Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿՐԹՈՒՄ

Նոյեմբեր 26,2003 00:00

ԴՊՐՈՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿՐԹՈՒՄ Որտե՞ղ է թաքնված կոռուպցիայի արմատը Հանրակրթական եվ առողջապահական ոլորտներում կոռուպցիոն երեւույթների ուսումնասիրության մասին նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի որոշումը մեր համաքաղաքացիները տարբեր ձեւով են մեկնաբանում: Հիմնականում բոլորը դժգոհում են. ի՞նչ են ուզում մի քանի կոպեկով աշխատող խեղճ դասատուներից, կամ՝ դուք գիտե՞ք, թե որքան է պոլիկլինիկայի բժիշկը ստանում: Մարդիկ, իհարկե, գիտեն, որ հիմա իրենց երեխան տուն կգա դպրոցից եւ կներկայացնի իր ուսուցչի (դասղեկի) հերթական պահանջը: Կամ՝ եթե Աստված մի արասցե հիվանդանոց ընկնի, ինչ է սպասվում իրեն: Բայց դժգոհությունը կա: Որովհետեւ աչքների առաջ ամենակոռումպացված մարմինները, առաջին հերթին՝ հարկայինը եւ մաքսայինը, գռփում են անհամեմատ ավելի մեծ գումարներ: Սակայն հենց դպրոցում է սովորում ապագա քաղաքացին՝ ապագա կաշառակերը կամ կաշառատուն: Եվ երբ երեխան տանում եւ պահանջվող փողն իր ձեռքով տալիս է ուսուցչին, նա, փաստորեն, սովորում է փողով հարց լուծել: Փողն է որոշում նաեւ, թե ուսուցիչը կարո՞ղ է դաս պարապել, թե՞ ոչ: Օրինակ, ինչո՞ւ չի կարելի 30 աշակերտի առաջ նույն ոգեւորությամբ պատմել այն դասը, որը պատմվում է մասնավոր պարապմունքի ժամանակ (հաճախ ուսուցչի տանը՝ ոչ համապատասխան պայմաններում): Պարզ է՝ խթան չկա դպրոցում դաս պարապելու, բայց գոնե պարտադրանք չլինի. աշակերտի գնահատականը չիջեցվի այն պատճառով, որ այդ աշակերտը հիմնական դասերից բացի, այդ նույն առարկաները նաեւ ուսուցչի տանը չի պարապում, կոպիտ ասած՝ ուսուցչին չի մուծում: «Խոսք պետք է գնա ծնողների, կամավորների, հովանավորների նվիրատվության մասին: Սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է՝ օժանդակություն ցուցաբերել դպրոցին»,- վերջերս մի քննարկման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը: Հավանաբար, դրանք պետք է լինեն օրինական, թափանցիկ կառույցներ, որոնք գործելու են հարկային որոշակի արտոնություններով: Սակայն բարեփոխման գլխավոր խնդիրը, կարծում ենք, ուսուցման որակի բարձրացումն է: Ինչո՞ւ, օրինակ, մեր կրթական ոլորտի պատասխանատուները չեն ուզում առաջին հերթին լուծել ատեստավորման հարցերը: ԿԳ նախարարն իր վերջին հարցազրույցում նշեց, որ դա մեծ ծախսերի հետ է կապված: Բայց չէ՞ որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկը հենց ոլորտի բարելավման համար էր նախատեսված: Ինչո՞ւ նախարարության ամբողջ էներգիան (եւ ՀԲ-ի փողը) ուղղվեց չարաբաստիկ օպտիմալացմանը՝ արտահայտված միայն ուսուցիչների՝ հաճախ չպատճառաբանված կրճատումներով: Մի խնդիր էլ կա: Արդյո՞ք աշխատավարձը 3-4 հազար դրամով բարձրացնելու դեպքում մենք կունենանք բարեխիղճ ու չկաշառվող ուսուցիչներ: Կարծում ենք, որ չկաշառվող պետք է լինի նաեւ կրթության վարչության տեսչական կազմը: Որովհետեւ որքան էլ մենք մեր հրապարակումներով քննադատենք դպրոցական կոռուպցիան, միեւնույն է, ուսուցիչը կամ տնօրենը իր հարցերը կլուծի տեսուչի հետ ու կշարունակի նույն ոգով դրամահավաք իրականացնել: Հանրակրթական դպրոցը դադարել է կատարել իր հիմնական՝ կրթելու ֆունկցիան: Փոխքաղաքապետ Կամո Արեյանի մի գնահատմամբ, «այսօր աշակերտը 3 առարկա է տանում դպրոցից, այն էլ՝ ռեպետիտորների մոտ պարապելով»: Իսկ հասունության վկայականը նա ստանում է՝ 300- 500 դոլար մուծելով իր դպրոցի տնօրենին, որպեսզի վերջին դասարանում ընդհանրապես դասերի չգա: Իսկ եթե տնօրենը չի համաձայնում նման գործարքի մեջ մտնել, երեխային հաճույքով իր դպրոցն է ընդունում մեկ այլ տնօրեն, որովհետեւ բացի նշված գումարից, այլ օգուտ էլ կա աշակերտից. չէ՞ որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել