Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ն հոժար չեն»

Նոյեմբեր 26,2003 00:00

«Ինչի՞ն հոժար չեն» Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործեր է հարուցել Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների դեմ՝ ապօրինի սեփականաշնորհման մեղադրանքով։ «Առավոտի» խնդրանքով այդ մեղադրանքը մեկնաբանում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Պրն Ղուկասյանի խորին համոզմամբ, քրեական գործ է անհրաժեշտ հարուցել հենց մարզպետարանի չինովնիկների դեմ, ուրիշի՝ այսինքն իրենց տարածքը գողանալու եւ փաստը թաքցնելու համար: Քաղաքապետի մեկնաբանությամբ, թյուրիմացությունը սկսվել է նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանի եւ մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանի միջեւ՝ հիշյալ տարածքի որոշ հատված մարզպետարանին վարձակալության տրամադրելու բանավոր պայմանավորվածության արդյունքում: Բայց սա չի նշանակում, որ նախկին մարզպետը փաստացի սեփականատիրոջը չի ընդունել, ինչպես դա անում է ներկայիս մարզպետը: «Ո՞վ չգիտի, որ բացվածքը քաղաքապետարանինն է, ո՞վ է թույլ տվել ուրիշի սեփականությունը խլել, մի բան էլ իբրեւ թե վարչական մասնաշենք կառուցելու մասին մտածել: Թող գնան իրենց շենքի հարցերն այլ տեղ լուծեն»,- նշում է Գյումրիի քաղաքապետը: Նրա հավաստմամբ, ինքը մի քանի անգամ մարզպետարան գրություն է ուղարկել, հատկապես Փիրումյանի օրոք, վարձակալությունն օրինականացնելու, պայմանագիր կնքելու նպատակով, սակայն մարզպետարանում չեն արձագանքել: Իսկ թե ինչու են ավագանու որոշ անդամներ հրաժարվել բացվածքի վաճառքի մասին արձանագրություններում տեղ գտած իրենց ստորագրությունների իրական լինելուց, քաղաքապետն այսպես է մեկնաբանում՝ նրանց կուսակցական պատվերներ կատարողները պարզապես ապակողմնորոշել են, նրանք այդպես էլ չեն հասկացել, թե իրենց ի՞նչ են ներկայացրել եւ քանի որ ավագանին այդպիսի հազարավոր որոշումներ է ընդունում, հնարավոր է՝ շփոթվեն: Քաղաքապետի հավաստմամբ, ավագանին այս հարցին մեկի փոխարեն երկու անգամ է անդրադարձել, եւ 15 անդամներից 12-ը ստորագրել են: Վարդան Ղուկասյանը վստահ է, որ ինքը վաճաքի համար ոչ մեկին հաշվետու չէ. «Եթե մարդ իր բնակարանը կամ մեքենան վաճառում է, թաղի տեսուչի՞ն է հարցնում։ Ինչի՞ն հոժար չեն, թե երկու տարի շարունակ անտերության մատնված բացվածքին վերջապես բարեկարգող է գտնվել»,- ասում է քաղաքապետը: Բնակարանների անօրինական բաշխման վերաբերյալ քաղաքապետարանի հասցեին հնչող մեղադրանքներին նա շատ հանգիստ վերաբերվեց, անգամ հպարտ է, որ այս հարցում են իրեն մեղադրում, որովհետեւ ըստ նրա՝ «էսպիսի թափանցիկություն խորհրդային տարիներից մինչեւ էսօր չի եղել»: Իսկ ինչո՞ւ է մարզպետարան-քաղաքապետարան շարունակվող վեճից դժգոհ նախագահ Քոչարյանը որոշել Գյումրի հատուկ հանձնաժողով ուղարկել։ Քաղաքապետն այս հարցին պատասխանեց, որ դա իր հատուկ խնդրանքով է կատարվում, իսկ հանձնաժողովի օգնությունը որոշակի հարցերում զգալի է. օրինակ՝ իրենց ու մարզպետարանի միջեւ ծագած կոնֆլիկտները հարթելու, բնակեցման հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել