Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկուսակցական կրքեր

Նոյեմբեր 26,2003 00:00

Ներկուսակցական կրքեր Հավանաբար, կուսակցությունների թվի կրճատմանը զուգահեռ, կուսակցական առաջնորդի աթոռն ավելի ծանրակշիռ է դառնում։ Ուստիեւ սրվում է պայքարը՝ այդ աթոռի համար։ «Արմեն Դարբինյանը լեգիտիմ չէ» Երեկ «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Հարությունյանը Ժուռնալիստների միությունում ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի՝ կուսակցության միացյալ խորհրդի նախագահ ընտրվելու վերաբերյալ արած հայտարարությունը ոչ մի իրավական հիմք չունի։ Լ. Հարությունյանը եւ ասուլիսին ներկա կուսակցության միացյալ խորհրդի մի քանի այլ անդամներ հավատացնում էին, որ Ա. Դարբինյանը կուսակցության լեգիտիմ ղեկավար չէ, քանի որ «Արժանապատիվ ապագան» արդարադատության նախարարությունում դեռեւս վերագրանցված չէ։ Նրանց ներկայացմամբ, կուսակցության խորհրդի 28 անդամներից 14-ը տեղյակ չեն եղել եւ չեն մասնակցել որեւէ նիստի եւ այդ առումով նախագահի ընտրություն տեղի ունենալ չէր կարող։ Տիկին Հարությունյանը անօրինական համարելով կուսակցությունում տեղի ունեցած իշխանափոխությունը, նշեց. «Քանի դեռ կուսակցության գործերը վերագրանցվելու համար հանձնված են արդարադատության նախարարություն, այդ ընթացքում պետք է մեր բոլոր տարածքային կազմակերպություններում ժողովներ անցկացնենք, համալրենք խորհրդի կազմը, ապա գրանցվելուց հետո միայն ձեռնամուխ լինենք նախագահի ընտրությանը։ Այդ պատճառով նոյեմբերի 24-ին Ա. Դարբինյանի կողմից արված հայտարարությունը համարում ենք անհիմն եւ գտնում, որ նման գործելակերպը հարիր չէ ոչ «արժանապատիվ» բառին, ոչ մեր անցած ճանապարհին»։ Լ. Հարությունյանը նաեւ փաստեց, որ ԱԺ ընտրություններից հետո, երբ Ա. Դարբինյանին հրավիրել են կուսակցությունը ոչ թե դրսից, այլ ներսից կառավարելու, վերջինս հրաժարվել է, հայտարարելով, որ ինքն այլեւս «Արժանապատիվ ապագայի» հետ գործ չունի։ «Ընտրություններից հետո ընկած ժամանակահպատվածում Ա. Դարբինյանին մենք չենք տեսել։ Նրա ներկայությունը սկսվել է վերջերս տեղի ունեցած համագումարի օրվանից»,- ասաց Լ. Հարությունյանը։ «Ջորջը պատահական մարդ է» «Սա քաղաքական ավանտյուրա է։ Սփյուռքի հարգելի ընկերներ, ձեռք քաշեք էդ մարդուց, խաբում է ձեզ, որպեսզի գումարներ շորթի»,- մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեց ՀՍԴՀԿ առաջնորդ Էռնեստ Սողոմոնյանը՝ չգրանցված հնչակների առաջին դեմք Ջորջ Հակոբյանի մասին։ «Արդարությունը», որ այսօր պաշտպանում է Ջորջին, թող ժամանակին չքցեր։ Ցուցակի էնպիսի տեղում թող դնեն, որ ՍԴՀԿ-ն դառնար խորհրդարանական»։ «Քցելու գործընթացը» մեր զրուցակիցն այսպես է հիմնավորում՝ «Ընդդիմությունում էլ խելոք մարդիկ կան, լավ էլ հասկացել են, որ Ջորջը պատահական մարդ է հայկական քաղաքական դաշտում ու էդպես են վարվել։ Հո՞ մենակ ես չեմ դա հասկացել»,- ասաց պրն Սողոմոնյանը։ «Մենք թույլ չենք տա, որ նա մեր կուսակցության պատմությունը սրբապղծի։ Սփյուռքում էլ կան ընկերներ, որոնք դա թույլ չեն տա»,- հայտարարեց Է. Սողոմոնյանն ու հավելեց. «Էդ մարդը կուսակցական աշխատանքի համար չի ծնվել, չի հասկանում, չի էլ ուզում իր վրա աշխատի»։ Ապա, հակադարձելով Ջ. Հակոբյանի «գանձագող» որակավորմանը, Է. Սողոմոնյանը հրապարակավ հարց ուղղեց իր մրցակցին. «Երիտասարդ Հայաստանի» տպագրության համար տրված 15 հազար դոլարն ո՞ւր է։ «Ինչ արել է չորս տարի՝ ղալլաթ է արել։ Տղամարդ լինի՝ գոնե հիմա ռադը քաշի-գնա»,- այդպիսի խորհուրդ տվեց իշխանամետ հնչակ Էռնեստ Սողոմոնյանը ընդդիմադիր հնչակ Ջորջ Հակոբյանին։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել