Լրահոս
Օրվա լրահոսը

81 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Նոյեմբեր 26,2003 00:00

81 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է 1984 թվականից Աջափնյակ համայնքի Շինարարների 6, Ֆուչիկի 10, 19 եւ Սիսակյան 16 քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչները վերաբնակեցման կարիք ունեն, սակայն անցած 19 տարում խնդիրը չի լուծվել։ ՀՀ կառավարության կողմից բնակիչներին բարելավման համար հատկացված գումարները, վերջիններիս պնդմամբ, չեն տրամադրվում։ Ավելին՝ երեկ «Առավոտի» խմբագրություն դիմած 15 ընտանիքների ներկայացուցիչների զարմանքն ավելի մեծ է եղել, երբ Աջափնյակի գանձապետարանում պարզել են, որ կառավարության տարբեր որոշումներով բարելավման համար հատկացրած 112 մլն դրամի փոխարեն՝ գումարը 30 մլն 756 հազար է։ Սիսակյան 16 վթարային շենքի բնակիչ Գրիգոր Հարությունյանի խոսքերով, անհետացած 81 մլն դրամի համար ոչ ոք պատասխան չի տալիս. «Աջափնյակի գանձապետարանից մեզ ուղարկում են՝ կորած գումարների հարցը թաղապետի եւ քաղաքապետի հետ պարզելու, դատախազությունում գործ չեն հարուցում։ Մեր կարծիքով, պատահական մարդկանց կեղծ օրդեր է տրամադրվել եւ մեզ հասանելիք գումարների մի մասը նրանց է տրվել»։ Վթարայինի բնակիչները կրկին բազմաթիվ բողոքներ են հղել երկրի նախագահին, վարչապետին, հանրապետության դատախազին։ 2003-ի հոկտեմբերին, բնակիչների հավաստմամբ, կառավարությունը բնակարանային պայմանների բարելավման համար 7 բազմանդամ եւ 8 ոչ բազմանդամ ընտանիքների հատկացրել է 97 մլն 950 հազար դրամ լրացուցիչ գումար, սակայն այս անգամ էլ բնակիչներին անհայտ պատճառներով տեղ չի հասել։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել