Որքանով ես եմ հետեւել իրադարձությունների զարգացումներին, առանձնահատուկ օգնություն, այդ թվում՝ ֆինանսական, չի եղել: Միակ օգնությունը արդար ընտրություններ անցկացնելու բարոյական կոչերն էին: Իսկ երբ սկսվեցին ընդդիմության եւ Շեւարդնաձեի միջեւ բանակցությունները, ապա՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը հրաժարվեց անգամ միջնորդ հանդիսանալ: Միակ բանը, որ նրանք արել են, դա այն է, որ Շեւարդնաձեի հրաժարականից հետո Արեւմուտքը շատ արագ ճանաչեց նոր ժամանակավոր կառավարությանը: – Իսկ Բաքվում կրքերն արդեն հանդարտվե՞լ են: – Միայն հարաբերականորեն: Դա էլ պայմանավորված է միայն նրանով, որ փողոցներում անկարգություններ չկան, ընդդիմության ներկայացուցիչները բանտում են: Բայց ռեժիմի կողմից բռնաճնշումները շարունակվում են: Վրաստանի ընդդիմության հաջողված փորձը ադրբեջանական ընդդիմության համար այնքան վարակիչ չի լինի, որ մոտ ապագայում կրկին փորձի փոխել իրերի վիճակը: Բայց այդ փորձն, իհարկե, արմատապես կտպավորվի մարդկանց գիտակցության մեջ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել