Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական փառատոն

Նոյեմբեր 26,2003 00:00

Հոբելյանական փառատոն Դեկտեմբերի 6-ին Մարզահամերգային համալիրում «Բրաբիոն» ֆլորա-սերվիսը կանցկացնի ծաղկահարդարների մրցույթ-փառատոն՝ նվիրված իր 10-ամյակին։ Այս առիթով Հայաստան են հրավիրվել Արմեն Ջիգարխանյանը, Իոսիֆ Կոբզոնը, Իրինա Պոնարովսկայան, Վալենտին Յուդաշկինի նորաձեւության թատրոնը եւ ուրիշներ։ «Բրաբիոն» ֆլորա-սերվիսի տնօրեն Արշալույս Չոբանյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ, այս տարի էլ իրենց սահմանած «Լավագույն հայ» տիտղոսին արժանացած արվեստի, սպորտի եւ բիզնեսի ոլորտի 3 ներկայացուցիչները կպարգեւատրվեն Երեւանի ոսկերչական գործարանի պատրաստած «Ոսկե բրաբիոնով»։ Հիշեցնենք, որ անցյալ տարի նման տիտղոս է շնորհվել Ալբերտ Ազարյանին, Ջիվան Գասպարյանին ու Հրանտ Վարդանյանին։ Հետաքրքրվեցինք՝ ինչպես է «Բրաբիոնը» կատարում տարվա լավագույն հայի ընտրությունը եւ որքանով է դա օբյեկտիվ։ «Ընտրությունը մենք ենք կատարում, բայց չենք մոռանում խորհրդակցել նեղ շրջանակի մեր ընկերների հետ։ Օրինակ, բիզնեսի ոլորտի մարդուն ընտրելիս, հարկային տեսչությունից հետաքրքրվում ենք՝ օրինակելի՞ հարկատու է, թե՞ ոչ։ Սպորտի եւ մշակույթի գործիչների պարագայում հաշվի ենք առնում՝ որքանո՞վ են ազգային մշակույթն ու սպորտը նրանք ներկայացրել Հայաստանում եւ արտերկրում»,- ասաց Ա. Չոբանյանը։ «Բրաբիոն» ֆլորա-սերվիսի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ծաղկահարդարների մրցույթին մասնակցում է 8 հոգի, այդ թվում՝ Թուրքիայից, Ռուսաստանից, անգամ Պաղեստինից ու Իրաքից։ Հայաստանը ներկայացնում է Նուշիկ Սմբատյանը։ Իսկ ժյուրիի կազմում կլինեն Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի մասնագետները։ Կազմակերպիչների հավաստմամբ, այս մրցույթը կտարբերվի աշխարհում հայտնի ծաղկահարդարման մրցույթներից, քանի որ, հասկանալի պատճառներով, կազմակերպիչները խիստ չեն լինելու, օրինակ, Չեչնիայի կամ Իրաքի մասնակիցներին գնահատելիս։ Չնայած լրագրողների հետաքրքրությանը, Ա. Չոբանյանը չկամեցավ հրապարակել միջոցառման կազմակերպման վրա ծախսվող գումարի չափը։ Ընդամենն ասաց, որ եթե իրենց փոխարեն ուրիշ ընկերություններ նման միջոցառումներ կազմակերպեին, դա հաստատ 2-3 անգամ ավելի թանկ կարժենար։ Պատճառն այն է, որ «ռուսական շոու-բիզնեսի նեղ շրջանակում մեզ սիրում, ընդունում ու զեղչեր են անում»։ Օրինակ, Յուդաշկինը համարյա անվճար է հանդես գալու Հայաստանում, եւ «Բրաբիոնը» նրա խնդրանքով ընդամենը 100-150-ական դոլար աղջիկներին է վճարելու։ Ըստ կազմակերպիչների, նույնը կլինի նաեւ Արմեն Ջիգարխանյանի, Լիդիա Շուկշինայի եւ Կոբզոնի պարագայում։ Հիշեցնենք, որ Հայաստանում ֆլորիստների առաջին մրցույթ-փառատոնը կազմակերպվել էր 1993-ին՝ «Բրաբիոնի» 1-ամյակի առիթով, իսկ 2-րդը՝ 1994-ին, Աբովյանի կանանց ու անչափահասների գաղութում։ Այնուհետեւ նման փառատոները ավանդական են դարձել։ 2003թ. փառատոնն էլ չի զիջի նախորդներին, մանավանդ որ, այն նախորդներից մասշտաբային է ու տոնական։ Կազմակերպիչների հավաստմամբ, փառատոնի վերջին ակորդը կլինի ճոխ հրավառությունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել