ԻՆՔՆԱԹԻՌԸ «ԿՈՐԱՎ» 6 ԺԱՄՈՎ «Հայկական սերվիս» «Արմավիայում» եւ «Զվարթնոցում» Նոյեմբերի 15-ին Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում։ Ավելի ստույգ, հարկադիր կանգառը նախատեսել է թիվ 510 չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերությունը, բայց «մոռացել» է այդ մասին տեղեկացնել ուղեւորներին, նրանց ճանապարհողներին, ինչպես նաեւ՝ «Զվարթնոց» օդակայանի տեղեկատու ծառայությանը։ Խմբագրություն ահազանգած Մարինե Մանուկյանն այդ չվերթով Մոսկվա է ճանապարհել իր տարեց մորը, որտեղից վերջինս պետք է նույն օրը մեկներ Համբուրգ։ Սակայն ինքնաթիռը Մոսկվա է ժամանել նախատեսվածից 6 ժամ անց, մեծ անհանգստություն պատճառելով թե՛ ուղեւորներին, թե՛ նրանց ճանապարհողներին ու դիմավորողներին։ «Ոչ մեկը չգիտեր ու չէր պատասխանում, թե որտեղ է անհետացել ինքնաթիռը. ոչ հաշվառման բաժինը, ոչ տեղեկատուն։ Միեւնույն ժամանակ մայրս կորցրեց Համբուրգի տոմսն ու այնտեղ հասավ միայն 3 օր անց»,- պատմեց Մ. Մանուկյանը։ «Այդ օրը «Զվարթնոց» օդակայանը չկարողացավ ապահովել մեզ անհրաժեշտ վառելանյութով եւ մենք ստիպված էինք հարկադիր կանգառ անել մոտիկ օդանավակայանում»,- «Առավոտի» խնդրանքով պարզաբանեց «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Նիկիտինը։ (Ավելի ուշ տեղեկությունը հաստատեցին «Զվաթնոցից»)։ Պարոն Նիկիտինը հայտնեց նաեւ, որ նույն օրը «կանգառներով» են տեղ հասել նաեւ «Աերոֆլոտի» եւ «Սիբիր ավիաուղիների» թռիչքագծերից օգտվողները։ Ժամանակին ուղեւորներին այդ մասին չզգուշացնելու պատճառն, ըստ պարոն Նիկիտինի, կրկին «Զվարթնոցն» է եղել. «Վառելիք բերող մեքենաներն ուշացել էին Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով, եւ մինչեւ վերջին վայրկյանը օդակայանից մեզ հույս էին տալիս, թե՝ գուցե կարողանան լիցքավորել, մենք էլ սպասում էինք, չէինք հայտնում եւ ստիպված էինք այդ մասին տեղեկացնել ուղեւորներին արդեն ինքնաթիռի մեջ»։ Տեղեկատու ծառայությունն էլ է «Զվարթնոցինը», եւ «Արմավիան» նրա աշխատանքի համար պատասխանատվություն չի կրում, իսկ «Դոմոդեդովոյում», չեմ կարծում, որ հայտարարած չլինեն, քանի որ Ռուսաստանի լավագույն օդակայաններից է»։ Ստացվում է, «Զվարթնոցը» մեղք չունի՝ Վրաստանն է մեղավոր, «Արմավիան» մեղք չունի՝ «Զվարթնոցն» է մեղավոր կամ՝ հակառակը։ Նկատենք, որ ուղեւորի թռիչքն ապահովում է ավիաընկերությունը, հետեւաբար իրավահարաբերությունները պիտի կարգավորվեն այդ երկուսի միջեւ։ Պարոն Նիկիտինը դրան դեմ չէ, բայց գտնում է, որ այս իրավիճակը պետք է համարել «ֆորս-մաժորային», որը մի կետով ամրագրված է նաեւ ուղետոմսում։ Այսինքն, «ֆորս-մաժորային հանգամանքների» տակ ուղեւորը պետք է ենթադրի ամեն ի՞նչ։ Իսկ նյութական վնաս կրած ուղեւորին «Արմավիայի» գլխավոր տնօրենը խորհուրդ տվեց փոխհատուցման համար դիմել «Զվարթնոցին», պատճառաբանելով, թե՝ «մենք փող ունեինք, պատրաստ էինք վառելիք գնել ու թռչել նախանշված գրաֆիկով, պայմանագրով «Զվարթնոցը» պիտի ապահովեր վառելիքի պաշար, չի ապահովել, մե՞ր մեղքն է»։ Դե, իսկ մեր օդակայանն էլ, հավանաբար, պետք է փոխհատուցում խնդրի Վրաստանի ընդդիմությունից (այժմ՝ իշխանությունից)։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ