«Անհայտ կորածներ»՝ «6-ում» Արդյո՞ք ոստիկանության այս վարչությունը կիրառում է քննության օրինական միջոցներ՝ «Լինսի փողերը» հետ բերելու համար: Ինչպես արդեն հայտնել էինք, 19-րդ օրն է, ինչ «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊԸ-ի նախկին նախագահ Մարտին Հովհաննիսյանի քրոջ որդին՝ Հարություն Սարգսյանը, գտնվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում («6-ում»)՝ կապված «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊԸ-ի հետ։ Նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվում եւ ենթադրվում է, որ նա այն «պատանդներից» մեկն է, որոնց միջոցով «6»-ը փորձում է հետ բերել հիշյալ բանկի գործունեության պատճառով անհետացած «Լինսի փողերը»: Սարգսյանի հարազատները, մեր տեղեկություններով, դիմել են պատկան մարմիններին, ՀՀ նախագահի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին՝ պաշտպանով ապահովելու խնդրով։ Անհասկանալի կարգավիճակով ձերբակալված Հ. Սարգսյանը 6-րդ վարչությունից ամեն օր, բացառյալ նոյեմբերի 21, 22, 23-ը, տարվել է ժամանակավոր պահման մեկուսարան («կապեզե»), ուր նույնպես չի ձեւակերպվել։ Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ արտասահմանում գտնվող Մարտին Հովհաննիսյանը զանգել է 6-րդ վարչություն եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ: Նույն կարգավիճակով անազատության մեջ են պահվում Մ.Հովհաննիսյանի եւս մի քանի հարազատներ: Հիշեցնենք, որ Մ.Հովհաննիսյանը մեղադրվում է «Լինսի փողերի» «յուրացման մեջ»։ Այս գործով անցնող նրա տեղակալը՝ Գերասիմ Բաբայանը, կալանված է։ Նախորդ գիշեր «6» են տարվել Մարտին Հովհաննիսյանի երկու քրոջ որդիները, նրանցից մեկի աները, ընկերը։ Քրոջ տղայի՝ Վահագն Խաչատրյանի հետ կապված լուրը՝ «6» տարվելու մասին, հաստատվեց նաեւ երեկ։ «Կրեդիտ-Երեւան բանկի» աշխատակիցները եւս զերծ չեն մնում «6» այցելելուց։ 3 օր շարունակ այնտեղ պահվեց բանկի թարգմանչուհին։ «Լինսի» հիմնադրամի շրջանառու միջոցներից «Կրեդիտ-Երեւան բանկ» ընկերության միջոցով «Երեւակ» ՍՊԸ-ին էր տրամադրվել 105 մլն դրամի վարկ։ Ընկերության տնօրեն Իլյիչ Թադեւոսյանը, ինչպես տեղեկացրել էինք «Առավոտում», գրավ էր դրել Երեւանի Մաշտոցի պող. 40 հասցեում գտնվող 275 հազար դոլար գնահատված 90 քմ տարածքը։ Ըստ մեր տեղեկությունների, «6-ում» են պահվում ոչ միայն Իլյիչ Թադեւոսյանը, այլեւ նրա եղբայրը՝ Սամվել Թադեւոսյանը։ Վերջինիս մասին ընտանիքը գիտի այն, որ 12 օր առաջ դուրս է եկել տնից եւ «այլեւս չի վերադարձել»։ Մաշտոցի տարածքը, ըստ մեր աղբյուրի, սեփականաշնորհված է եղել Սամվել Թադեւոսյանի 17-ամյա դստեր անունով, որին նույնպես փնտրում է «6-ը»։ Փախուստի մեջ է բանակից օրեր առաջ վերադարձած Ս. Թադեւոսյանի որդին։ Պատանդի կարգավիճակով պահվող Ս. Թադեւոսյանը իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից զրկված է եւ «6-ում» պահվում է միայն նրա համար, որ հայտնի իր աղջկա գտնվելու վայրը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ