Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:0

Նոյեմբեր 26,2003 00:00

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:0 Ընդդիմությունը Վրաստանում հաղթեց։ Ստեղծվեց նախադեպ։ Ինչո՞ւ Վրաստանում։ Նման գործընթացները սովորաբար ունենում են մի քանի գործոններ՝ հասարակության կառուցվածքը, իշխանության եւ ընդդիմության որակը, ավանդույթները, արտաքին աշխարհը եւ այլն։ Սակայն գործոնները հենց նրա համար են, որ քաղաքական կամքի շնորհիվ դառնան հանրագումար եւ գործընթաց (ինչպես Վրաստանում), այլապես նույն գործոնները կարող են ընկալվել եւ տրամաբանվել ճիշտ հակառակ (ինչպես Հայաստանում)։ Հիմա, երբ 75172ամյա Շեւարդնաձեն հեռացավ, զուգահեռներ անցկացնելու գուցե ճիշտ ժամանակն է։ Չիտո-գրիտո անակնկալ Այսօր կարելի է ասել, որ իշխանափոխությանը Վրաստանում հայրենական էլիտան պատրաստ չէր։ Երբ Բուրջանաձեի, Ժվանիայի եւ Սահակաշվիլու ջանքերով ակնհայտ դարձավ, որ սոցիալական լարվածությունը, դժգոհությունը, հանրահավաքները քաղաքականապես գրագետ օգտագործելու դեպքում կարելի է իշխանություններին հրաժարական պարտադրել, հայկական ընդդիմությունը հավանաբար խոր դառնություն զգաց՝ հիշելով, թե ինչպես սեփական գործունեության արդյունքում հարյուրհազարանոց հանրահավաքները հասցրեց մի քանի հարյուրանոց միջոցառումների։ Դառնությունից անմասն չմնացին եւ իշխանությունները՝ հասկանալով, որ ՀՀ քաղաքացիները, գիտակցորեն, թե ոչ, իրենց վերագնահատեցին. նախադեպը պերճախոս երեւույթ է։ Ընդդիմություն – իշխանություն Վրացական ընդդիմությունը, ի տարբերություն հայրենականի, Սահմանադրության՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը հասկացել էր ուղղակի եւ պարզ՝ եթե իշխանությունը խլում են ուժով, պետք է այն նույն ձեւով հետ վերադարձնել։ Մինչդեռ հայկական ընդդիմությունը նույն դրույթից առ այսօր եզրակացնում է, թե չնայած իշխանությունը բռնազավթված է, բայց ինքը պետք է գնա «սահմանադրական ուղիով»։ Թե Սահմանադրության ո՞ր հոդվածում են մեր ընդդիմադիրները կարդացել «իշխանությունը բռնազավթելու դեպքում սահմանադրական ճանապարհով հետ բերելու վերաբերյալ» թեզերը՝ անհայտ է։ Վրացական ընդդիմությունը, ի տարբերություն հայկական գործընկերների, ոչ միայն չէր հայտարարում, որ Վրաստանի պրոբլեմները սկսվում եւ վերջանում են Շեւարդնաձեով, այլեւ ընդդիմության լիդերներից Զ. Ժվանիան Շեւարդնաձեի հրաժարականից երկու ժամ հետո հայտարարեց, թե վերջինս մնալու է Վրաստանում, քանզի նրա փորձը շատ անհրաժեշտ է պետությանը։ Այնուամենայնիվ, վրացական ընդդիմությունը ունի մեկ մեծ ընդհանրություն մերի հետ, այն է՝ շիլաշփոթը։ Թե ինչ պետություն է կառուցելու արեւմտյան կրթությամբ, ազգայնական Սահակաշվիլին ժողովրդավարներ Բուրջանաձեի եւ Ժվանիայի հետ, նույնքան մշուշոտ է, որքան «Դեմիրճյան եւ ընկերներ» կոմպանիայինը։ Էքսնախագահ Շեւարդնաձեի ամեն երկրորդ ելույթը վերաբերում էր ընդդիմության հետ երկխոսության անհրաժեշտությանը եւ պատրաստակամությանը։ Նման դիրքորոշումը սեփական դիրքերի թուլության ընկալմա՞ն, թե՞ ժողովրդավարության որոշակի աստիճանի արդյունք էր՝ դժվար է ասել։ Գուցե երկուսն իրար հետ։ Վրացական իշխանությունները, չնայած կոշտ քաղաքական պայքարին, ընդդիմությանը չէին ընկալում որպես «տնտեսական աճին խանգարող» կույրաղիքի։ Ի տարբերություն Հայաստանում իշխանության եւ ընդդիմության առաջին դեմքերի սովորական դարձած ատելության, Վրաստանում պահպանվում էին մարդկային հարաբերությունները։ Արտաքին գործոն Վերջին տարիներին Վրաստանում տիրում էին հակառուսական տրամադրություններ։ Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Ա. Իվանովը, ժամանելով Թբիլիսի, ոչ միայն հանդիպումներ ունեցավ Շեւարդնաձեի եւ ընդդիմության լիդերների հետ, այլեւ ելույթ ունեցավ գիշերային հանրահավաքում, ընդ որում՝ վիրավորական սուլոցների ներքո։ Հայաստանում գրեթե բոլորը ռուսամետ են, սակայն ու՞մ մտքով կարող է անցնել, թե ՌԴ արտգործնախարարը Հայաստանի համար ծանր օրերին կարող է ելույթ ունենալ հանրահավաքներում իրենց արժանապատվությունը որոնող հայերի առջեւ։ Չնայած Շեւարդնաձեի ամերիկամետությանը, նոյեմբերի 21-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ադամ Իրլին բրիֆինգում փաստացի կանաչ լույս վառեց ընդդիմության առջեւ՝ հասկացնելով, որ ունակ ժողովրդավարությունը ընդունելի է թեկուզեւ ամերիկամետ, բայց քարացած Շեւարդնաձեից։ Առաջընթաց Ինչո՞ւ Հայաստանում ոչինչ չի փոխվում (դեպի լավը)։ Վրացական ընդդիմությունը վստահում էր ժողովրդին, որ նրանք մինչեւ վերջ կկանգնեն։ Կանգնեցին։ Հաղթեցին։ Հայաստանում դա մեծ հարցական է։ Ինչպես եւ առաջընթացը։ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել