«Մեզ մոտ գործընթացը չի ավարտվել» Ասում է Ստեփան Դեմիրճյանը Երեկ Վրաստանի դեպքերի մեկնաբանություն-գնահատականներ խնդրեցինք «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանից եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից։ ՀԺԿ նախագահը, պատասխանելով մեր հարցին՝ վրացական կայացած հեղաշրջման եւ մեր՝ չկայացածի մասին, ասաց. «Նախ՝ մենք ողջունում ենք Վրաստանի ժողովրդին ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ։ Զուգահեռներ անցկացնելը ճիշտ չեմ համարում, եւ ուզում եմ ասել, որ մեր տեսակետները, գնահատականներն ու նպատակները հայտնի են ու չեն փոխվել։ Այսինքն՝ մենք չենք համակերպվել ոչ լեգիտիմ իշխանության հետ եւ առաջնահերթ ենք համարում օրինական իշխանության հաստատումը եւ ոչ լեգիտիմ նախագահի հեռացումը։ Սա մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կամքն է եւ որը կիրականացվի հնարավորինս արագ։ Ո՞վ ասաց, թե մեզ մոտ գործընթացն ավարտվել է, ո՞վ ասաց, թե մենք համակերպվել ենք ոչ լեգիտիմ իշխանության հետ։ Ես համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը նույնպես հաղթանակելու է»։ Մեր հարցին՝ Վրաստանի օրինակը արդյո՞ք հետեւությունների տեղիք չի տալիս, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «հետեւություններ թող անի ոչ լեգիտիմ նախագահը»։ Ի՞նչ տարբերություն կար Վրաստանի եւ Հայաստանի ընդդիմությունների միջեւ եւ ինչո՞ւ այն, ինչ չհաջողվեց Հայաստանում, հաջողությամբ պսակվեց Վրաստանում։ «Առավոտի» այս հարցին պատասխանելով, Արամ Զավենի Սարգսյանն ասաց. «Առաջին հերթին կուզենայի շնորհավորել վրաց ժողովրդին եւ Վրաստանի այսօրվա իշխանություններին՝ փայլուն եւ դեմոկրատական հաղթանակի համար։ Միանշանակ, բարի նախանձով եմ նայում այդ երկրին, այնտեղ տեղի ունեցած գործողություններին եւ պիտի ասեմ, որ մինչեւ առավոտ իրենց ուրախությունը կիսել եմ իրենց հետ։ Վրաստանի գործընթացները ցույց տվեցին, որ այն պետությունները, որտեղ ղեկավարները գնում են ընտրությունների խախտման, ուղղակի դատապարտված են։ Վրաստանի գործընթացները ես տեսնում եմ ռեգիոնալ գործընթացների շրջանակներում։ Այսինքն՝ Վրաստանով չվերջացավ, համոզված եմ, որ շղթայական ռեակցիա է սկսվելու (Ադրբեջանին ուղղակի նավթային ռեսուրսների պատճառով որոշակի ժամանակ տրվեց) եւ շարունակություն է ունենալու նաեւ Հայաստանում։ Եթե Վրաստանում Շեւարդնաձեի հասցեին մեղադրանքներ են հնչում ընտրությունները կեղծելու եւ մի քանի մանր ու միջին տնտեսական հարցերի հետ կապված, Հայաստանում գործող իշխանությունների հանդեպ մեղադրանքները շատ ավելի կոնկրետ ու լուրջ են։ Հաջորդը՝ Վրաստանի իշխանավորները, ի տարբերություն Հայաստանի, իրենց վրա չվերցրին կեղծիքների խարանը եւ չգնացին ընդդեմ ժողովրդի կամքի եւ իրենք էլ այսօր իրենց ժողովրդի հետ տոնում են ժողովրդավարական հաղթանակը։ Սա հրաշալի դաս է մեր իշխանավորների համար եւ, կարծում եմ, այս դասից մեր իշխանավորները կօգտվեն շատ շուտով»։ Մեր հարցին՝ այդ շղթայական ռեակցիան երբ կհասնի Հայաստան, Արամ Սարգսյանն ասաց. «Ես հակված եմ, որ հնարավորինս շուտ հասնի եւ հասնի մեր սպասածից մեկ օր առաջ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ