Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՉԻ ՔՆՈՒՄ

Նոյեմբեր 26,2003 00:00

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՉԻ ՔՆՈՒՄ Լուծում է Ղարաբաղի հարցը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ընթացքի մասին հասարակայնությունն այսօր «պաշտոնապես» տեղեկացված է գրեթե նույնչափ, որքան 1998-ի իշխանափոխությունից առաջ։ Թե այն ժամանակ, թե այսօր կային ինչ-որ տարբերակներ, որոնք գաղտնի էին պահվում եւ որոնք, սակայն, բանակցությունների հիմք չդարձան, որովհետեւ կողմերից մեկն այդ տարբերակը մերժել էր: Հիշեցնենք այդ տարբերակների անունները՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն», «քիուեսթյան»: Ի դեպ որոշ փորձագետների կարծիքով, այդ տարբերակների մեջ շեշտակի տարբերություն չկա: Բայց, կրկնենեք, դրանցից ոչ մեկը չի հրապարակվել ու ոչ մեկը բանակցությունների հիմք չի դարձել, իսկ Քոչարյան-Հեյդար Ալիեւ հանդիպումները որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցրել: Սակայն մի բան ակնհայտ է. հարցի կարգավորման որ տարբերակն էլ ընտրվի, Ռոբերտ Քոչարյանին պարզապես այլ բան չի մնա, քան ստանալ օրենսդիր մարմնի եւ հասարակայնության աջակցությունը: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է որեւէ փաստաթուղթ ստորագրել՝ առանց հայաստանցիների կամքը հարցնելու: Թերեւս՝ նաեւ այդ նկատառումով հարցի քննարկմանը վերջերս մասնակից է դառնում Հայաստանի խորհրդարանը: Բացառված չէ նաեւ այն սցենարը, որ անբարենպաստ տարբերակի դեպքում այս անգամ ՀՀ ԱԺ-ն է լինելու «ոչ» ասելու «խոսափողը» եւ հետո նրան միանալու է Լեռնային Ղարաբաղը։ Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ղարաբաղյան կարգավորման խնդրին նվիրված փակ նիստ էր հրավիրել, որին մասնակցում էին նաեւ ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը լրագրողներին պաշտոնապես հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկվել փակ նիստի ժամանակ. «Ընդհանուր քաղաքականության խնդիրներ եւ ներկազմակերպական հարցեր։ Ձեզ երեւի ավելի կհետաքրքրեն քննարկված քաղաքական խնդիրները։ Դրանք եղան 3 ուղղություններով՝ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, ԼՂՀ բանակցային գործընթացի այսօրվա վիճակը, տարածաշրջանային զարգացումներ»։ Համաձայնեք, սա խիստ ժլատ տեղեկատվություն է, իսկ նիստին մասնակցած պատգամավորները հիմնականում պնդում էին, որ որեւէ արտառոց հարց չի քննարկվել։ Նիստի ժամանակ, երբ Վարդան Օսկանյանը խնդրել է շոշափվող մանրամասները գաղտնի պահել, ինչի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հակադարձել է՝ «Իբր ինչ հարցեր ենք քննարկում, որ գաղտնի պահենք»։ Այնուամենայնիվ, մասնավոր զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը իրոք տեղափոխվելու է խորհրդարան։ Հնարավոր է, որ ԱԺ-ը հերթական հայտարարությամբ հանդես գա ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ։ Համանախագահների ցանկացած առաջարկ այսուհետ քննարկման առարկա կդառնա խորհրդարանում։ Լեռնային Ղարաբաղը անհրաժեշտ պահին անվերապահորեն կպնդի, որ առանց իր՝ բանակցային կողմ լինելու որեւէ առաջարկի մասին խոսք լինել չի կարող։ Ի վերջո, եթե հարցը ավելի կոնկրետանա, ապա Ռոբերտ Քոչարյանը առաջարկները կդնի համաժողովրդական հանրաքվեի։ Փաստորեն, Ղարաբաղի հարցը հերթական անգամ դառնում է փորձաքար: Փակ նիստի ժամանակ Վարդան Օսկանյանը վստահեցրել է պատգամավորներին, որ ինքը գիշերներն անքուն է մնում, որպեսզի գտնի հարցի կարգավորման ճիշտ ուղիները։ Մեկ ուրիշ պաշտոնյա երեկ մեզ վստահեցնում էր. «Մտքներովդ չանցնի, որ Ռոբերտ Քոչարյանը կհամաձայնվի Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ լուծմանը»։ Թողնենք յուրաքանչյուրի ասածը իր խղճին եւ չփորձենք պարզել, թե հատկապես ինչն է խանգարում Վարդան Օսկանյանին հանգիստ քնել, սակայն պարզ է, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը այս պահին որեւէ մեկը չի համարձակվում վերցնել իր վրա։ Մեր մասնավոր զրույցներում երեկ պարզեցինք նաեւ, որ Վարդան Օսկանյանը ասել է, որ եթե համանախագահները իրենց նոր առաջարկներով կփորձեն գործընթացը թեկուզ մի փոքր շեղել քիուեսթյան սկզբունքներից, ապա Հայաստանը դա չի ընդունի եւ կպնդի, որ Ղարաբաղն անպայման մասնակցի բանակցություններին։ Մենք կարող ենք պարզապես ենթադրություն անել, որ Վարդան Օսկանյանի՝ օրերս մեր թերթին տված հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Ադրբեջան-Ղարաբաղ ֆորմատն ամենաարդյունավետն է, կամ վերն ասվածի համար հող է նախապատրաստում, կամ էլ Հայաստանում առնվազն երեք հոգի արդեն գիտեն, թե ինչ նոր առաջարկներ են արվելու համանախագահների կողմից։ Մյուս կողմից, քչերը գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում քիուեսթյան սկզբունքը։ Սակայն երեւի դրանց մի մասը (հաղորդակցություններին վերաբերող) այնքան էլ գաղտնի չէ, որովհետեւ երեկ ԱԳ նախարարը հայտնել է պատգամավորներին, որ նրանք կարող են ծանոթանալ այդ առաջարկներին: «Առավոտը» երեկ փորձեց Արմեն Ռուստամյանի միջոցով ճշտել՝ արդյոք նախագահ Քոչարյանը, ԼՂՀ հարցի կարգավորման հետ կապված, օրենսդիր իշխանության աջակցության կարիքն ունի։ Պատասխանելով մեր հարցին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք իշխանություններին բաժանում։ Իշխանությունները մեկ են՝ օրենսդիրն ու գործադիրը, եւ բոլորը միասին են այդ խնդիրը լուծելու։ Եվ որեւէ մեկի մոտ պատրանք թող չառաջանա, որ հարցը կարող է ինչ-որ մեկը ինքնուրույնաբար լուծել։ Ղարաբաղի հարցն այնպիսի հարց է, որը պիտի լուծվի ոչ միայն իշխանության բոլոր ճյուղերի քննարկումների արդյունքում, այլեւ պիտի ժողովուրդը տա վերջնական պատասխանը»։ Մեր հարցապնդմանը, թե՝ ի վերջո ե՞րբ է լուծվելու Ղարաբաղի հարցը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ավելի հեշտ հարց չունե՞ք տալու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել