ԱԼՏԻ ԱՐՔԱՆ՝ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետի հետ երեւանյան համերգի բանակցությունները տարվում էին 2001 թվականից։ Վերջապես, նոյեմբերի 22-ին Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի եւ ՀՊՖՆ-ի հրավերով նա իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հետ մեկ համերգով ժամանեց Հայաստան ու մասնակցեց Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնին։ Համերգից առաջ տրված մամլո ասուլիսից հետո Յու. Բաշմետը փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»։ Նա տեղեկացրեց, որ ներկայումս բացի իր «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի գործունեությունից, վարպետության դասընթացներ է անցկացնում ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Եվրոպայում, կատարում ձայնագրություններ BBC, Բավարիայի, Ֆրանսիայի ու աշխարհի այլ հեղինակավոր ստուդիաներում։ Պրն Բաշմետը ցանկալի հյուր է համաշխարհային հռչակ վայելող բոլոր փառատոներում։ Նա Մոսկվայի հանրահայտ «Դեկտեմբերյան երեկոներ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ու Ռուսաստանում առաջին՝ Ալտահարների մրցույթի հիմնադիրը։ Յու. Բաշմետը հիշեց, որ ինքը բազմաթիվ խնդիրներ է ունեցել խորհրդային տարիներին, իսկ համերգներից ստացված գումարի 90%-ը միշտ «առգրավվել» է վերեւներում։ «Պերեստրոյկայի» տարիներին, երբ տաղանդավոր արվեստագետներից շատերը հնարավոր բոլոր եղանակներով լքում էին հայրենիքը, ինքը եւս ունեցել է Եվրոպայում ապրելու եւ ստեղծագործելու յոթ առաջարկ։ Իր նվագախմբի 24 երաժիշտների ընտանիքները, անգամ ընտանի կենդանիներով, տեղափոխվել են Ֆրանսիա։ Բոլորը քաղաքական ապաստան են խնդրել ֆրանսիական իշխանություններից։ Սակայն Յու. Բաշմետը վերադարձել է հայրենիք եւ 1992-ին ստեղծել «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը, որը առայսօր փայլում է աշխարհի լավագույն համերգասրահներում։ Որպես ալտահար ու դիրիժոր, Յու. Բաշմետը բեմ է բարձրացել լավագույն նվագախմբերի հետ, իսկ ժամանակակից կոմպոզիտորները նրան նվիրել են ավելի քան 50 կոնցերտ եւ այլ ստեղծագործություններ՝ գրված ալտի համար։ «Առավոտը» հետաքրքրվեց. «Խաչատրյանը չունի ստեղծագործություններ՝ գրված կամերային նվագախմբի համար, բայց կան մեծ կոմպոզիտորի ստեղծագործոությունների փոխադրումներ՝ կամերային կազմի համար։ Կոմպոզիտոր Ռ. Ալթունյանը Խաչատրյանական տարվա առիթով գրել է «Խաչատրիանան»՝ կամերային նվագախմբի համար։ Չի՞ պատրաստվում, արդյոք, մաեստրոն կատարել Խաչատրյան՝ իր մեկնաբանությամբ»։ Ի պատասխան՝ Յու. Բաշմետն ասաց. «Իմ՝ ալտահարի ծրագրից երբեք դուրս չի մնացել Խաչատրյանի՝ ալտի համար գրված Սոնատ-մենանվագը եւ պարտադիր չէ հոբելյանական տարում հարգանքի տուրք մատուցելով հոբելյարին, անպայման հանդես գալ նրա որեւէ ստեղծագործության կատարմամբ։ Իմ համերգը եւս սիրո ու հարգանքի յուրօրինակ տուրք է մեծ կոմպոզիտորի հիշատակին»։ Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ստ. Ռոստոմյանն էլ, լրացնելով աշխարհահռչակ երաժշտին՝ Ռ. Ալթունյանի «Խաչատրիանայի» կապակցությամբ, ասաց. «Այդ երկը պատվիրել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ հոբելյանական տարում «Խաչատրիանայի» կատարման հեղինակային իրավունքը պատկանում է միայն ՀՊԿՆ-ին»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ