Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ՉԷ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 25,2003 00:00

Ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությանը հաջողվեց այն, ինչ տարիներ շարունակ չի հաջողվում հայ ընդդիմադիրներին: Մեկնաբանում է ԱԺՄ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Վազգեն Մանուկյանը:

– Վրաստանի համեմատ մեր իշխանությո՞ւնն է ավելի ուժեղ, ընդդիմությո՞ւնն ավելի թույլ, թե՞ ժողովուրդն է անպատրաստ երկարատեւ պայքարի:

– Վրաստանի ե՛ւ ընդդիմությունն էր ավելի վճռական, ե՛ւ ժողովուրդն է ավելի քիչ հարմարվող, ե՛ւ իշխանությունն էլ ավելի բարեկիրթ էր: Դեռ մի կողմ թողնենք արտաքին ազդակները, որոնց դերը չեմ ուզում գերագնահատել: Վրաստանում կատարվածն ամենաակնառու նմանությունն ուներ մեր 1996-ի ընտրությունների հետ: Մի տարբերություն կար՝ Հայաստանի իշխանությունը գնաց կրակոցներով հարցերը լուծելու ճանապարհով: Ունեցածս տեղեկատվության համաձայն՝ 1996-ին ե՛ւ ՆԳՆ-ն, ե՛ւ ՊՆ-ն հակված չէին միջամտել, ու առավել հակված էին լինել ժողովրդի հետ միասին, սակայն օգտագործվեցին ջոկատները:

– 2003-ի ընտրություններում էլ, ըստ որոշ լուրերի՝ «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ էր դիմել ուժային լուծումների, սակայն ընդդիմության առաջնորդներից մեկը կտրուկ դեմ էր եղել այդ տարբերակին:

– Չեմ հիշում, թե «Հանրապետությունն» արած լինի նման որեւէ առաջարկ: Բացի այդ՝ Ստեփան Դեմիրճյանին էլ եմ ասել, որ այս ընտրություններում պատասխանատվությունն ինքն է կրում, եւ ինքը պետք է որոշումներ ընդունի, ինչպես 1996-ին ես էի ընդունում: Ե՛վ դրական, ե՛ւ բացասական ընթացքի դեպքում Ստեփան Դեմիրճյանն էր պատասխանատու լինելու: Կարող եմ կողքից խորհուրդներ տալ, բայց ես չէի հարցը որոշողը:

– Ո՞րն է պատճառը, որ ե՛ւ 1996-ի, ե՛ւ 2003-ի, ե՛ւ անգամ մեր վերջին խաղաղ հանրահավաքի ժամանակ Հայաստանի իշխանությունն անմիջապես զորք է դուրս բերում ժողովրդի դեմ: Իսկ Վրաստանի իշխանությունը մինչեւ վերջ ձեռնպահ մնաց ուժային լուծումներից: Պատճառը միայն ա՞յն էր, որ բանակն ու ոստիկանությունը երես էին թեքել Էդուարդ Շեւարդնաձեից:

– Բոլոր հանրապետություններում կանոնավոր բանակները ձեւավորվեցին ջոկատների հիման վրա: Բայց ժամանակի ընթացքում կամաց-կամաց բանակի ղեկավարությունն անցնում էր ավելի քաղաքակիրթ ու քաղաքական գործիչների ձեռքը: Չենք կարող ասել, թե մենք ավելի ծանր ճանապարհով ենք անցել՝ Վրաստանն էլ է պատերազմ տեսել, եւ հիմա էլ է ավելի ծանր վիճակում: Բայց բանակը չի դարձել Վրաստանի պետության գլխավոր մասը. զբաղեցնում է իր տեղը քաղաքական դաշտում: Հայաստանում բանակն առանձնահատուկ դեր է կատարում: Համարձակություն ունեմ պնդելու, որ երբ ես ՊՆ նախարար էի՝ բանակը կամաց-կամաց դառնում էր քաղաքակիրթ կառույց: Իմ դուրս գալուց հետո փոփոխություններ տեղի ունեցան եւ նորից հետադարձ արձանագրվեց: Բանակը շարունակում է Հայաստանում դերակատար մնալ:

– Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն եւս չցանկացան աջակցել Վրաստանի նախագահին: Գուցե վճռորոշն ա՞յս գործոնն է:

– 1996-ին տեղի ունեցածը մեծ անակնկալ էր ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի համար: Ոչ մեկը չէր կարծում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարողանալու հաղթել: Թեեւ նրան կողմնակից էր ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը՝ չեղավ որեւէ միջամտություն: Շփոթվածություն կար, եւ նրանք չհասցրեցին որոշել, թե ինչպես է պետք արձագանքել: Իսկ 2003-ին արտաքին աշխարհի կողմնորոշումները զգալի էին՝ հօգուտ ընդդիմության: ՌԴ-ն, իհարկե, կուզենա այս տարածաշրջանում վերահսկողություն ունենալ՝ այդ թվում եւ՝ Վրաստանի վրա: Այդ տեսակետից Շեւարդնաձեն հարմար մարդ չէր եւ Ռուսաստանի ղեկավարությունն անընդհատ խնդիրներ էր ունենում նրա հետ: Բայց նրանք, ովքեր գալիս էին փոխարինելու Վրաստանի նախագահին՝ շատ ավելի ամերիկամետ եւ արեւմտամետ են, քան Շեւարդնաձեն: Ուստի չեմ կարծում, թե ՌԴ-ն շահագրգռված էր, որ Շեւարդնաձեն անպայման հեռանա: Ռուսաստանն առավել շահագրգռված էր, որ լինի այնպիսի փոխզիջումային լուծում, որ ինչ իշխանություն էլ լինի՝ մասամբ կախվածության մեջ լինի իրենից: Դա կլիներ այն դեպքում, եթե Շեւարդնաձեն իր իշխանությունը պահեր ՌԴ-ի օժանդակությամբ, բայց դա էլ չստացվեց: Թեեւ երեւացին այդ փորձերը՝ Աբաշիձեի հետ հանդիպումները, նրա Մոսկվա այցը եւ այլն:

– Հայաստանի ընդդիմությունն անընդհատ փորձում է իշխանություն փոխել փողոցի միջոցով: Մինչդեռ վրացական փորձն էլ է հաստատում, որ իշխանության մեջ լինելով՝ առավել հաջող է ստացվում իշխանափոխությունը:

– Ճիշտ դիտարկում է. ինչ-որ ժամանակ պետք է լինել իշխանության մեջ: Սակայն Հայաստանում պետական կառույցի մեջ աշխատելը վերջին տարիներին պահանջում է բարոյական զոհաբերություն: Եվ նրանք, ովքեր ասացին, թե կառույցներ մտնենք՝ լավացնենք դրանք, կառույցները չլավացրին եւ փչացան իրենք: Այժմ պետական կառույցի մեջ մտնողն անպայման պետք է դավաճանած լինի՝ կա՛մ իր ընկերներին, կա՛մ իր սկզբունքները: Կարծում եմ՝ դա մի քիչ էլ դիտավորյալ է արվում, որ իշխանության մեջ գտնվողն այլեւս չկարողանա վայելել ժողովրդի վստահությունը: Եվ իշխանության մեջ ներկայումս գտնվողների մակարդակն այնպիսին է, որ կարող ես ինքդ քեզ հարց տալ՝ իսկ ի՞նչ տարբերություն, եթե ներսից փոխեն ու գա մեկ ուրիշը:

– Գուցե Վրաստանի ընդդիմադիրների հաջողության բանալին նաեւ ընդդիմության միասնականությո՞ւնն էր, որ առկա չէր Հայաստանում:

– Բուրջանաձեն ու Սահակաշվիլին էլ գուցե շատ մեծ հակասություններ ունեին՝ նրանք միասնական էին միայն Շեւարդնաձեին հեռացնելու պայքարում: Մինչեւ ընտրություններ թերեւս բաժանվեն իրարից: Սակայն Հայաստանի ընտրությունների ժամանակ իմ կամ Արամ Կարապետյանի հարցը չէր՝ եթե միավորվեին Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը, շատ ավելի դժվար կլիներ 2-րդ փուլը կեղծել այնպես, ինչպես կեղծվեց: Միավորումը եւ ավելի մտածված քայլերը միգուցե բերեին հաղթանակի:

– Հայաստանում չգտնվեց եւ ոչ մի պաշտոնյա, որ ինչպես Շեւարդնաձեի խորհրդականներն էին՝ հրաժարական տար՝ չցանկանալով աշխատել ժողովրդի քվեն կեղծածի հետ: Կամ՝ ինչպես Վրաստանի պարագայում էր, մեր հեռուստաընկերությունների ղեկավարներից որեւէ մեկը չպնդեց, թե իրենք պարտավոր են անխաթար ներկայացնել նաեւ ընդդիմության տեսակետը:

– Կարծում եմ՝ տարբերություններ կան մեր ժողովուրդների միջեւ: Հայերն ունեն ծանր պայմաններում իրենց կյանքը դասավորելու փորձ: Փորձում են կյանքը փոխել եւ, եթե չի ստացվում՝ համբերությունն իրենց չի հերիքում: Իսկ վրացիներն իրենց սկզբունքների համար ավելի շատ են պայքարում: Այն, ինչ մենք կարող էինք ունենալ 1996-ից հետո՝ ժողովրդի միջոցով իշխանափոխություն, ժողովրդավարություն եւ այլն՝ այժմ ձեռք բերեց Վրաստանը: Այն դարձավ ամենահարգված պետությունն այս տարածաշրջանում եւ կունենա մեծ արդյունքներ տարբեր ասպարեզներում:

– Մեր ընդդիմությունն իր աստեղային պահը թեեւ բաց թողեց ընտրություններում, սակայն, այնուամենայնիվ՝ կարծո՞ւմ եք, թե Վրաստանի դեպքերը կունենան որոշակի ոգեշնչող նշանակություն:

– Անպայմա՛ն: Հանրահավաքում էլ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում՝ չի կարելի սպասել մինչեւ հերթական ընտրություններ: Մինչ այդ պետք է լինեն ե՛ւ նախագահական, ե՛ւ ԱԺ ընտրություններ, քանի որ այս նոր վիճակում շարունակելը նույն ճանապարհով գնալը մահացու է:

Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930