Թալանել եմ: Տարոսը ձեզ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագիծը։ Այդ առիթով՝ մի քանի դիտարկում կյանքից: 1. Վիճակախաղ վաճառողներից 20-ի հետ անհատապես զրուցել եմ՝ ճշտելու համար, թե եղե՞լ է, օրինակ, մեքենայի շահում իրենցից գնած տոմսերից։ Միանշանակ, ամենամեծ շահումը իրարից անկախ նրանք համարել են մազահարդարիչը։ Վիճակախաղի տոմս վաճառողն էլ գրիչը ձեռքին խաղում է գրեթե բոլորի հետ, բոլորի համար, համոզվելու՝ թե իր թվակիր տոմսերից քանիսն են ուրախություն պատճառել գնորդին։ 2. Ըստ օրենքի նախագծի, եթե վիճակախաղի գովազդի բովանդակությունը հակասում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը հրապարակման համար։ «Թալանեք» կամ «թռցրեք» կոչերը, որոնք արվում են վիճակախաղի ժամանակ, դժվար թե շատ գեղեցիկ գովազդ լինեն։ Եթե այդպես շարունակվի ապագայում կունենանք «սպանեք» կամ «մորթեք» կոչերով տոմսեր։ 3. Օրեր առաջ գտնվելով վիճակախաղերից մեկի գրասենյակում, տեսա, թե ինչպես էին փոշեկուլ շահած քաղաքացուն համոզում «եթեր» դուրս գալ։ Պարզվում է, ըստ օրենքի, «շահման փաստը եւ արժեքը հրապարակվում է շահողի համաձայնությամբ»։ 4. Վիճակախաղերի չիրացված տոմսերը «հերթական խաղարկությունից առաջ» ենթակա են մարման («դակելով կամ կտրելով դրանց անկյունը»)։ Սակայն ժամը չի նշված՝ «առաջը» կարելի է տարբեր ձեւով հասկանալ։ Խաղերը սկսելուց 10, 15 րոպե առաջ եղեք տոմսերի իրացման կետերում։ Հաստատ կարող եք գնել։ Իսկ մարման տանել՝ վաճառողը չի հասցնի։ Այսինքն, տոմսը փաստացի մնում է խաղի մեջ։ Որպեսզի փարատվեն կասկածները, խաղերից առաջ երկար-բարակ տափակություններ դուրս տալու փոխարեն լավ կլինի խաղի կազմակերպիչները հանրությանը իրազեկեն, թե քանի տոմս է ենթակա մարման, ժամը քանիսի դրությամբ ինչքան տոմս էր մնացել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ