Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ ՈՒՂԵՐՁԸ

Նոյեմբեր 25,2003 00:00

ԱԺՄ ՈՒՂԵՐՁԸ Վրաց ժողովրդին, առաջնորդներին, Վրաստանի նախագահի պաշտոնակատար տիկին Բուրջանաձեին Ազգային ժողովրդավարական միության անունից ողջունում ենք վրաց ժողովրդին հանուն Վրաստանի առաջընթացի, ժողովրդավարացման, օրինական իշխանությունների ձեւավորման եւ արժանապատիվ ապրելու համար պայքարում ձեռք բերած հաղթանակի համար։ Ուշադիր հետեւելով Վրաստանում ընթացող իրադարձություններին, մեր հիացմունքն ու համակրանքն ենք հայտնում վրաց ժողովրդի հաստատակամությանը եւ ընդդիմության վճռականությանը, ինչպես ընտրությունների, այնպես էլ արդյունքների ամփոփման ընթացքում կեղծիքների դեմ եւ հանուն արդարության անզիջում պայքարում։ Ուրախալի է եւ ոգեւորիչ, որ վրաց ժողովուրդը ընդդիմության գլխավորությամբ, ոչ միայն չընդունեց ապօրինի իշխանությանը եւ չմասնակցեց այդ իշխանությունների օրինականացմանը, այլ վճռական, խաղաղ եւ համառ պայքարի շնորհիվ ազատվեց նաեւ այդ իշխանության խորհրդանիշ հանդիսացող նախագահից։ Ողջունելի է նաեւ, որ էքսնախագահ Շեւարդնաձեն կարողացավ դրսեւորել քաղաքական կամք եւ հրաժարվեց ուժի դիմելու, ազգամիջյան բախումներ հրահրելու, արյունահեղության միջոցով իր իշխանությունը պահպանելու եւ երկարաձգելու գայթակղությունից, ինչին փորձում էին նրան դրդել նաեւ որոշ ուժեր։ ԱԺՄ-ն գտնում է, որ հարավկովկասյան հանրապետություններում օրինական, ժողովրդավարական իշխանությունների առկայության պայմաններում է միայն հնարավոր պահպանել զարգացում ապահովող տարածաշրջանային կայունություն, խաղաղ ճանապարհով լուծել առկա խնդիրները, հաստատելով կայուն եւ երկարատեւ խաղաղություն, նպաստելով տարածաշրջանի երկրների համագործակցությանը։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարություն դավանող երկրները եւ միջազգային հանրությունը կաջակցեն Վրաստանին, առաջիկայում օրինական եւ արդար ընտրություններով իշխանություններ ձեւավորելու, երկրում կայունություն եւ օրինականություն հաստատելու համար, որպես օրինակ հարեւան երկրներին եւ ժողովուրդներին։ ԱԺՄ նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել