Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

Նոյեմբեր 26,2003 00:00

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում «Օրինաց երկրի» գործիչների այն հայտարարություններին, որոնց միջոցով կարծես փորձ է արվում ներկայանալ «սպիտակ ձեռնոցներով», թե իրենցից առաջ եղածի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչպիսին էլ լինի կառավարությունը՝ հաջորդայնությունը պիտի պահպանվի: Եվ այդպես չէ, թե հենց վաղն իշխանությունը փոխվի՝ նոր կառավարությունը չպիտի որոշակի պատասխանատվություն կրի նախորդ բոլոր գործընթացների նկատմամբ»: Զրույցն առավել որոշակի նյութի՝ օպտիմալացման ծրագրի մասին էր, որի առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. «Օպտիմալացումը երբե՛ք չի նշանակում ուսուցիչների կրճատում՝ սա թյուր կարծիք է: Այն բավական բազմաբնույթ ծրագիր է եւ լավ կլիներ, որ այդ մասին խոսողները գոնե մեկ անգամ ամբողջովին կարդային այդ ծրագիրը: Սա բավական մեծ բարեփոխումների ծրագիր է, որի մեջ ներառված են թե՛ դաստիարակության, թե՛ դասագրքերի, թե՛ խորհրդատվական եւ կառավարման հարցերը: Եվ ծրագրի «մեխն» այն է, որ կառավարումը ենթադրում է տալ դպրոցներին, իսկ նախարարությունը պիտի իրականացնի միայն քաղաքականություն: Բայց հանկարծ օպտիմալացման ծրագիրը միանգամից դարձավ ուսուցիչների կրճատման ծրագիր: Ուղղակի խնդիրն այն է, որ կրթության համար նախատեսված յուրաքանչյուր լումա պիտի օգտագործվի նպատակային»: Թերեւս վերջին ակնարկն առնչվում է ԱԺ-ում առկա դժգոհությանը, որ սոցիալական երաշխիքների համար նախատեսված 2,5 մլն դոլար հատկացումներն ուսուցիչներին առձեռն ու միանվագ՝ որպես դրամային փոխհատուցում տրամադրելու փոխարեն՝ Սերգո Երիցյանը մտադիր է դրանք տրամադրել նաեւ վերամասնագիտացմանը: «Եթե պաշտոնատար անձը գտնում է, թե որեւէ խնդրի լուծումը սխալ է՝ կա՛մ պիտի ճիշտ լուծում իրականացնի, կա՛մ էլ պիտի չգնար այդ պաշտոնին,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:- Ես ինքս Համաշխարհային բանկի եւ տարբեր կառույցների հետ միշտ քննարկել եմ այդ ծրագիրը: Եվ կարծում եմ՝ քննարկման փուլում հայկական կողմը միշտ էլ կարողացել է այն խնդիրները, որ մեզ հուզում են՝ առաջ քաշել եւ հասնել հաջողության»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել