Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵՐՈՒՄ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է

Նոյեմբեր 25,2003 00:00

ԵԹԵՐՈՒՄ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է Երեկ հայտնի դարձավ, որ «Ա1+»-ը նորից դատի է տալու Ամալյանի հանձնաժողովին Հոկտեմբերի 13-ին կայացավ 63-րդ դեցիմետրային կապուղու համար ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթը, որի արդյունքում կապուղին հատկացվեց 33 վարկանիշային միավոր հավաքած «Սինեմաքս» ՍՊԸ-ին, իսկ «Մելտեքս» ընկերությունը («Ա1+» հեռուստաընկերություն), ստանալով 27 միավոր, վեցերորդ անգամ մերժվելով, հնարավորություն չստացավ վերադառնալ եթեր: Ամեն ինչ հայաստանյան իշխանությունների՝ օրենքի յուրահատուկ ըմբռնման սահմաններում է: Սակայն որքան անզուսպ է ՀՌԱՀ-ն իր անօրինական գործողություններում, նույնքան աննկուն է «Ա1+»-ը: Հերթական հայցով՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի անօրինությունների, դատարան է դիմել «Ա1+»-ը: Այս անգամ հեռուստաընկերությունը պահանջում է ՀՌԱՀ թիվ 75-Ա որոշումը չեղյալ համարել եւ պարտադրել ՀՌԱՀ-ին, որ վերոհիշյալ մրցույթում հաղթող ճանաչվի «Մելտեքս» ՍՊԸ-ն: Այս պահանջը «Մելտեքսը» հիմնավորում է նրանով, որ վերջին մրցույթում իր մրցակիցը՝ «Սինեմաքսը», հանձնաժողովին է ներկայացրել կեղծ եւ խեղաթյուրված տեղեկություններ պարունակող «Մրցութային առաջարկ» փաթեթը: Երեկ հրավիրած ասուլիսում «Մելտեքս» ընկերության նախագահ, «Ա1+» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը եւ «Ա1+»-ի շահերը հայաստանյան դատական ատյաններում եւ Եվրոդատարանում ներկայացնող Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հիմնավորեցին իրենց հայցը: Ըստ Տ. Տեր-Եսայանի, «Սինեմաքսի» ներկայացրած փաթեթում գրեթե բացակայում է «Սինեմաքսի» անունը եւ նրա ֆունկցիաների ներկայացումը: Համաձայն այդ փաթեթի, ստացվում է, որ արտոնագիրը ստանալու հայտ է ներկայացրել ոչ թե «Սինեմաքսը», այլ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Ընդ որում, «Արմնյուզը» փաթեթում հանդես է գալիս մեկ որպես հեռուստաընկերություն, մեկ որպես կազմակերպություն, մեկ որպես լրատվական ծրագիր: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը որպես լրատվամիջոց գրանցված չէ: Փոխարենը՝ «Սինեմաքս» ՍՊԸ-ն ունի պետռեգիստրում գրանցված «Սինեմաքս» հեռուստախմբագրություն լրատվամիջոցը՝ ճիշտ այնպես, որպես «Մելտեքսը» գրանցել է «Ա1+»-ը: Հետեւաբար, «Սինեմաքսը» չի կարող հայտարարել, թե «Արմնյուզն» իր հիմնադրած հեռուստաընկերությունն է: Այսինքն, այն համեմատությունը, որ անում էր ՀՌԱՀ նախագահ Ամալյանը, թե՝ «Մելտեքսն» էլ «Ա1+» անվամբ է եթեր դուրս գալիս, բացարձակապես անտեղի է: «Սինեմաքսն» ունի իր հիմնադրած հեռուստախմբագրությունը, բայց եթերում է ոչ մի տեղ չգրանցված մի կազմակերպություն: Ավելին, «Սինեմաքսի» որոշ աշխատակիցներ, ըստ «Մրցութային առաջարկ» անունը կրող փաթեթի, աշխատել են «Սինեմաքս» հեռուստաընկերությունում, ապա 2003թ. մարտի 1-ից անցել են աշխատանքի «Արմնյուզում»: Փաստորեն, ինչպես նկատեց Տ.Տեր-Եսայանը՝ «2003 թվականից 63-րդ կապուղով ամիսներ շարունակ պատրաստվել եւ հեռարձակվել է լրատվություն՝ «Արմնյուզ» անունով անհայտ հեռուստաընկերության կողմից՝ օգտագործելով սեփական հեռուստակայանը, հեռուստատեխնիկան եւ աշխատակազմը: Սակայն այդ կապուղով հեռարձակելու թույլտվություն, բացի «Սինեմաքս» ՍՊԸ-ից, ոչ մի այլ լրատվամիջոցի չի տրվել»: Այլ խոսքերով, «Սինեմաքսը» խախտել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի» մի քանի հոդվածներ, իսկ ՀՌԱՀ-ը, փոխանակ միջոցներ կերառեր, անտեսել է անօրինությունները եւ կատարել ավելի մեծ անօրինություն՝ արտոնագիր է տվել «Սինեմաքսին»: Ինչպես նկատեց Մեսրոպ Մովսեսյանը, դա ՀՌԱՀ-ի կողմից թույլ տված ապօրինությունների առաջին դեպքը չէ, եւ որքան խորանում է անպատժելիության մթնոլորտը, այնքան ավելի ու ավելի լկտիությամբ է արհամարհվում ժողովրդի կարծիքը եւ ՀՀ օրենսդրությունը: Պարոն Մովսեսյանը, համեմատություն կատարելով Վրաստանի վերջին օրերի իրադարձությունների հետ, նկատեց, որ ՀՀ-ում նման բան հնարավոր չէր, քանի որ մեզ մոտ չկա «Ռուսթավի 2», որը ժողովրդին կներկայացներ ճշմարիտ լրատվություն՝ տալով նրան ընտրության իրավունք: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ.Գ. Ինչպես նկատեց Տիգրան Տեր-Եսայանը, եթե ապացուցվի, որ ՀՌԱՀ-ը գիտակցաբար է աչք փակել «Սինեմաքսի» ներկայացրած կեղծ եւ խեղաթյուրված տեղեկությունների վրա, ապա դա «արդեն քրեական ոլորտից է», քանի որ ՀՌԱՀ-ի այդ արարքը կարող է որակվել որպես իշխանազանցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել