Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽԻՆ

Նոյեմբեր 26,2003 00:00

ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽԻՆ Պատգամավոր Հարություն Փամբուկյանի ներկայացուցիչներն ահաբեկել են 88-ամյա կնոջը «13 տարի մշակում ենք այս այգին: Քարքարոտ տարածք էր, տանջվեցինք, բայց հրաշալի այգի դարձավ: Հիմա խլում են մեզնից: Մկրտիչ Առաքելյանը եկավ, տհաճ խոսքերով պահանջեց գրություն տանք, որ հրաժարվում ենք մեր հողամասից: Ասացինք՝ ոչ մեկին չենք տա մեր այգին: Նա մի անգամ էլ ասաց, որ իր վրա է վերցնում, որ հետո մեզ փողը կտան: Առաքելյան Մկրտիչը հիմա Բանգլադեշի էլեկտրացանցում է աշխատում: Հետո պարզվեց, որ նա պատգամավոր Հարություն Փամբուկյանի ներկայացուցիչն է: Մեկ տարի ու կես մեզ ուղղակի տանջել են, տարբեր մարդիկ սպառնում, ծաղրում էին՝ ասելով, թե դուք ով եք, որ ձեզ հողամաս տան: Նրանք Փամբուկյանի ներկայացուցիչներն էին»,- պատմում է Ռոզա Հայրապետյանը: 2001թ. հոկտեմբերի 5-ին քաղաքապետ Ռ. Նազարյանի թիվ 1212 որոշմամբ հաստատվեց սեպտեմբերի 26-ին կայացած աճուրդային վաճառքի արդյունքները: Ըստ արդյունքների՝ հաղթող էր ճանաչվել ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Կարծես թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: ՀՀ քաղաքացի Հ. Փամբուկյանը անհատական բնակելի տան կառուցման համար 2 մլն 461 հազար 200 դրամով Երեւանի Հալաբյան փողոցին հարող տարածքում գնել էր 1600 քմ հողամաս: Ամեն ինչ կարելի էր նորմալ համարել, եթե չլիներ հատկացված տարածքում 1300 քմ վրա գտնվող այգին, տնակը եւ փոքրիկ լողավազանը: Այդ տարածքում այգի է գցել 88-ամյա Արաքսյա Հայրապետյանը: Նա ապրում է Ֆիզիկայի ինստիտուտի «գարադոկում»: Որդին՝ ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Սլավիկ Հայրապետյանը,1990-ին զոհվել է պատերազմում: Այգին, որտեղ աճում են 17 տեսակի 200 ծառ, արդեն 13 տարվա պատմություն ունի: Բոլոր ծառերը բերքատու են: Հողը եւ այգին Ա. Հայրապետյանը մշակում է աղջիկների՝ Ռոզայի եւ Ռիմայի հետ: Բոլորն էլ թոշակառուներ են: «Ես մի քանի անգամ դիմել եմ թաղապետարան՝ խնդրելով, որ այդ հողամասը վարձակալության տան ինձ, սակայն պատասխանել են, որ այդտեղով պիտի անցնի մետրոն»,- անկողնում պառկած պատմում է Արաքսյա Հայրապետյանը: Նրա գրավոր խնդրանքին 2002թ. դեկտեմբերին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանը պատասխանել է. «Ֆիզիկայի ինստիտուտի հարավային մասում 1991թ. Ձեր կողմից օգտագործվող հողամասի (մոտ 1300 քմ) տրամադրման վերաբերյալ հայտնում ենք, որ հիշյալ հողամասը գտնվում է Երեւանի մետրոպոլիտենի կամրջային անցման շինարարության նպատակով հատկացված հողատարածքի մեջ, ուստի հարցին ընթացք տալ չենք կարող»: «Արդեն վախենում ենք էդ եկողներից: Վերջին անգամ մարդիկ եկան, ասացին՝ ու՞ր են հիմա Դեմիրճյանը, Սարգսյանը: Ձեզ էլ կարող են վերացնել, եթե հողամասը չտաք: Նրանց ամեն գալուց հետո մայրս հիվանդանում է: Ընտրությունների ժամանակ մարդիկ խորհուրդ տվեցին զանգահարել նախագահի վստահության հեռախոսահամարով: Զանգեցինք, ասացին, որ մեր հարցը լուրջ է եւ պետք է նամակ գրենք: Գրեցինք»,- շարունակեց Ռոզա Հայրապետյանը: Եվ ահա թե ինչ է գրել այս անգամ Ս.Կոտոլիկյանն իր առաջին պատասխանից ուղիղ երկու ամիս անց. «Ֆիզիկայի ինստիտուտի հարավային մասում գտնվող Ձեր կողմից մշակվող հողամասի տրամադրման մասին ՀՀ Նախագահին ուղղված դիմումի վերաբերյալ հայտնում ենք, որ վերոհիշյալ տարածքի մի մասը Աջափնյակի թաղապետարանի առաջարկությամբ ներկայացվել է աճուրդի: Աճուրդի անցկացման մասին նախապես տրվել է հայտարարություն մամուլում: Երեւանի քաղաքապետի 05.10.2001թ. h 1212 որոշմամբ նշված հողամասը տրամադրվել է աճուրդում հաղթող ճանաչված Հարություն Փամբուկյանին:Հողամասի մնացած մասը գտնվում է Երեւանի մետրոպոլիտենի Հրազդան գետի վրայով անցնող նախագծային կամրջի հատվածի համար հատկացված հողամասի սահմանների մեջ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ձեր խնդրանքը բավարարել չենք կարող»: Ա.Հայրապետյանին այդ ընթացքում էլ շարունակել են այցելել տարբեր մարդիկ՝ պահանջելով ազատել այդ տարածքը: Սակայն, նրանք նման մտադրություն չունեն: Եվ ահա, 2003թ. հոկտեմբերին Հարություն Փամբուկյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ խնդրելով Արաքսյա Հայրապետյանին վտարել իր սեփականությունը հանդիսացող հողատարածքից: Դատարանը՝ Ե. Դանիելյանի նախագահությամբ, նոյմեբերի 13-ին վճռեց Հ. Փամբուկյանի հայցը բավարարել: «Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել