Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական բառարան

Նոյեմբեր 25,2003 00:00

Քաղաքական բառարան 5. Ընդդիմություն. առաջին փուլ Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի։ Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ միաժամանակ երկու բառ ստեղծեց՝ «դիմություն» եւ «ընդդիմություն», եւ հակառակ լեզվաբանական բոլոր օրենքների, առաջինը ընկալեց որպես իշխանություն, երկրորդը՝ որպես դրան հակադարձող ուժ։ Երբ 88-ին ժողովուրդը ոտքի կանգնեց հանուն Ղարաբաղի ազատագրության, դեռ ոչ ոք չէր գիտակցում, թե ընկել է ճանապարհ, որ հանգեցնելու է անկախության։ Երբ անկախությունն արդեն իրողություն էր, դժվար էր դեռեւս պատկերացնել, որ Հռչակագրում ամրագրված «ժողովրդավարությունը» պահանջում է միեւնույն պետության մեջ իրար հետ պայքարող ուժեր, որոնք կարող են ինչպես տարբեր ծրագրեր, այնպես էլ տարբեր նպատակներ հետապնդել։ Հայաստան մտած ժողովրդավարությունն էլ եկավ այն ժամանակ, երբ աշխարհում ավելի ու ավելի է դժվարանում պաշտպանել ժողովրդավարական արժեքները, որովհետեւ արդեն կորել է «կամավորության» սկզբունքը եւ հաճախ գործում է հարկադրանքը։ Իսկ եթե պետք է հարկադրանքով ժողովրդավարություն հաստատել, միշտ էլ կգտնվի մի բիրտ ուժ, որ կցանկանա նույն հարկադրանքով իշխանություն պահպանել՝ ֆիզիկայից հայտնի այն օրենքով, որ ազդեցության ուժը հավասար է հակազդեցության ուժին։ Հայաստանյան ընդդիմության անցած ուղին կարելի է բաժանել երեք փուլի։ Որպես անցած ճանապարհի բնական շարունակություն, անկախ Հայաստանի առաջին ընդդիմադիրը եղավ Պարույր Հայրիկյանը։ Նույնիսկ առաջին նախագահական ընտրություններից հետո նրա կազմակերպած սեւ դրոշների շքերթը, որքան անօրինակ, բնավ արտառոց չէր։ Բայց դա նաեւ Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի մայրամուտն էր, որովհետեւ մայրամուտն էր սովետական տարիներից հայտնի այլախոհության։ Այնպես որ, առաջին փուլի ընդդիմադիր շարժման հուժկու ալիքը կապված է Վազգեն Մանուկյանի անվան հետ։ Տարիների հեռվից այդ շարժումը ժամանակի ընտրության հարցում ամենաանպատեհն է թվում։ Այն բարձրացավ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում եւ որոշ իմաստով հանելուկային է, որովհետեւ առեղծվածային է պատերազմող երկրում 5-րդ շարասյան ներկայությունը։ Շարժման բովանդակությունը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ ժողովրդավարություն, բայց՝ ազգային։ Այսինքն՝ ազգայինին տրվում էր դոմինանտ դեր, ժողովրդավարությանը՝ ածանցյալ, երկրորդային նշանակություն։ Ողջ շարժումը անձնավորված էր, իսկ անձը Վազգեն Մանուկյանն էր՝ իշխանություններից վիրավորված մարդ։ Եվ իշխանությունն էր անձնավորված՝ Լ. Տեր-Պետրոսյան։ Առաջին վարչապետի «համաշխարհային ազգ» եւ առաջին նախագահի «սովորական ազգ» բանավիճային արտահայտությունները իսկապես կարելի էր գաղափարախոսությունների պայքար համարել, եթե առաջինը բացառապես ռոմանտիկական չլիներ, երկրորդը՝ մեր քիմքին անհարիր ռեալիզմ։ Էլ չենք խոսում այն մասին, որ առաջինը արդեն ազգի անցած ճանապարհի կրկնությունն էր եւ սնապարծություն սնելուց բացի ոչինչ չէր տա, իսկ երկրորդը գոնե լավ հաշվարկելու դեպքում ազգին անկանխատեսելի հետեւանքների առջեւ չէր կանգնեցնի։ Կապված առաջին փուլի հետ, անշուշտ, անհնար է շրջանցել եւս մի կարեւոր հանգամանք. ընդդիմությանը գաղափարապես ուղղորդում էր ՀՅԴ-ն, որը հայտնի է որպես ամենագաղափարական կուսակցություն։ Սակայն այդ եւ մանավանդ հետագա տարիները ցույց տվեցին, որ այդ պատկերացումը բնավ չի համապատասխանում իրականությանը, երբ խոսքը վերաբերում է իշխանություն նվաճելուն, քանի որ կուսակցության գաղափարական եռանդը սպառվում է իշխանության մատույցներում։ Ընդդիմադիր շարժման առաջին փուլն ավարտվեց 96-ին։ Դրանով ավարտվեց քաղաքական-կուսակցական ընդդիմության փուլը։ Հենց այդ ժամանակ էլ հստակորեն գիտակցվեց, որ ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ։ Ընդդիմության երկրորդ փուլի առաջին ալիքը համընկավ ղարաբաղյան հակամարտության քննարկման առայժմ ամենաթեժ շրջանին, երբ արդեն մոտ էր թվում նաեւ լուծումը։ Ընդդիմությունը ծնվեց բուն իշխանության ներսում։ Սա արդեն մեր քաղաքական կյանքում նորություն էր։ Այստեղ ազգայնությունը ընդդիմության նախորդ փուլի իներցիայով ամենաբարձր կետին հասավ՝ հանգելով պալատական հեղաշրջման։ Ճիշտ այսպիսի իրավիճակ է այս օրերի Վրաստանում եւ կարելի է չկասկածել, որ ընդդիմությունը կհաղթանակի։ Բայց Հայաստանում կատարվածը մատուցեց մի այլ անակնկալ. երբ պայքարը տեղափոխվում է մեկ հարթություն՝ ներիշխանական դաշտ, այն կարող է պատճառ դառնալ պերմանենտ հեղաշրջումների։ Այդպիսին եղավ հոկտեմբերի 27-ը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հոդվածը պատրաստվել էր Վրաստանի նախագահ Էդ. Շեւարդնաձեի հրաժարականից առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել