Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ԺԱՅՌԻ ՊՌՈՒՆԿԻՆ»

Նոյեմբեր 27,2003 00:00

«ԴՈՒՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ԺԱՅՌԻ ՊՌՈՒՆԿԻՆ» ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ այսպիսի զգուշացում ստացավ Ի տարբերություն ԱԺ նախկին նախագահի (որը շարունակ օտար երկրներ էր մեկնում), այսօր գործող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ուղեւորությունները սկսել է հանրապետության մարզերից։ Երեկ նա այցելեց Վայոց ձորի մարզ (Արենի, Արփի, Եղեգնաձոր, Վայք)։ Ի դեպ, ԱԺ նախագահի մինչ այժմ այցելած երեք մարզերից երկուսի (Գեղարքունիք, Վայոց ձոր) մարզպետները ՕԵԿ անդամներ են։ Արթուր Բաղդասարյանի բավականին ակտիվ այցելությունները լրագրողական շրջանակներում արդեն որակվում են որպես նախագահականի նախընտրական քարոզարշավի սկիզբ։ Ինքը՝ Արթուր Բաղդասարյանը, գտնում է, որ՝ «երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը մարդկանց հետ շփումներն ու հանդիպումներն են։ Մեր այցելությունների նպատակն է տեղում տեսնել խնդիրները, հասկանալ դրանք եւ լուծել ոչ թե կաբինետներում նստած, այլ մարդկանց հետ շփվելով»։ Արենի գյուղի բավականին հին, անմխիթար եւ ցուրտ մշակույթի տան դահլիճում ԱԺ նախագահին դիմելով, գյուղապետ Սերգեյ Սուքիասյանն ասաց. «Սա պատմական այց է մեր մարզ, որովհետեւ մարզերի պատմության մեջ առաջին անգամ է աշխատանքային այցով մարզ գալիս ԱԺ նախագահ»։ Հետո գյուղապետը անցավ գյուղի խնդիրներին՝ խմելու ջուր չկա, դպրոցը գույք չունի, աշխատատեղեր չկան։ Իսկ Արենի գյուղի մի բնակիչ՝ Կամո Պետրոսյանը իր ելույթը այսպես սկսեց. «Ես պարոն չեմ ասելու, ընկեր չեմ ասելու, ես կասեմ տիար Բաղդասարյան (ականջդ կանչի Աշոտ Բլեյան- Մ. Ե.), 6 տարի առաջ դուք ներկայացաք եւ մենք ՕԵԿ-ին պաշտպանեցիք՝ ծափերով։ Ես ողջունում եմ ՕԵԿ-ի առաջընթացը, հույսեր եմ կապում եւ մեր ժողովուրդն է հույսեր կապում։ Իրոք, դուք շարունակում եք մեր էպոպեան»։ Իր այս ոգեշունչ ելույթից առաջ տիար Կամոն նախ ուզեց իր «էպոպեան» շարունակել ամբիոնից, հետո էլ տեսնելով, որ ստիպված է դահլիճից խոսել, շարունակեց. «Չեք թողնում գրավեմ ամբիոնը, բայց պիտի ասեմ՝ մենք հավատում ենք, մենք լսում ենք, մենք ընկալում ենք։ Բայց մի հուզող հարց՝ էդ օպտիմալացումը հանեք դուրս, ցավներդ տանեմ»։ Դահլիճը համակարծիք էր հռետորի հետ։ Մեկ ուրիշ արենցու՝ Բարխուդար Գրիգորյանին, հավանաբար, հետաքրքրում էին գենդերային խնդիրները. «Մեր դասատուների 50 տոկոսը հարս ու կին ա, էդ ինչո՞ւ խորհրդարանի 50 տոկոսը կին չի։ Կանայք համ ավելի խելոք են, համ համբերատար են, համ էլ տղամարդկանցից ազնիվ են ու գեղեցիկ»։ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց բոլոր հարցերին։ Նախ նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ն ունի կին նախարար («որին շարունակ քննադատում են») եւ մի կին էլ՝ պատգամավոր։ ՕԵԿ նախագահը իհարկե դեմ չէ կանանց. «Ինքս կանանց առաջ տանելու կողմնակից եմ, բայց ոչ տղամարդկանց արժանապատվության հաշվին»։ Նույն գյուղի բնակիչ Անդրանիկ Մաթեւոսյանը Արթուր Բաղդասարյանին հետեւյալն ասաց. «Այսօր դուք գտնվում եք ժայռի պռունկին։ Ժողովուրդը ձեզ ընդունում է, բայց եթե դուք թեքվեք լեւոնականների ճանապարհով, կհարստանաք անձնապես, կունենաք բարեկեցիկ կյանք եւ ժողովրդի կողմից առհավետ կատվեք։ Խնդրում եմ, գնացեք այն ուղղությամբ, որ ժողովուրդը հարգանքը պահի»։ Արթուր Բաղդասարյանը պատասխանելով գյուղացիների հարցերին, մասնավորապես վերջին զգուշացմանը, ասաց. «170 հազար մարդ քվեարկել է մեր օգտին։ Մենք իրավունք չունենք մարդկանց հուսախաբ անել»։ Նա տեղեկացրեց, որ իր՝ ԱԺ նախագահ աշխատած երեք ամիսների ընթացքում 3000-ից ավելի նամակ է ստացել եւ յուրաքանչյուրին պատասխանել է կամ օգնել։ Պրն Բաղդասարյանը արենցիներին եւս խոստացավ լուծել խմելու ջրի հարցը, դպրոցի գույքի եւ գյուղացիներին անհանգստացնող այլ հարցեր եւս։ Օպտիմալացման ծրագրի մասով Արթուր Բաղդասարյանը խոստովանեց. «Սրա ձեռքը կրակն ենք ընկել։ Բայց պետք է հասկանալ, որ այն ունի երկու ուղղություն։ Նախ, հազարավոր ուսուցիչներ աշխատում են 0,25 դրույքով, իսկ 5 հազարից ավելին չունի մասնագիտական կրթություն»։ Ասվեց, որ խնդիր է դրված մասնագիտական կրթություն չունեցողներին վերապատրաստել, ովքեր չեն ցանկանա՝ կթողնեն դպրոցը։ Նույնը սպասվում է նաեւ 0,25 դրույքով աշխատողներին։ Պարոն Բաղդասարյանը ընդունում է, որ քիչ չեն նաեւ դպրոցների տնօրենների քմահաճույքով ազատվածները, որոնք պետք է անպայման վերականգնվեն։ ԱԺ նախագահին այս հարցով դիմել է 76 ուսուցիչ, որից 71-ի խնդիրը լուծվել է եւ նրանք վերականգնվել են աշխատանքում։ Վայքի հիվանդանոցում Արթուր Բաղդասարյանին եւ նրան ուղեկցողներին սպասում էր մի տխուր տեսարան։ Շինությունը ներսից նման էր ամեն ինչի՝ բացի հիվանդանոցից։ ԱԺ նախագահը խոստացավ օգնել շինարարական, բուժտեխնիկայի խնդիրներում, շտապօգնության մեկ մեքենա նվիրել եւ այլն։ Բժիշկների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը արձանագրեց. «Փաստորեն, փուլային ձեւով սկսում ենք բուժանձնակազմի եւ ԱԺ-ի համագործակցության լավ շրջանը»։ Մալիշկա գյուղի եկեղեցու մոտ պատասխանելով լրագրողների հարցերին, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մարզեր կատարած իմ այցերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետք է անցնենք կոնկրետ քայլերի եւ կոնկրետ ծրագրերով աջակցենք մարզերին։ Իսկ դա առաջի հերթին պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը։ Այս այցելություններն ինձ համար շատ կարեւոր են։ Բարձրացվում են խնդիրներ, որոնք մենք լուծում ենք՝ օգնելով կոնկրետ մարդկանց։ Ակնհայտ է, որ պետք է լրջորեն մտածենք Հայաստանի մարզերում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման մասին։ Մարդկանց ուզածն աշխատանք է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել