Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ 5 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

Նոյեմբեր 26,2003 00:00

ԵՎՍ 5 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ Եվ այսպես, Կանադայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ թիմային պայքարում խաղարկվում էին եկող տարի Աթենքում կայանալիք օլիմպիական ամառային խաղերի ուղեգրեր։ Մրցումների ավարտից հետո տղամարդկանց մրցաշարում Հայաստանը 89 միավորով 73 երկրների մեջ գրավեց 10-րդ տեղը եւ նվաճեց օլիմպիական հինգ ուղեգիր։ Ու դրանում մեծ ավանդ ունեցավ գերծանր քաշային, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը։ Նրա առջեւ ծանր պարտականություն էր դրված 105 կգ քաշային կարգում Ռաֆիկ Չախոյանի անհաջող մրցելույթից հետո։ Ռաֆիկը պոկում վարժությունում երեք մոտեցումներից հաջող կատարեց միայն առաջինը՝ բարձրացնելով 172,5 կգ եւ ավելի վատ հանդես եկավ հրումում։ Նրա երեք մոտեցումներն էլ 207,5 կգ ծանրաձողին՝ անարդյունք եղան։ Սրանից հետո Հայաստանը, որ մինչ այդ ընթանում էր 5-րդ տեղում, նահանջել էր՝ զրկվելով եկող տարի ամբողջական թիմով (6 հոգի) Աթենք մեկնելու հնարավորությունից։ Այնպես որ, Աշոտ Դանիելյանից պահանջվում էր անել ամեն բան՝ մեր թիմը 13-րդ հորիզոնականից ներքեւ չիջնելու համար, որի դեպքում մեր հավաքականին կտրվեր 4 ուղեգիր։ Ա. Դանիելյանը կատարեց առաջադրանքը։ Առաջին վարժությունում նա երկրորդ մոտեցումով ցույց տվեց 190 կգ, բայց ձախողվեց 200 կգ քաշին մոտենալիս։ Երկրորդ մրցաձեւում կամքին ենթարկելով 240 կգ-ն՝ նա, առայժմ անհայտ պատճառով, հրաժարվեց իրեն հասանելիք հաջորդ երկու մոտեցումներից։ Նրա ելույթը բավարար էր երկամարտի 430 կիլոգրամով 7-րդ տեղը զբաղեցնելու համար ու հավաքականին անչափ կարեւոր վարկանիշային միավորներ բերելուն։ Դե ինչ, հինգ օլիմպիական ուղեգիրը վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, թե 1-ից 13-րդ տեղերն ինչ երկրներ են զբաղեցրել։ 1. Չինաստան՝ 172 միավոր, 2. Թուրքիա՝ 164, 3. Ռուսաստան՝ 153, 4. Ռումինիա՝ 119, 5. Իրան՝ 117, 6. Բուլղարիա՝ 116 (այս վեցյակը նվաճեց 6-ական ուղեգիր), 7. Բելառուս՝ 114, 8. Ուկրաինա՝ 112, 9. Լեհաստան՝ 111, 10. Հայաստան՝ 89, 11. Մոլդովա՝ 80, 12. Կոլումբիա՝ 79, 13. Ադրբեջան՝ 77 (7-13-րդ տեղեր զբաղեցրած երկրներն արժանացան 5-ական օլիմպիական ուղեգրի)։ Պարզ երեւում է, որ նշված երկրները մարզաձեւում անվիճելի հեղինակություն են աշխարհում։ Ու նրանց շարքում տեղ զբաղեցնելը (հավասարազոր երկրները տարբեր ժամանակներում տարբեր դասավորություն են ունենում) պատվաբեր է։ Սակայն մեր կարծիքով Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարող էր ավելի բարձր տեղ գրավել, ինչու չէ, անգամ առաջին վեցյակում հանգրվանել, եթե 77 կգ քաշային Արսեն Մելիքյանը եւ 105 կգ քաշային Ռաֆիկ Չախոյանը չտապալվեին, այլ գրավեին իրենց հնարավորությունների սահմաններին համապատասխանող բարձր տեղեր։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել