Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռը կհաղթահարեն միայն քաջերը

Նոյեմբեր 25,2003 00:00

Ձմեռը կհաղթահարեն միայն քաջերը Օրերս Գյումրիի քաղաքապետը հայտնեց, որ Անի թաղամասը չի ջեռուցվելու։ Սա մեծ իրարանցում ու դժգոհություններ առաջացրեց բնակիչների շրջանում: Բանն այն է, որ բնակիչները սպասում էին, որ ամեն տարվա պես ջեռուցում կունենան, ուստիեւ ձմռանը բացարձակապես չէին նախապատրաստվել: Իսկ չգազիֆիկացված, էլեկտրաէներգիայի նորմալ մատակարարումից զուրկ թաղամասում միակ հույսը թերեւս վառելափայտն է, որն էլ ներկա պահին առասպելական գների է հասել. եւ՛ թանկ է (1 խմ-ն՝ 20-27000 դրամ), եւ՛ դեֆիցիտ: Բետոնապատ շենքերի ներսի ջերմաստիճանը դրսինից շատ քիչ է բարձր: Ա. Խաչատրյան փ. 31 շենքի բնակչուհի Սուսաննա Մացոյանը դժգոհությամբ պատմում էր, որ իր երեք մանկահասակ թոռներն արդեն հասցրել են թոքաբորբով հիվանդանալ, իրենք էլ մի սենյակում կուչ եկած են ապրում՝ վերարկուները ոչ մի վայրկյան չհանելով: Այս խնդրի հետ կապված փորձեցինք որոշակի մանրամասներ իմանալ նորաստեղծ «Տաք ձմեռ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մովսես Ջուհարյանից: Վերջինիս տեղեկություններով, տասը տարվա ընթացքում բնակչության պարտքի ընդհանուր չափը 800 մլն դրամ է կազմում, կառավարության պարտքն էլ՝ 780 մլն դրամ: Եվ չնայած քաղաքապետարանի՝ այս տարվա համար 50 մլն դրամ փոխանցելու պատրաստակամությանը, կառավարությունը դեռեւս զիջելու որոշում չի կայացրել: Ըստ Ջուհարյանի, իրենք տեխնիկապես վերազինվել են եւ վնասազերծման աշխատանքներ են կատարել: Մայիսյանում տեղակայված «Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրի Ջերմո» մասնաճյուղից էլ հայտնում են, որ իրենք ստիպված են բոլոր փորձարկումները դադարեցնել։ Այս տարի անգամ Մայիսյան գյուղն է տուժելու, քանի որ իրենք փոքրիկ տարածքի համար «Ջերմոն» չի պատրաստվում աշխատել: Վարձավճարները պարտաճանաչորեն մուծած որոշ բնակիչներ զայրացել են, որ այս մասին իրենց նախապես տեղյակ չեն պահել: Թեեւ նշենք, որ բնակիչների պարտքի չափերին կարելի է կասկածել. Կադաստրի պետական կոմիտեի Գյումրու մասնաճյուղի տրամադրած տեղեկությունների համաձայն, վերջին երեք տարում՝ 2000-03-ին միայն բնակարանների գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագրով Անի թաղամասում 425 բնակարան է վաճառվել: Մեր հաշվարկներով, այս թաղամասում ընդհանուր չափով ջեռուցման համար 63 մլն 750 հազար դրամ է մուծվել: Չնայած Մովսես Ջուհարյանը պնդում է, որ բնակիչների 800 մլն դրամ պարտքի չափը հաշվարկվել է՝ այս տվյալները հաշվի առնելով: Ու մինչեւ կառավարությունը երկար- բարակ որոշումներ է կայացնում ու մեղքը միայն բնակիչների մեջ տեսնում, որոշ բժիշկների կանխատեսմամբ՝ այս թաղամասից մինչեւ գարուն միայն քաջերն են կենդանի մնալու: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել