Ընդդիմությունը «կոգեւորվի», բայց եւ «կսթափվի» «Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին կայունությունը Հայաստանում էլ ավելի մեծ արժեք է ներկայացնում միջազգային հանրության համար»: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսին, որն ի սկզբանե հրավիրվել էր բոլորովին այլ նպատակներով, սակայն, հասկանալի պատճառներով, ունեցավ զգալի թեմատիկ շեղումներ: Ինչպես եւ կարելի էր սպասել, պաշտոնական մեկնաբանությամբ Հայաստանը Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից ավելի շատ շահել է, քան կորցրել: Այսպես. ըստ պրն Օսկանյանի, «այսօր մենք Հարավային Կովկասի իսկապես ամենակայուն եւ հուսալի երկիրն ենք, եւ Հայաստանը կարող է լուրջ քաղաքական դիվիդենդներ ստանալ դրանից»: «Առավոտ»-ի «ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել Վրաստանում եւ Հայաստանում կայացած ընտրությունների միջեւ» հարցին ի պատասխան, Վարդան Օսկանյանը նշեց, թե ինքնին խոսուն են միջազգային արձագանքները: Ըստ այդմ՝ վրաստանյան ընտրություններն ընդհանուր առմամբ գնահատվել են իբրեւ «ժողովրդի կամքը չարտահայտող», մինչդեռ Հայաստանի դեպքում գնահատականները շատ ավելի մեղմ են եղել (՞): Մեր հաջորդ հարցին՝ «ըստ ձեզ, արդյոք Վրաստանում տեղի ունեցածը կոգեւորի՞ Հայաստանի ընդդիմությանը», Վ. Օսկանյանը փոքր-ինչ անհասկանալի պատասխան տվեց. «Կարող է եւ ոգեւորի, բայց եւ կսթափեցնի»: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ արտգործնախարարի, Հայաստանը գոհ է հարեւան երկրի ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումից: «Հայաստանն անհանգստությամբ հետեւում էր Վրաստանում ծավալվող իրադարձություններին, որոնք, բարեբախտաբար, անցան առանց բռնության եւ մեծ ցնցումների»,- նշեց Վարդան Օսկանյանը, ավելացնելով. «Վրաստանը մեր հարեւանն է, մենք երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ ունենք, եւ մենք աշխատելու ենք այդ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ»: Նախարարն անդրադարձավ նաեւ իր եւ Թուրքիայի արտգործնախարար Գյուլի միջեւ կայացած հեռախոսազրույցին, որի ընթացքում Վ. Օսկանյանը ցավակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի կապակցությամբ: Ի դեպ, երկու երկրների արտգործնախարարների հերթական, այս տարվա ընթացքում երրորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա դեկտեմբերի սկզբին Բրյուսելում` Եվրո-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) անդամ-երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում: Խոսելով «Բաքու-Ջեյհան» նավթատարի մասին, Վարդան Օսկանյանը նշեց, թե դրա կառուցումից հետո Ադրբեջանի համար ավելի դժվար կլինի ԼՂ խնդիրն ուժային ճանապարհով լուծելը, «քանի որ Բաքուն ստիպված կլինի հաշվի առնել այս նախագծին հսկայական միջոցներ տրամադրող արեւմտյան ներդրողների կարծիքները», իսկ նավթատարն ընդհանուր առմամբ «կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»: Ի դեպ, Մինսկի խմբի համանախագահները, Վ. Օսկանյանի հաղորդմամբ, տարածաշրջան են ժամանելու դեկտեմբերի 5-8-ը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ