Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՆՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՄՏԱԾԵՆՔ

Նոյեմբեր 25,2003 00:00

ՆԱԽԱՆՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՄՏԱԾԵՆՔ Վրաստանում նախագահ փոխվեց: Հիմա մեր քաղաքական գործիչները, մեկնաբաններն ու սովորական քաղաքացիները կասեն. 1. Սա ԱՄՆ-ի (Արեւմուտքի) դավադրությունն է: Իշխանությունը պահպանելու համար Շեւարդնաձեն կախվել էր Պուտինի փրփուրներից: 2. Սա Ռուսաստանի դավադրությունն էր՝ 10 տարի շարունակ Շեւարդնաձեն ազդում էր ռուսների նյարդերին: 3. Վրացիները մեզնից լավ ժողովուրդ են՝ նրանց ընտրողները կարողացան տեր կանգնել իրենց ձայներին, մենք՝ ոչ: 4. Վրացական ընդդիմությունն ավելի լավն էր, քան մերը՝ ավելի մարտական, վճռական, անզիջում եւ այլն: Եվ այդ ամենը (գուցե բոլորը միասին) ճիշտ է: Սխալ են էմոցիաները՝ ա՜խ, երնեկ վրացիներին: Ընդ որում, այդ էմոցիաները մեզ մոտ գրեթե համընդհանուր են, որովհետեւ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է իր կյանքից: Սակայն նախանձելուց առաջ արժե մի պահ մտածել, թե ինչ է սպասվում Վրաստանին մոտակա ամիսներին: Պատասխանն ակնհայտ է. ա/ տնտեսական ցուցանիշների եւ, հետեւաբար, սոցիալական վիճակի վատթարացում, բ/ առանց այդ էլ թույլ եւ չձեւավորված պետական ինստիտուտների աշխատանքի կազմալուծում, գ/ Թբիլիսի-Բաթումի հարաբերությունների սրում եւ, ընդհանրապես, անջատողական տրամադրությունների վերելք: Հեղափոխությունը (որքան էլ այն թավշյա լինի) չի կարող բացասական հետեւանքներ չունենալ: Մեզ նման փոքր եւ փխրուն պետություններում այդ հետեւանքները կարող են ճակատագրական լինել: Հայաստանին, ինչ խոսք, պետք է իշխանափոխություն եւ պետք է օրինական, ընտրված իշխանություն: Բայց դրա միակ ընդունելի ձեւը հետեւյալն է. իշխանությունը պարտվում է ընտրություններում, արժանապատվորեն ընդունում է իր պարտությունը եւ քաղաքակիրթ, օրինական ձեւով հանձնում է իշխանությունը ընտրություններում հաղթողներին: Մի 50 տարի հետո Հայաստանում հենց այդպես էլ կլինի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ի ԴԵՊ Հայաստանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Արեւելյան դեպարտամենտի ղեկավար Սայմոն Բաթը երեկ այցելել է ՀԺԿ գրասենյակ եւ հանդիպել Ստեփան Դեմիրճյանի հետ։ Նույն օրը պրն Բաթը մեկնեց Վրաստան։ Սեփ լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել