ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՀՈՐԹԻ ՀՐՃՎԱՆՔ» ՉԻ ԱՊՐՈՒՄ Ի տարբերություն Վրաստանի հաղթանակած ընդդիմությանը ողջույնի ուղերձներ հղած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի: Վրաստանի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, թե որքան արդյունավետ կարող են լինել թե՛ հանրահավաքային պայքարը, թե՛ ընդդիմության միասնական գործողությունները՝ առավել տխուր երեւաց այն դերը, որ 2003-ի փետրվարին խաղաց «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, որը չպաշտպանեց ընդդիմության առավել ձայներ ստացած թեկնածուին, եւ չմասնակցեց նաեւ հանրահավաքային պայքարին: Սակայն երեկ ասուլիսում այս առնչությամբ «Առավոտի» հարցին, թե ընդունո՞ւմ է պատասխանատվության իր բաժինը 2003-ին ընդդիմության պարտության համար՝ հետեւեց ժխտում: Գեղամյանն էլի պնդեց. «Եթե անօրեն հայտարարված 1-ին փուլին հաջորդող 2-րդ փուլին մասնակցում ես՝ առնվազն անլուրջ քաղաքական ուժ ես: Եթե հերքում ես մի բան, ո՞նց կարող ես դրա տրամաբանական շարունակությանը մասնակցես եւ մեծագույն նվեր անես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, այն է՝ վավերացնես 1-ին փուլի խայտառակ արդյունքները: Դա իրենց ամենամեծ, լրջագույն քաղաքական սխալն էր: Եվ իրենց միջից որոշակի քաղաքական ուժեր հիմա արդեն՝ Վրաստանի իրադարձությունները վերլուծելով՝ ընդունում են, որ սխալ են եղել: Իրե՛նք են ասում, որ երբ մենք իշխանափոխության էինք պատրաստվում՝ 2-րդ փուլի ջատագովները մտածում էին, թե 2-րդ փուլի ոնց գնան»: Փոքր-ինչ այլ հայտարարություն իրոք արել են «Հանրապետության» գործիչները: Գեղամյանը բավական ինքնատիպ արձագանքեց այն հարցին, թե արդյոք ընդունո՞ւմ է, որ վրաստանյան ընդդիմության հաջողությունը կարող է ոգեւորել Հայաստանի ընդդիմադիրներին. «Ցանկացած ընդդիմություն հաջողության է հասնում միայն այն պարագայում, երբ այն բարենպաստ հետեւանքներ է ունենում երկրի համար: Եթե ուշադրությամբ հետեւենք այն զարգացումներին, որոնք այսօր առկա են Վրաստանում՝ կարձանագրենք, որ այնտեղ շատ ծանր իրավիճակ է: Վրաստանի տարածքային 3 միավորները՝ Աջարիան, Հարավային Օսեթիան եւ Աբխազիան արդեն իսկ հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումները. այն է՝ որ չեն ճանաչում այս ընդդիմության իշխանությունը: Ինչպիսի՞ հետեւանքներով է հղի այս ամենը Վրաստանի տարածքային ամբողջականության համար՝ այս պահին դժվարանում եմ ասել: Ես դժվարանում եմ բաժանել այն հորթի հրճվանքը, որով ողջույններ են հղում այսօրվա Վրաստանի իշխանություններին, որոնք վաղը-մյուս օրը փակելով Ախալքալակ -Բաթումի ճանապարհը՝ լրջագույն խնդիրների առջեւ կկանգնեցնեն Հայաստանին: Վերջին հաշվով՝ չի՛ կարելի սեփական նկրտումներից, անձնական վաղեմի թշնամանքից ելնելով՝ հղել այդպիսի չմտածված ողջույններ: Դրանք հղողները շատ ծանր կացության մեջ կդնեն Հայաստանին, երբ նույն Աբխազիան, Աջարիան եւ Հարավային Օսեթիան անջատվեն Վրաստանից»: Նշենք նաեւ, որ Գեղամյանն այն կարծիքին է, թե սա «նախօրոք մտածված հեղափոխություն էր», հաշվի առնելով, որ Բուրջանաձեն ու Սահակաշվիլին Շեւարդնաձեի նախկին թիմակիցներն են: Սակայն դառնանք Հայաստանում իշխանափոխության հեռանկարներին: «Այբ-Ֆե»-ի հարցին՝ թե այդ հարցում համագործակցելո՞ւ են «Հանրապետության» հետ՝ Գեղամյանն արձագանքեց. «Իշխանափոխության այն ճանապարհը, որ մենք մատնանշել էինք դեռեւս փետրվարի 19-ին, եւ որը միակ ճիշտ ու հաղթանակ բերող ճանապարհն էր՝ ցավոք, հերքվեց որոշ քաղաքական ուժերի կողմից, ինչի մասին, ի պատիվ Արամ Սարգսյանի՝ նա օրերս խոստովանել էր, թե փետրվարի 19-20-ին իշխանափոխություն անելու պահը կորցրել են: Դա ոգեւորում է ինձ, որ արդեն վերանայում են իրենց իսկ կողմից որդեգրած քաղաքականությունը: Այն քաղաքական ուժը, որի կանխատեսումներն իրականացել եւ բռնել են ժամանակի քննությունը՝ լիարժեք իրավունք ունի ի՛նքն առաջնորդելու ժողովրդի պայքարը հանուն իշխանափոխության: Կսատարե՞ն մեզ՝ խորին շնորհակալություն կհայտնենք: Չե՞ն սատարի՝ միեւնույն է՝ մեր ուրվագծած ճանապարհը եզակի է եւ բերելու է հաղթանակի»: Այդ ճանապարհը վստահության հանրաքվեն է, որի վերաբերյալ ՍԴ-ն որոշում կայացրեց նախագահի ընտրության 2-րդ փուլից հետո, որին Գեղամյանն առաջարկում էր չմասնակցել: Անդրադարձ չեղավ, թե ինչ եղավ Քոչարյանին անվստահության ստորագրահավաքը, որն «Ազգային միաբանությունը» խոստանում էր իրագործել: Գեղամյանն ասաց, թե երբ ԱԺ եռօրյա նիստերի օրակարգում հայտնվի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հարցը՝ «մեր բոլոր համակիրներին եւ անդամներին կոչ ենք անելու, որ պարտադիր գան եւ տեր կանգնեն ՍԴ ընդունած որոշման 6-րդ կետի իրականացմանը»: Եվ պնդեց, թե միայն հեռախոսազանգով կարող են 14700 երեւանցու հրավիրել հանրահավաքի: Հմայակ Հովհաննիսյանը որոշակիացրեց, թե կուսակցության քաղխորհուրդը երեկ որոշում է ընդունել՝ «շրջապատել ԱԺ-ն ու խաղաղ ցույց անցկացնել քննարկման ժամանակ»: Նաեւ առաջարկեց ընդդիմադիր ճակատ ստեղծել՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կարգախոսով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ